«Դիվանագիտությունը փողոցային ամբոխավարությունից այնքան հեռու է, ինչքան ներկայիս Կառավարության անդամները և ինքը` վարչապետը, պետական գործիչ լինելուց». Դավիթ Շահնազարյան. տեսանյութ

Dec 02, 2018 Comments Off on «Դիվանագիտությունը փողոցային ամբոխավարությունից այնքան հեռու է, ինչքան ներկայիս Կառավարության անդամները և ինքը` վարչապետը, պետական գործիչ լինելուց». Դավիթ Շահնազարյան. տեսանյութ

«Ներկայիս իշխանությունը հայտարարել է, որ շարունակելու է նախկին իշխանությունների քաղաքական գիծը, բայց անում է ճիշտ հակառակը: Այս 7 ամիսների ընթացքում նրանք փչացրել են հարաբերությունները աշխարհաքաղաքական բոլոր կենտրոնների հետ»,- «Կենտրոն» Հ/Ը «Հայելու առաջ» ծրագրի եթերում հայտարարեց պետական, քաղաքական գործիչ Հայաստանի հանրապետական կուսակցության (ՀՀԿ) համամասնական ցուցակի 3-րդ համար Դավիթ Շահնազարյանը` հավելելով, որ մենք արդեն կորցրել ենք ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը, ինչը շատ մեծ կորուստ է, թեպետ վարչապետի պաշտոնակատարը երեկ հայտարարեց, որ դա այնքան էլ մեծ կորուստ չէր մեզ համար:

Նա նաև նշեց, որ Փաշինյանը կանխամտածված մեզ թշնամի երկիր դարձրեց Ղազախաստանը և Բելառուսը` նման տոնով իրեն արտահայտություններ անել թույլ տալով այդ երկրների նախագահների հասցեին, և թեպետ Ղազախստանի նախագահը չարձագանքեց, բայց այդ երկրում հայտնի վերլուծաբաններից մեկը 2 օր առաջ գրած իր հոդվածում ուղղակիորեն վիրավորել է հայ ժողովրդին:

«Ես, իհարկե, խորհուրդ եմ տվել վարչապետին, որ ինքը չմասնակցի դեկտեմբերի 6-ի նիստին, բայց չեմ կարծում, որ նման ամբիցիոզ անձնավորությունը կարող է որևէ հարցի լուրջ մոտենալ: Որևէ կասկած չունեմ, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում կշարունակի մնալ տեղակալը` Սեմերյակովը, առնվազն մեկ տարի, որից հետո արդեն Հայաստանը վետոյի իրավունք կկիրառի, և Բելոռուսը չի ստանա գլխավոր քարտուղարի պաշտոնը, և էլի կմնա Սեմերյակովը: Վետոն քաղաքականության մեջ թուլության նշան է, և հետո այն միամգամից ցույց է տալիս, որ ՀԱՊԿ-ի ձևական առումով մեր դաշնակից գործընկերները կողմ են Ադրբեջանի` այդ կառույցին անդամակցությանը, և մենք ոչինչ չենք կարողանում անել: Պետք էր ուղղակի դիվանագիտորեն կարողանալ բացատրել, որ ՀԱՊԿ-ում դիտորդի կարգավիճակ չի կարող ունենալ մի երկիր, որի հետ մենք չունենք դիվանագիտական հարաբերություններ ու խաղաղության պայմանագիր»,- ասաց Դ. Շահնազարյանը` հավելելով, որ դիվանագիտությունը փողոցային ամբոխավարությունից այնքան հեռու է, ինչքան ներկայիս Կառավարության անդամները և ինքը` վարչապետը, պետական գործիչ լինելուց:

Ըստ Դ. Շահնազարյանի` վարչապետը ՀԱՊԿ-ի հարթակը դարձրել է թշնամանքի հարթակ, և անթույլատրելի է այդ մակարդակում այդ լեզվով խոսել` ասելով, թե պատասխան է պահանջելու Բելառուսի նախագահից, քանի որ դա ուղղակի վիրավորանք է` որպես օրինակ բերելով այն, որ երկու գերտերությունների` ԱՄՆ-ի և Ռուսաստանի ղեկավարները երբևէ նման տոնով որևէ երկրի ղեկավարի մասին չեն խոսել, և ակնհայտ է մի բան, որ արտաքին քաղաքականությունը ոչ թե թշնամիների թիվն ավելացնելու համար է, այլ պակասեցնելու համար:

ԱԱԾ նախկին տնօրենը նկատեց նաև, որ Աստանայի հանդիպումից հետո, բարձրաձայնելով այն մասին, որ այդպիսի հանդիպումների ժամանակ վեճեր են ու մեծ լարվածություն է լինում, վարչապետն ըստ էության, իրեն օտարացրեց Կազմակերպության անդամ մյուս երկրների ղեկավարներից, որովհետև երբևէ Հայաստանի որևէ նախագահ որևէ մանրամասն չի բացահայտել այդ մակարդակի հանդիպումներից, ու պատահական չէ, որ նիստից հետո Ղազախստանի նախագահ Նազարբաևի կողմից տրված ընթրիքին Նիկոլ Փաշինյանը ներկա չի եղել:

Սղագրությունը` 168.am-ի

Գլխավոր Թողարկում, Հարցազրույց
Մեկնաբանությունները փակ են: