Ես ուղղակի կոչ կանեի, որ Նիկոլ Փաշինյանն այդպիսի բան չանի. Ատոմ Մխիթարյան

Nov 28, 2018 Comments Off on Ես ուղղակի կոչ կանեի, որ Նիկոլ Փաշինյանն այդպիսի բան չանի. Ատոմ Մխիթարյան

Հարցազրույց «Լուսավոր Հայաստան» կուսակցության թիվ 2 ընտրատարածքի ռեյտինգային թեկնածու, ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնի դասախոս, ֆիզմաթ գիտությունների թեկնածու Ատոմ Մխիթարյանի հետ: 

-Պարո՛ն Մխիթարյան, որոշել եք գիտական ոլորտից անցում կատարել դեպի քաղաքականություն. Լուսավոր Հայաստան կուսակցության կողմից ռեյտինգային կարգով առաջադրվել եք պատգամավորության թեկնածու: Ես տեղյակ եմ, որ սա պատգամավոր դառնալու Ձեր առաջին փորձը չէ: Հիշում եմ՝ տարիներ առաջ առաջադրվել էիք «Արդարություն» կուսակցության կողմից: Այդ կուսակցությունը հիմա կա՞, թե՞ ոչ: Եթե չեմ սխալվում՝ Դուք դրա հիմնադիրներից էիք:

– «Արդարություն» կուսակցությունը ստեղծվել է 1999 թվականին, բայց ստեղծողը ես չեմ: Այդ կուսակցության առաջարկով  մի շարք երիտասարդական կառույցների ղեկավարներ, ակտիվիստներ, որոնց թվում նաև ես, 2003 թվականին, երբ դեռ 25-30 տարեկան էինք, մասնակցեցինք Ազգային ժողովի ընտրություններին: Այս կուսակցության ցուցակում այն ժամանակ ընդամենը մեկ կուսակցական կար՝ կուսակցության նախագահ Արթուր Բալոյանը, մնացած բոլորս անկուսակցականներ էինք: Այն ժամանակ օրենքը թույլ էր տալիս, որ կուսակցությունը ներկայացներ ցուցակ, որտեղ բոլորն անկուսակցականներ էին, և մենք որշեցինք փորձել մեր ուժերը:

-Փորձեցիք ու չանցաք. արդյունքները հիշո՞ւմ եք:

Մոտավորապես այնքան ձայն հավաքեցինք, որքան, օրինակ, ՀՀՇ-ն, Խոսրով Հարությունյանի Քրիստոնեա-դեմոկրատական կուսակցությունը… Այն ժամանակ մենք, իհարկե, հետնապահների խմբում էինք, բայց, կարծում եմ, որ 25-30 տարեկան երիտասարդների համար կանխատեսելի արդյունք էր:

Դրանից հետո, օրինակ, Ձեր ասած Խոսրով Հարությունյանը մերձեցավ ՀՀԿ-ի հետ, իսկ Ձեր ցուցակում ներկայացվածներն ի՞նչ ճանապարհ ընտրեցին:

Մեր ցուցակից ևս եղան մարդիկ, ովքեր դարձան ՀՀԿ-ական, օրինակ՝ Արսեն Քարամյանը, որը ցուցակում երրորդն էր: Բայց մեծ մասը քաղաքականությունը թողեց և ամեն մեկը զբաղվեց իր մասնագիտությամբ: Պետք է ասեմ, որ բոլորն էլ իրենց ոլորտներում կայացած մարդիկ են, ինչպես ասում են՝ լավ օրինակ են հասարակության համար: Օրինակ ԵՊՀ պրոռեկտոր Ռուբեն Մարկոսյանը անկուսակցական է, առաջին համարը՝ «Փյունիկ» միության նախագահ Հակոբ Աբրահամյանը ևս անկուսակցական է, ես, որ երկրորդն էի, դարձյալ անկուսակցական եմ: Այդ օրերից անցել է 15 տարի: Քանի որ այժմ Հայաստանում իրավիճակ է փոխվել, որոշեցինք նոր քայլ անել և մեր ներկայությամբ հարստացնել քաղաքական ներկապնակը: Ի սկզբանե մտածում էինք վերակենդանացնել Արդարություն կուսակցությունը: Հույս ունեինք, որ ընտրությունները տեղի կունենան գալիք տարվա մայիսին, և մենք կհասցնենք կուսակցությունը ակտիվացնել ու ինքնուրույն մասնակցել ընտրություններին: Բայց քանի որ ընտրություններն ավելի վաղ են տեղի ունենում, մենք հասկացանք, որ չենք կարող ինքնակազմակերպվել. ժամանակը քիչ է:

-«Լուսավոր Հայաստան» կուսակցության հետ ի՞նչ կապ ունենք:

Երևանի ավագանու ընտրություների ժամանակ աջակցում էինք «Լույս» դաշինքին, և այս ընթացքում հաջող համագործակցություն ձևավորվեց: Եվ դա առիթ դարձավ, որ այդ դաշինքի հետ ձևավորվեն նորմալ հարաբերություններ: Ստացվեց այնպես, որ «Լույս» դաշինքը ևս լուծարվեց, և ԱԺ ընտրություններին« Լույսի» կազմում ընդգրկված ուժերը մասնակցում են Լուսավոր Հայաստան կուսակցության և «Մենք» դաշինքի ձևաչափով: Մենք երկու կողմից էլ առաջարկներ ենք ստացել և մեզանից շատերն ընդգրկված են « Լուսավոր Հայաստան» կուսակցության, որոշներն էլ «Մենք» դաշինքի ցուցակներում:

Մենք դաշինքի ցուցակում ընդգրկված է նաև Ձեր տիկինը՝ ԵՊՀ դասախոս Աստղիկ Ավետիսյանը: Փաստորեն ամուսիններով որոշել եք քաղաքական տարբեր ճանապարհներով գնալ: Հիմա ձեր համախոհներն ու աջակիցմները ինչպե՞ս են կողմնորոշվելու՝ Ձե՞զ ընտրեն, թե՞ Ձեր տիկնոջը:

-Երևի գիտեք, որ մամուլում մեզ արդեն Սարոյան ամուսիններ են անվանել: Իմ ու Աստղիկի օրինակը ցույց է տալիս, որ Հայաստանում տեղի է ունենում քաղաքական պրոցեսների թարմացում: Նախկինում այսպիսի բան հնարավոր չէր պատկերացնել: Բայց այս երևույթին պետք է շատ նորմալ վերաբերվել. այո՛, մարդիկ կարող են նույն ընտանիքում ապրել, այր ու կին լինել, բայց նաև տարբեր ցուցակներով գնալ դեպի խորհրդարան: Ինչ վերաբերում է նրան, թե մեր համախոհները ում են ձայն տալու. գիտե՞ք՝ անցել են այն ժամանակները, երբ կարելի էր հայտարարել, թե այսինչ մարդն այս կամ այն թաղամասում այսքան ձայն ունի: Յուրաքանչյուրն ունի մեկ ձայն, և այդ մարդն ինքը կորոշի՝ ում տալ այդ մեկ ձայնը: Ամեն ինչ կախված է քարոզարշավից՝ թե ինչպես  կներկայանանք ընտրողին, ինչպես կհասնենք նրա վստահությանը:

-Դուք ինքներդ ի՞նչ եք անելու՝ Ձե՞զ եք քվեարկելու, թե՞ Ձեր կնոջը:

Բարեբախտաբար մենք նույն ընտրատարածքում չենք առաջադրվել. ես ընտրելու եմ Երևանում՝ ինձ եմ ձայն տալու, Աստղիկն առաջադրվել է Գեղարքունիքում, նա էլ այնտեղ է քվեարկելու՝ կարծում եմ՝ ինքն իր օգտին:

-«Լուսավոր Հայաստանը» ընտրություններին մասնակցում է որպես հեղափոխությանն աջակցող, այդ արժեքները դավանող քաղաքական ուժ: Ինչո՞ւ պետք է ընտրողը քվեարկի այդ ուժի օգտին, երբ կա «Իմ քայլը» դաշինքը, որը գլխավորում է հեղափոխության առաջնորդ Նիկոլ Փաշինյանը:

-Նման խնդիր իսկապես կա. այն մարդիկ, ովքեր շատ են ոգևորված հեղափոխությամբ, իսկապես քվեարկելու են « Իմ քայլը »դաշինքի և Փաշինյանի օգտին: Բայց մեր հասարակության մեջ կան նաև մարդիկ, և նրանք քիչ չեն, ովքեր կողմնակից են ավելի հավասարակշռված քաղաքականության, նախընտրում են համեմատության մեջ ավելի կայացած, ճանապարհ անցած, կենսափորձ ունեցող և չվարկաբեկված անձանց: Հենց այս մարդիկ էլ քվեարկելու են «Լուսավոր Հայաստանի» օգտին, որովհետև նրանք հասկանում են, որ «Լուսավոր Հայաստանում» ընդգրկված մարդիկ խորհրդարանում անհրաժեշտ են:

«Լուսավոր Հայաստանն» ու «Իմ քայլը» դաշինքը  գաղափարախոսական տարբերություններ ունե՞ն:

Ես չեմ կարող ասել՝ ինչ գաղափախոսություն ունի «Իմ քայլը» դաշինքը: Համենայն դեպս, Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ իրենք գաղափախոսությունների կողմնակից չեն: Բայց «Լուսավոր Հայաստանն» ունի հստակ գաղափարախոսություն:

-Եվ ո՞րն է այդ գաղափարախոսությունը:

-Հիմնական գաղափարախոսությունը ազատականությունն է, դավանում է արևմտյան ուղղվածությանը և եվրոպական քաղաքակրթական արժեքներին: «Լուսավոր Հայաստանը» վերջերս անդամագրման գործընթաց է սկսել եվրոպական լիբերալների դաշինքին: Այսինքն՝ աջ առաջադիմական գաղափարների կողմնակիցները, եթե գաղափարական ընտրություն կատարեն, պետք է քվեարկեն «Լուսավոր Հայաստանի» օգտին:

-Կան կանխատեսումներ, որ այս խորհրդարանը կարճ կյանք է ունենալու, իր բնական վախճանին չի հասնելու, այլ 1-2 տարի հետո նոր ընտրություն է լինելու: Դուք ի՞նչ եք կարծում:

-Միանգամայն հնարավոր է. այսօր դժվար է կանխատեսել, թե ինչ կլինի 1-2 տարի հետո: Դրա պատճառներից մեկն էլ այն է, որ նոր իշխանությունը հեղափոխությունից հետո մի շարք կարևոր խոստումներ չկատարեց: Օրինակ՝ կառավարության ծրագրում գրված էր, որ Ընտրական օրենսգիրքը փոխվելու է, բայց չփոխվեց: Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր նաև սահմանադրական փոփոխությունների մասին, որը նույնպես չարվեց:

-Նախկինում ասում էին՝ ընտրություններից առաջ որոշվում է, թե որ ուժը որքան մանդատ պետք է ստանա, ասում էին՝ դա որոշում է Բաղրամյան 26-ը, այսինքն՝ Սերժ Սարգսյանը: Հիմա նման կարևոր որոշումներն ո՞վ է կայացնում, ընտրո՞ղը…

-Հիմա ընտրողն է  որոշում:

-Դա հարաբերական է. եթե, օրինակ, Նիկոլ Փաշինյանը, ով այսօր ունի մեծ ժողովրդականություն և բարձր վարկանիշ, հայտարարի, որ այս կամ այն ուժը սև է, տվյալ ուժն ուղղակի չի հայտնվի խորհրդարանում:

-Այո՛, նման վտանգ իսկապես կա: Նիկոլ Փաշինյանը հեղափոխության առաջնորդն է, և նրա կարծիքն իսկապես մեծ ազդեցություն ունի ընտրողների կարծիքի և կողմնորոշման վրա: Ես ուղղակի կոչ կանեի, որ ամենամեծ ազդեցություն ունեցող գործիչը՝ Նիկոլ Փաշինյանը այդպիսի բան չանի:

 

Հարցազրույցը՝ Կարինե Սարիբեկյանի

Գլխավոր Թողարկում, Լուրեր, Հարցազրույց
Մեկնաբանությունները փակ են: