Արդյոք Սասնա ծռերն ունեն քաղաքական այնպիսի կշիռ, որ կարող են իշխանության առջև նման հավակնոտ պահանջ դնել. Լարիսա Ալավերդյան

Nov 28, 2018 Comments Off on Արդյոք Սասնա ծռերն ունեն քաղաքական այնպիսի կշիռ, որ կարող են իշխանության առջև նման հավակնոտ պահանջ դնել. Լարիսա Ալավերդյան

«Անկախ նրանից, թե Արցախում պետական-քաղաքական նշանակության ինչպիսի գործընթացներ տեղի կունենան, զարգացումները պետք է տեղավորվեն բացառապես օրինականության շրջանակում: Արցախի դեպքում լրացուցիչ գայթակղություններն ու հավակնություններն անթույլատրելի են»,– Hayeli.am-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց Մարդու իրավունքների առաջին պաշտպան, «Ընդդեմ իրավական կամայականությունների» հասարակական կազմակերպության նախագահ Լարիսա Ալավերդյանը՝ մեկնաբանելով «Սասնա ծռեր» կուսակցության նախընտրական շտաբի պետ, Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար Ժիրայր Սեֆիլյանի այն հայտարարությունը, թե պետք է հնարավորինս շուտ իշխանափոխություն իրականացնել նաև Արցախում:

«Այսօրվանից մենք հայտ ենք ներկայացրել գործող իշխանություններին՝ նստել բանակցությունների սեղանի շուրջ: Որպեսզի գտնվի այն ճանապարհային քարտեզը, որը առանց ցնցումի կապահովի իշխանափոխությունը»,- նոյեմբորի 23-ին «Ազատություն» ռադիոկայանի եթերում հայտարարել էր Ժիրայր Սեֆիլյանը:

Դիտարկմանը, թե մեկ տարի հետո Լեռնային Ղարաբաղում հերթական ընտրությունների միջոցով լինելու է իշխանափոխություն, Սեֆիլյանը պատասխանել էր․«Եթե սպասենք մի տարի, կարող է պատահի ցնցումով լինի: Այդպիսի իրավիճակ է: Անհամբեր են արդեն մարդիկ: Այս մեկուկես ամսվա մեր գործունեությամբ մենք մի կերպ ենք զսպում այդ ամենը: Եվ ես համոզված եմ, որ գործող իշխանությունները այդ խոհեմությունը կունենան, և հանգիստ այդ լուծումը կգտնվի»:

Լարիսա Ալավերդյանը նման հավակնոտ ձևակերպումներն Արցախի դեպքում վտանգավոր է համարում. «Քանի որ այս ամենը հրապարակային հայտարարությամբ է ասվել, կնշանակի և՛ Արցախում, և՛ Հայաստանում համապատասխան շրջանակները՝ նկատի ունեմ ոչ միայն իշխանություններին, այլ նաև հասարակությանը, արդեն իրազեկված են, հասկանում են հնարավոր հետևանքները, ուստի կանեն դրանից բխող անհրաժեշտ քայլեր: Իմ հորդորն ու ակնկալիքը մեկն է՝ ինչ էլ որ արվելու է, արվի բացառապես օրինականության սահմաններում»,- նշեց Լ. Ալավերդյանը՝ հավելելով, թե հայաստանյան հեղափոխական ալիքի ուղղակի պրոյեկտումն Արցախում անթույլատրելի է. «Հայաստանում հեղափոխությունը տեղի է ունեցել որոշակի առումով օրինական ճանապարհով: Հայաստանի իշխանությունը հրաժարական է ներկայացրել. որևէ  տեղ զենքի գործադրում, ուժի կիրառում չի եղել: Պարզապես ստեղծվել է քաղաքական իրավիճակ, որի հետևանքով իշխանությունը հրաժարական է տվել:

Նույն սցենարն Արցախում ես չեմ պատկերացնում, որովհետև կյանքն այնտեղ ընթանում է թնդանոթների ուղեկցությամբ՝ ամենօրյա կրակոցների ներքո: Անկեղծ ասած՝ ես չգիտեմ՝ ինչ ասել է իշխանափոխության հարցով նստել բանակցությունների սեղանի շուրջ: Ինձ հայտնի չեն նման հավակնոտ հայտարարությունների հիմքերն ու լրջությունը: Արդյո՞ք Սասնա ծռերն ունեն քաղաքական այնպիսի կշիռ, որ կարող են Արցախի իշխանության առջև նման հավակնոտ պահանջ դնել»,- նշեց Լ. Ալավերդյանը՝ ընդգծելով, որ ինքն համոզված է, թե նման զարգացումները բացասաբար են անդրադառնալու Արցախի և Հայաստանի վրա թե՛ ներքին, թե՛ արտաքին լարվածության առումով:

Ինչ վերաբերում է Արցախը Հայաստանին միավորելու հայտարարությանը, որը ևս Սասնա ծռերի նախընտրական լոզունգներից է, ապա սրան, ըստ Լարիսա Սլավերդյանի, պետք է վերաբերվել որպես նախընտրական քարոզչության: «Միացման ջատագովներ թե՛ Արցախում, թե՛ Հայաստանում միշտ էլ եղել են: Սակայն այդ մասին խոսելիս պետք է հաշվի առնել հետևյալ հանգամանքը. մի բան է, երբ միացման մասին խոսվում է որպես նախընտրական կարգախոս, բոլորվին այլ բան, երբ դա դառնում է լուրջ քաղաքական գործընթաց: Բնական է, որ միացումն այդպիսի հայտարարություններով չի կարող տեղի ունենալ»,- խոսքն ամփոփեց Լարիսա Ալավերդյանը:

 

Կարինե  Սարիբեկյան

 

 

 

Գլխավոր Թողարկում, Լուրեր, Հարցազրույց
Մեկնաբանությունները փակ են: