17 ընտանիք կքայքայվի. բաց նամակ

Nov 20, 2018 Comments Off on 17 ընտանիք կքայքայվի. բաց նամակ

Մեծարգո պարոն վարչապետ, մեր նամակ գրելու առիթը հանդիսանում է Ձեր 12.11.2018թ. 1500-Լ որոշումը, որի արդյունքում մենք՝ Վայոց ձորի կադաստրի մարզային ստորաբաժանման աշխատակիցներս, փաստորեն, դե յուրե ունենում ենք աշխատանք, դե ֆակտո մնում ենք անգործ, չնայած այն բանին, որ կոմիտեի ղեկավարը խոստանում է բոլորիս ապահովել աշխատանքով՝ Երեւան քաղաքում: Մենք աշխատակիցներով՝ թվով 17 հոգի, այսինքն՝ 17 ընտանիքի կերակրողներ, ստիպված պետք է լինենք ընտանիքի հացն ապահովելու նպատակով ամեն օր մեկնել Երեւան՝ 120 կմ, եւ նույնքան ճանապարհ ետ վերադառնալ, որը ֆիզիկապես ուղղակի անհնար է, կամ էլ տեղափոխվել Երեւան՝ վարձակալված բնակարաններում բնակվելու համար՝ թողնելով մեր ընտանիքները: Մի՞թե դա է մարզերի զարգացման ՀՀ կառավարության տեսլականը:

Մենք՝ բոլորս, տարիներ շարունակ աջակիցը եւ կատարողն ենք եղել կադաստրի համակարգի կայացմանը եւ գործառույթների իրականացմանը, հետայսու եւս պատրաստ ենք շարունակել այդ գործընթացները: Սակայն, պարոն վարչապետ, ամեն դեպքում ընտանիքի կացության ռիթմի փոփոխությունը հանգեցնում է նաեւ դրա քայքայմանը, ինչը, կարծում ենք եւ վստահ ենք, Ձեր համոզմունքներին եւս չի համապատասխանում, քանի որ հստակ համոզված ենք, որ Ձեր կայացրած որոշումը նպաստում է 17 ընտանիքների քայքայմանը: Փաստացի իրականություն է դառնում նախկին կառավարության մշակած արատավոր ծրագիրը՝ միավորել մարզային ստորաբաժանումները եւ դրանով ծանրաբեռնել մայրաքաղաքը՝ դատարկելով մարզերը: Վայոց ձորի մարզը եւս, լինելով սահմանամերձ եւ ունենալով աշխատատեղերի ապահովման մեծ խնդիր, նույնպես կանգնած է դատարկվելու եզրին․ խնդրում ենք առանձնահատուկ անդրադառնալ վերոնշյալ հարցին:

17 աշխատողներին բնակարանավարձով կամ ճանապարհածախսով ապահովելն ի՞նչ արդյունավետություն է տալու համակարգին, եթե ուզում ենք միջոցներ խնայել: Իսկ եթե նպատակն այս ձեւով կրճատումներ կատարելն է, ուրեմն ինչի՞ համար էր հեղափոխությունը: Եվ, վերջապես՝ Հայաստանի Հանրապետությունում ցանկացած գույքի պետական գրանցում հնարավոր է կատարել Վայոց ձորի մարզային ստորաբաժանումից, քանի որ ունենք միասնական էլեկտրոնային համակարգ:

Պարոն վարչապետ, ակնկալում ենք Ձեր օբյեկտիվ դիրքորոշումը որոշման փոփոխման վերաբերյալ:

Վայոց ձոր տարածքային ստորաբաժանման աշխատակիցներ

ՀՀ հպարտ քաղաքացիներ

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: