Կորոտչենկոն վարձկան է. Իսագուլյանը 5 շրջանները հանձնելու մասին

Nov 20, 2018 Comments Off on Կորոտչենկոն վարձկան է. Իսագուլյանը 5 շրջանները հանձնելու մասին

«Ես շատ կուզեի, որ ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցող բոլոր ուժերը այս հարցին անդրադառնան եւ ասեն կոնկրետ իրենց դիրքորոշումները՝ Իգոր Կորոտչենկոյի արտահայտած մտքերին, որովհետեւ բոլոր էդ առաջադրված կուսակցությունների կազմում առկա են արցախյան հիմնախնդրի հետ կապված բավականին լուրջ փորձագետներ, շատ լավ կլինի, որ նրանք անդրադառնան»։ Այս մասին «Հրապարակ»-ի հետ զրույցում ասաց «Ազգային անվտանգություն» կուսակցության ղեկավար Գառնիկ Իսագուլյանը՝ անդրադառնալով ոուսական «Национальная оборона» հանդեսի գլխավոր խմբագիր Իգոր Կորոտչենկոյի այն հայտարարությանը, թե Հայաստանը կհանձնի Ղարաբաղի 5 շրջան, եւ անվտանգության գոտում կտեղակայվեն ՀԱՊԿ խաղաղապահները։

«Իգոր Կորոտչենկոն մինչեւ ղարաբաղյան հիմնախնդրին անդրադառնալը շատ կարեւոր է, որ անդրադառնա ղրիմյան խնդրին։ Ինքը ո՞նց է տեսնում Ղրիմի հարցի լուծումը։ Նշանակո՞ւմ է արդյոք, որ, օրինակ, ՆԱՏՕ-ի ուժերը պետք է կանգնեն Ղրիմի եւ Ռուսաստանի սահմանագծում՝ ապահովելով Ղրիմի անվտանգությունը, եւ Ղրիմը դե յուրե դիտարկվի Ուկրանիայի մարզ։ Աբխազիայի եւ Հարավային Օսեթիայի հետ հետաքրքիր կլիներ իր տեսակետը, քանի որ այդ խնդիրներից որեւէ մեկը ի տարբերություն Ղարաբաղի խնդրի, դե յուրե լուծում չի ունեցել, թող դրանց մասին տեսակետ հայտնի պատվարժան, կաշառաարժան Կորոտչենկոն։ Նա այցելել էր Ադրբեջանի հարավային շրջաններ, Լելե թեփե էր բարձրացել՝ որպես հաղթող կողմի ներկայացուցիչ եւ էլի մտքեր էր արտահայտել»,-նշեց Գառնիկ Իսագուլյանը։

Մեր զրուցակցի խոսքով՝ Կորոտչենկոն վարձկան է, եւ ինքն էլ մի քանի անգամ վարձել է նրան․ «Նա վարձկան է, ի միջի այլոց, ես իրեն անձնապես եմ ճանաչում եւ մի 2 անգամ վարձել եմ, կարող եմ դա ազնվորեն խոստովանեմ։ Իրեն վարձել եմ, որ ինքը հայտարարություններ անի եւ ինքը արել է։ Բայց էն, ինչ ինքը ասել է, իրականության հետ կապ չունի»։

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: