Կորոտչենկոյի սկանդալային հայտարարությունը. Հայաստանը Ադրբեջանին կվերադարձնի հինգ, ապա ևս՝ երկու շրջան

Nov 20, 2018 1 Comment

Ադրբեջանական Oxu.Az-ը հարցազրույց է վարել ռուս ռազմական փորձագետ, «Նացիոնալնայա օբորոնա» (Ազգային պաշտպանություն) ամսագրի գլխավոր խմբագիր Իգոր Կորոտչենկոյի հետ, որի ժամանակ նաեւ անդրադարձ է կատարվել ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը։

Հարցին, թե ինչպիսին կլինի ՀԱՊԿ-ի մասնակցությունը ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում, Կորոտչենկոն պատասխանել է. «Պետք է հիշել, որ ՀԱՊԿ-ը հետսովետական տարածքում անվտանգության ցանկացած հարց լուծելու ի զորու կառույց է եւ երբ վերջանա նոր Գլխավոր քարտուղարի նշանակման հարցը, ՀԱՊԿ-ը կարող է հանդես գալ խաղաղարարական նախաձեռնությամբ նաեւ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցով»,- ասել է փորձագետը:

Այնուհետև նշել է, որ ՀԱՊԿ-ի մասնակցությունը ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը իդեալական տարբերակ կլիներ երկու կողմի համար էլ։ «Հարցի փուլային լուծումը հնարավոր կլիներ, օրինակ, հետեւյալ սխեմայով՝ սկզբում Հայաստանը Ադրբեջանին է վերադարձնում 7 օկուպացված շրջաններից 5-ը, իսկ այդ շրջանների եւ անմիջապես Լեռնային Ղարաբաղի միջեւ ընկած հատվածում, այսպես ասած «անվտանգության գոտում» կտեղակայվեն ՀԱՊԿ խաղաղապահ զորքերը։ Այդպիսով խաղաղապահներն իրենց ներկայության փաստով կերաշխավորեն, որ հակամարտող կողմերի միջեւ ռազմական գործողություններ չեն սկսվի։

Ինչին ի պատասխան Ադրբեջանն ու Թուրքիան կվերացնեն Հայաստանի շրջափակումը եւ կվերսկսեն տնտեսական կապերը։ Հաջորդ փուլով Երեւանը Բաքվի հսկողությանը կվերադարձնի օկուպացված եւս երկու շրջանները, իսկ Բաքուն էլ կերաշխավորի ԼՂՀ-ի եւ Հայաստանի միջեւ առկա վերգետնյա տրանսպորտային կոմունիկացիաները՝ ոչ ռազմական տրանզիտի իրականացման պայմանով։ Կողմերի միջեւ շփման գծում նույնպես պետք է տեղակայվեն ՀԱՊԿ խաղաղապահներ։ Ապա՝ բուն Լեռնային Ղարաբաղի հարցը. թերեւս ամենադժվար, բայց նույնպես լուծվող՝ քաղաքական կամքի առկայության դեպքում: Այդ տարածք են վերադառնում ադրբեջանցի փախստականները՝ այնտեղ տեղակայված ՀԱՊԿ խաղաղապահների հսկողության տակ։ Իրականացվում է ներկայումս այնտեղ առկա հայկական ռազմական ստորաբաժանումների ապառազմականացումը, ինչպես նաեւ ստեղծվում են ոստիկանական ուժեր, որոնք պատասխանատու կլինեն ներքին կարգուկանոնի եւ հանցավորության դեմ պայքարի համար, կապահովվի երկու համայնքների` հայերի եւ ադրբեջանցիների խաղաղ գոյակցությունը»:

Անդրադառնալով, այսպես կոչված, «գրավյալ տարածքների» հարցին` ռուս փորձագետը ասել է, որ դրանք «հալից ընկած» տարածքներ են, որոնք զբաղեցնում են հայկական զինված միավորումները, եւ Հայաստանը դրանք վերադարձնելով՝ կստանա բլոկադայի վերացում Թուրքիայի եւ Ադրբեջանի կողմից, հատկապես, որ այդ տարածքները Երեւանը մտադիր է բանակցություններում օգտագործել եւ մեծ պլաններ դրանց հետ չի կազմում։

Գլխավոր Թողարկում

Մեկ անդրադարձ “Կորոտչենկոյի սկանդալային հայտարարությունը. Հայաստանը Ադրբեջանին կվերադարձնի հինգ, ապա ևս՝ երկու շրջան” հրապարակմանը

  1. Գնել says:

    Հավը երազում կորեկ է տեսնում,ախորժակիդ քացախ․․․