Պատասխան-քայլ Փաշինյանին՝ կզինեն Ադրբեջանին

Nov 21, 2018 1 Comment

Մինսկում երեկ կայացել են Բելառուսի և Ադրբեջանի նախագահներ Ալեքսանդր Լուկաշենկոյի և Իլհամ Ալիևի բանակցությունները։ «Հաճելի» նորություն՝ Հայաստանի և Արցախի համար. Բելառուսն ու Ադրբեջանը առաջիկայում սպառազինության առքուվաճառքի մասին նոր համաձայնագիր կկնքեն:

Երեկ կայացած Բելառուսի և Ադրբեջանի նախագահներ Ալեքսանդր Լուկաշենկոյի և Իլհամ Ալիևի բանակցությունների ընթացքում հռչակագիր է ստորագրվել սպառազինության և հակաօդային պաշտպանության տեխնիկայի ոլորտում Բելառուսի ռազմաարդյունաբերական հանձնաժողովի և Ադրբեջանի պաշտպանության նախարարության միջև:

Ալիևը հայտարարել է, որ ամենակարճ ժամանակում այս հռչակագիրը կվերածվի Բելառուսից նոր սպառազինության գնման մասին պայմանագրի: Հրապարակային հայտարարություններում Լուկաշենկոն և Ալիևը չեն անդրադարձել ՀԱՊԿ-ին և այդ կազմակերպության գլխավոր քարտուղարի թեկնածության շուրջ հայ-բելառուսական սկանդալին: Փոխարենը երկու երկրների նախագահները խոսել են Բելառուսում ադրբեջանական ներդրումների, ռազմատեխնիկական համագործակցության մասին:

Ի դեպ, ինչպես հաղորդում է «Ազատությունը»՝ սա Ալիևի արդեն հինգերորդ պաշտոնական այցն է Բելառուս։ Կողմերը խոսում են բարեկամական, ռազմավարական դաշնակցության մասին: Ալիև – Լուկաշենկո տետ ա տետ հանդիպումը տևել է երկու ժամից ավելի, դրան հետևել են բանակցություններ ընդլայնված կազմով, որոնց ժամանակ Լուկաշենկոն հայտարարել էր. – «Ուրախությամբ կընդունենք ադրբեջանցի ներդրողներին»:

Մինսկն ու Բաքուն ուզում են միասնական արտադրությամբ դուրս գալ նաև երրորդ երկրի, մասնավորապես, թուրքական շուկա: Լուկաշենկոն և Ալիևը քննարկել են նաև «Գրոդնո ազոտ» ընկերությունում ադրբեջանական պետական նավթային ընկերության կողմից կատարվելիք ներդրումների մասին:

Լուկաշենկոն հանդիպման ժամանակ ընդգծել է, որ Բելառուսը պատրաստ է Ադրբեջանի հետ լուրջ համագործակցության ռազմավարական, այն է՝ էներգակիրների ոլորտում: Ալիևն իր հերթին հայտարարել է, թե երկու երկրների միջև հարաբերություները բնորոշում է այն, որ միջազգային կառույցներում միշտ աջակցում են միմյանց և կատարում են բոլոր պայմանավորվածությունները։

Հիշեցնենք, որ այս այցի նախօրեին՝ նոյեմբերի 14-ին, Ալիևն ընդունել էր Ադրբեջանում Բելառուսի դեսպան Գենադի Ախրամովիչին: Իսկ ավելի վաղ՝ նոյեմբերի 9-ին, Բելառուսի նախագահն էր ընդունել Ադրբեջանի դեսպան Լատիֆ Գանդիլևին: Երկու հանդիպումների ժամանակ էլ, ի թիվս այլ հարցերի, քննարկվել էր Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղարի թեկնածության թեման:

Այն փաստին, որ Ալեքսանդր Լուկաշենկոն ՀԱՊԿ անդամ պետությունների ղեկավարների փակ հանդիպման մանրամասները հրապարակավ ներկայացրել էր կազմակերպությանը չանդամակցող Ադրբեջանի դեսպանին, անցած շաբաթավերջին կոշտ արձագանքել էր Հայաստանի վարչապետի պաշտոնակատարը: Նիկոլ Փաշինյանին զայրացրել էր այս հանգամանքը, և նա հայտարարել էր, որ պարզաբանումներ է պահանջելու Բելառուսի նախագահից:

Երեկ Փաշինյանը կրկին անդրադարձել է այդ թեմային: Գեղարքունիքի մարզպետարանում մարզի համայնքապետերի հետ վարչապետի պաշտոնակատարի հանդիպման ժամանակ մի քաղաքացի մտահոգություն է հայտնել Բելառուսի ԱԳՆ-ի աշխատակցի հայտարարությանն ի պատասխան Փաշինյանի հայտարարության կապակցությամբ: Փաշինյանն ի պատասխան քաղաքացու մտահոգությանը՝ասել է. «Մեր միջազգային բոլոր գործընկերները պետք է մի բան արձանագրեն՝ այնպիսի հարաբերություններ, ինչպիսին իրենք սովոր են տեսնել, այդպիսի հարաբերություններ Հայաստանի հետ չեն լինելու, երբ մենք համակերպվողի դերում էինք: Ես Մարտունիում էլ ասացի՝ այնպիսի տպավորություն է, որ իներցիայով շատ-շատերն ուզում են, փորձում են, կամ պիտի փորձեն մեզ վերաբերվել որպես փոքր երկիր, փոքր ժողովուրդ: Ես պարզ ասում եմ՝ չի անցնելու, մենք մեծ ժողովուրդ ենք, մենք հազարամյա պատմություն ունեցող ժողովուրդ ենք, մշակույթի ժողովուրդ ենք, մենք գեներալների ժողովուրդ ենք, և էլի եմ ասում, մենք ապրիլ-մայիսին արել ենք մի բան, որ մարդկության պատմության մեջ նախադեպը չունի: Բայց այդ հարաբերություններում, համոզված եղեք, մեր ժողովուրդն ու կառավարությունը ի վիճակի են պաշտպանելու մեր երկրի շահերը, և սրա հետ պետք է բոլորը հաշվի նստեն և ես ձեզ խոստանում եմ՝ բոլորը հաշվի կնստեն»:

Այսպես, Բելառուսն ու Ադրբեջանը՝ Հայաստան-ՀԱՊԿ որոշակի լարվածության ֆոնին ջերմության և բարեկամության նոր ժեստ են անում: Հայաստանի դաշնակից Բելառուսն, ակնհայտորեն ընդդեմ Հայաստանի բացահայտ քայլեր է անում:

Այս քաղաքականությունը մշտապես քննադատվել է, իհարկե, Սերժ Սարգսյանի օրոք, բայց հիմա ժամանակն է՝ հարց ուղղելու, իսկ ինչպե՞ս է պատկերացնում ներկայիս կառավարությունը ՀԱՊԿ-ականների հետ հարաբերությունները, որոնք բացահայտ Ադրբեջանի շահն են առաջ տանում: Հայաստանի դաշնակից Բելառուսը՝ շարունակելու է զինել Ադրբեջանին՝ ո՞րն է մեր քայլը:

Փաստացի, Փաշինյանը երեկ շեշտել է, թե այնպիսի հարաբերություններ, ինչպիսին սովոր էին տեսնել ՀՀ դաշնակիցները, այդպիսի հարաբերություններ Հայաստանի հետ չեն լինելու, այսինքն՝ Հայաստանը համակերպվողի դերում չի լինելու:

Սպասենք՝ չհամակերպված Հայաստանի կառավարության պատասխան քայլին:

Թամար Բագրատունի

Գլխավոր Թողարկում, Վերլուծություն

Մեկ անդրադարձ “Պատասխան-քայլ Փաշինյանին՝ կզինեն Ադրբեջանին” հրապարակմանը

  1. ԱնունAGOB says:

    ayo iskabes jijagli a nikolin hosker nun isk inkal ji havaduM VAY KEZ HIVANT ARARAJ