Վատ եք ապրելու

Nov 20, 2018 Comments Off on Վատ եք ապրելու

Կառավարությունը, բացի խոպանչիներին հարկելու գաղափարից, բյուջեն լցնելու այլ գաղափարներ ևս ունի: Մտադրություն կա վերացնել պետական գերատեսչությունների արտաբյուջեները՝   դրանք ուղղելով պետական բյուջե:

Այս հարցը քննարկվել է երկուշաբթի օրվա կառավարության նիստում, սակայն հավանության չի արժանացել:
Ֆինանսների նախարարի պաշտոնակատար Ատոմ Ջանջուղազյանն առաջարկել է օրակարգում ներառել արտաբյուջեներից հրաժարվելու խնդիրը: «Մենք եկար քննարկել ենք, բայց ժամանակը չի բավարարել, հաշվի առնելով նաև ներքին զարգացումների արագացման աստիճանը, որ մինչև վերջ տրամաբանական ավարտին հասցնենք մի հարց, որը կապված է մի շարք օրենքների փոփոխությունների հետ, որոնք ենթադրում են, որ արտաբյուջետային հաշիվների հետ կապված փոփոխություններ»,-հայտարարել է նա:

Փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանը նշել է, որ   այնտեղ քննարկելու դեռ շատ բան կա, և հարցը կառավարության նիստին նախորդած կոմիտեի նիստում հավանության չի արժանացել / որպես կանոն մինչ կառավարության նիստի օրակարգում ներառելը, բոլոր հարցեը քննարկվում են կոմիտեի նիստում, որը սովորաբար դռնփակ է անցկացվում/:

Ատոմ Ջանջուղազյանը պնդել է՝  քվեարկել արտաբյուջեներից զրկելու նախագիծը օրակարգում ներառելու հարցը.  «Հարցը սկզբունքային նշանակություն ունի, կա´մ գնում ենք այդ ճանապարհով, կա´մ չենք գնում, կարող ենք հայտարարել, որ հիմա չենք գնում այդ ճանապարհով, նպատակահարմար չէ և չքննարկենք, բայց կառաջարկեի այդ որոշումը կայացվեր»,- նշել է նա: Արարատ Միրզոյանի հարցին, թե ինչ կլինի, եթե մեկ ամսով հետաձգվի այս հարցը, Ատոմ Ջանջուղազյանը նկատել է,  որ երկու ծայրահեղ պատասխան կարող է տալ:

«Բացարձակապես ոչինչ, քանի որ քսանյոթ տարի չենք անդրադարձել կամ էպիզոդիկ դրվագային ենք անդրադարձել և ոչ մի անգամ չի հաջողվել այս հարցը վերջին հասցնել»,-ասել է նա և հավատացրել, թե Ֆինանսների նախարարությանը հաջողվել է ազատվել  «առանց արտաբյուջեի հնարավոր չէ ապրել» կարծրատիպից:

Ի վերջո՝ Ատոմ Ջանջուղազյանի առաջարկած՝ արտաբյուջեների վերացման հարցը օրակարգում չի ներառվել, քանի նիստին ներկա կառավարության անդամների մեծամասնությունը դեմ է  քվեարկել : «Առաջարկը չանցավ, ես ուզում եմ շնորհավորել բոլորիս, պարո´ն Ջանջուղազյան, որովհետև իրականում ռեֆորմների ճանապարհն իսկապես փշոտ է, սա մի լուրջ հարց է, որը մշտապես տարբեր գերատեսչությունների շահերի և հետաքրքրությունների կենտրոնում է եղել: Վստահաբար մենք պետք է գնանք արտաբյուջեների վերացման ճանապարհով, ափսոս մինչ այս պահը անհրաժեշտ խորությամբ հարց երևի չի քննարկվել, և գերատեսչությունները դեռևս գնում են իներցիայով, գերատեսչական շահը պաշտպանելու ճանապարհով»,-հայտարարել է Արարատ Միրզոյանը  և նշել, որ պետք է հրաժարվել այդ գայթակղությունից, ինչպես, օրինակ՝ Ֆինանսների նախարարությունն է հրաժարվել, բայց նրանց կյանքը դրանից չի տուժել:

Իրականում ֆինանսների նախարարության, ինչպես նաև արտաբյուջեներ ունեցող մնացած նախարարությունների կյանքն, ամեն դեպքում կտուժի, եթե նրանք զրկվեն արտաբյուջեից: Իհարկե, արտաբյուջե ունեն ոչ բոլորը, և հենց այստեղ է, որ առաջանում է գերատեսչական շահը: Արտաբյուջե ունի ֆինանսների նախարարությունը, ՊԵԿ-ը, ոստիկանությունը, կադաստրի պետական կոմիտեն, արդարադատության նախարարությունը, էլի որոշ կառույցներ: Արտաբյուջեները գոյանում են քաղաքացիներից գանձված գումարներից՝ տվյալ կառույցների օրենքով սահմանված լիազորությունների իրագործման արդյունքում: Տվյալ պետական գերատեսչության ղեկավարն ազատ է արտաբյուջեի տնօրինման հարցում: Որպես կանոն արտաբյուջեով տրվում են հավելավճարներ, իրականցվում են տարատեսակ ծրագրեր՝ սկսած շենքերի նորոգումից, վերջացրած գույքի և սարքավորումների ձեռքբերումներ, թանկարժեք գործողումներ: Ոստիկանության արտաբյուջեն, օրինակ, գոյանում է տեսախցիկների և կարմիր գծերի տուգանքներից, ՊԵԿ-ինը՝ հարկային և մաքսային հավելյալ հավաքագրումներից, կադաստրի կոմիտեն գումարներ է գանձում անշարժ գույքի գործարքներից…. Մի խոսքով՝ սրանք պետական համակարգի, այպես կոչված հարուստ գերատեսչություններն են և կարողանում են համեմատաբար լավ  կյանքով ապրել:

Արտաբյուջեների ծախսերն առանձնապես  թափանցիկ չեն և միշտ արդարացի հարց է առաջանում՝ եթե երկրում փող չկա, եթե ուսուցչի աշխատավարձը գոնե 5 հազար դարամով հնարավոր չէ բարձրացնել, ինչո՞ւ պետք է ՊԵԿ տեսուչը եռամսյակային պրեմյա ստանա: Արդարության և բարոյականության տեսանկյունից ավելի առաջնային է 80-100 հազար դրամ աշխատավարձ ստացող մանկավարժի աշխատավարձը մի քիչ բարձրացնել, քան թե խրախուսել առանց այդ էլ ավելի բարձր վարձատրվող պետական չինովնիկին, կամ էլ թույլ տալ, որ ոստիկանապետը նոր համազգեստի պատվեր տա:

Բայց խնդիրն ունի երկու կողմ. երբ համակագի հիմնական գործառույթը փող հավաքագրելն է, հիմքում անպայման պիտի որոշակի խրախուսման համակարգ դրվի, այլապես արտաբյուջե ձևավորելու մոտիվացիան կվերանա: Տրամաբանական լուծումը թերևս, ոչ թե արտաբյուջեն իսպառ վերացնելն էլ այլ որոշակի առեվալագույն շեմ սահմանելը և ծախսերի խիստ թափանցիկ մոդել ներդնելը:

 

Հայկ Դավթյան

 

 

Բանավեճ, Գլխավոր Թողարկում, Լուրեր
Մեկնաբանությունները փակ են: