Նիկոլ Փաշինյանը ինչո՞վ է պակաս

Nov 20, 2018 1 Comment

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն ընտրարշավի պաշտոնական մեկնարկից մեկ շաբաթ շուտ փաստացի սկսել է իր քարոզարշավը:

Աշխատանքային ժամերին, պետության կողմից տրամադրվող ռեսուրսի և հնարավորությունների օգտագործմամբ նա բացահայտ քարոզչություն է իրականացրել Գեղարքունիքում իր մի շարք հանդիպումների ընթացքում: Նա ըստ էության  բացահայտ քարոզչություն է արել՝ ուղիղ հայցելով ընտրողի քվեն.« Այսօր յուրաքանչյուրիս պատասխանատվության ժամն է եկել` հասկանալու, թե ձեզնից յուրաքանչյուրի որոշումից ինչքան բան է կախված: Ընտրություններում յուրաքանչյուրս մի ձայն ունի, և յուրաքանչյուր ձայնի ճակատագիրը որոշելիս ամեն մարդ պետք է զգա իր առանձնակի պատասխանատվությունը, որովհետև հիմա այն ժամանակը չէ, երբ ընտրակաշառք բաժանողն է որոշում, այլ դուք` ձեր մի քվեն որևէ մեկին տալով վճռում եք այս երեխաների ճակատագիրը, ովքեր քվեարկելու իրավունք չունեն, բայց ովքեր հեղափոխությանը մասնակցել են» :

«Սա բացարձակ անթույլատրելի է: Կամ իր “վարչապետական” այցերի ծրագիրն ու ելույթները պետք է բացառապես բխեն իր կարգավիճակից, կամ էլ պետական ռեսուրսի նման օգտագործումը և պաշտոնական դիրքի չարաշահումը նախընտրական ուղերձների և ելույթների համար պետք է դատապարտվի:

Սա աղաղակող երևույթ է, որի վրա հրավիրում եմ միջազգային դիտորդների ուշադրությունը» ,-վարչապետի այցի հետ կապված Ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը:Նրա կարծիքով՝ չարաշահել վարչապետի պաշտոնակատարի դիքրը քարոզարշավային ֆալստարտի համար՝ սա վկայում է այն մասին, որ իշխանությունը չի խորշում ոչ վարչական ռեսուրսների օգտագործումից, ոչ էլ Ընտրական օրենսգիրքը բացահայտ խախտելու փաստից:  Փաշինյանի կողմից վարչական ռեսուրսների օգտագործման չարաշահումների վերաբերյալ ՀՀԿ-ականի ահազանգը ուշագրավ է, քանի որ ընդամենը մեկուկես տարի առաջ նույն ընդդիմադիրները ահազանգում էին Կկարեն Կարապետյանի վերաբերյալ: Ընդ որում, ՀՀԿ-ի իշխանության օրոք մշտապես նաեւ Սերժ Սարգսյանն է օգտվել այդ ռեսուրսներից:Եթե 2017 թվականի երեւանյան այցերը Կարեն Կարապետյանը կատարում էր երեկոյան ժամերին, ապա մարզային այցելությունները՝ աշխատանքային ՝ ցերեկային ժամերին:
Այս խնդրին անդրադարձավ նաեւ ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը, ասելով, որ վարչապետի կողմից  իրականացված քարոզչությունն իրավաչափ է: Ըստ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանի, քարոզչություն անելու սահմանափակումը կապված է ոչ թե աշխատանքային ժամի ,այլ պաշտոնական լիազորությունների իրականացման հետ.«Օրենսդրությունը շատ հստակ ամրագրել է ոչ թե ընդհանրապես սահմանափակում քարոզարշավին մասնակցելու և քարոզչություն իրականացնելու, այլ սահմանափակել է դրա իրականացման եղանակը: Լիազորությունները իրականացնելիս զուգահեռաբար չի կարելի իրականացնել քարոզչություն, սա է սահմանափակումը: Օրենսդրությունը չի նշել աշխատանքային ժամին, կամ աշխատանքային ժամից դուրս, որովհետեւ աշխատաժամանակը տարբեր անձանց մոտ տարբեր բնույթ է կրում, կա նորմավորված, կա չնորմավորված աշխատաժամանակ: Եթե իրականացվում են կոնկրետ պաշտոնով պայմանավորված լիազորություններ ապա միաժամանակ չի կարելի քարոզչություն իրականացնել, օրինակ, երբ վարչապետը գործադիրի նիստն է վարում, կառավարության նիստի ժամանակ չի կարող զուգահեռաբար իրականացվել քարոզչություն», – ասում էր  ԿԸՀ նախագահը: Իրականում վարչապետը պետք է աշխատի ոչ թե  նորմավորված գրաֆիկով, այլ օրենքով սահմանված կարգով:

2005 թ ընդունվել է որոշում կառավարության կողմից, որով սահմանվել է պետական, համայնքային պաշտոնյաների աշխատաժամանակը: Այնտեղ գրված է, որ պետական, համայնքային պաշտոնյայի աշխատանքային ժամը սկսվում է առավոտ 09:00-ից եւ ավարտվում 18:00-ին։ Այդ ժամերին ցանկացած պաշտոնյա պարտավոր է իրականացնել իր աշխատանքային պարտականությունները: Այնպես որ Մուկուչյանը հիմա էլ կարող է մի այդպիսի պարզաբանում ներկայացնել Նիկոլ Փաշինյանի համար, ընդ որում՝ ավելի <<դուխով>>, քան անցյալում: Սակայն դրանից իրականությունը չի փոխվում, իսկ դա այն է, որ Նիկոլ Փաշինյանը շարունակում է Կարեն Կարապետյանի եւ Սերժ Սարգսյանի գործը, խի նրանցից պակաս տղա՞ է, որ հետ ընկնի: Աստված վերջը բարին անի:

Անի Սահակյան

Գլխավոր Թողարկում, Վերլուծություն

Մեկ անդրադարձ “Նիկոլ Փաշինյանը ինչո՞վ է պակաս” հրապարակմանը

  1. ԱնունAGOB says:

    AYO JICH A PAYJ IROGUTYTAN YV Ugegi daknab