«ՔՊ-ի բախտը բերել է, որ ՀՀԿ-ն մասնակցում է »

Nov 19, 2018 Comments Off on «ՔՊ-ի բախտը բերել է, որ ՀՀԿ-ն մասնակցում է »

«Ընտրարշավը գաղափարային չի լինելու. մարդիկ քվեարկելու են մարդկանց համար, ոչ թե գաղափարների։ Հիմնական ուժի ընտրարշավը կանցկացնի մեկ անձնավորություն, իսկ մնացած ցուցակը մեծ նշանակություն չունի ընտրարշավի համար:Խորհրդարան անցնելու քիչ թե շատ հնարավորություն ունեցող մյուս ուժերը, նույնպես հույսները դնելու են հիմնականում դեմքերի վրա :Ընդհանուր առմամբ, սա լինելու է քվեարկություն՝ մարդկանց համար։ Նորից սևի-սպիտակի պատկեր է առաջ քաշվելու, և այս առումով ՔՊ-ի բախտը բերել է, որ ՀՀԿ-ն մասնակցում է այս ընտրություններին։ Ես չէի ասի, թե ընտրարշավը հետաքրքիր է լինելու»,-  լրագրողների հետ հանդիպմանը նման տեսակետ հայտնեց  քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը։

«  ՔՊ-ն կստանա ձայների մեծամասնությունը, թեպետ նրա ռեյտինգն արդեն սկսել է նվազել. Երկրորդ տեղը, մեծ հավանականությամբ, կզբաղեցնի ԲՀԿ-ն, իսկ երրորդ տեղի համար կպայքարեն ՀՀԿ-ն, «Լուսավոր Հայաստանն» ու «Սասնա ծռերը»»,-կարծիք հայտնեց քաղաքագետը:

Ամենահետաքրքիրը, ըստ նրա՝ սկսվելու է 2019թ. հունվարից. «ՔՊ-ն գաղափարական ուժ չէ, այնտեղ գաղափարախոսություն չկա։ Այն, ինչ հիմա կատարվում է, կարող ենք անվանել ճգնաժամային մենեջմենթ, այսինքն՝ ոչ մի ծրագիր, ոչ մի լուրջ գաղափարախոսություն չկա, և այս ամենին պետք է վերջ դրվի ընտրություններից հետո։ Քաղաքականության մեջ ժողովրդի շրջանում ունեցած բարձր ռեյտինգը կարևոր է, եթե այն ուղղակի գործիք է, իսկ դա մենք չենք տեսնում։ Մենք տեսնում ենք, որ բարձր հեղինակությունն օգտագործվում է բարձր հեղինակության համար։

Հայաստանի իշխանությունները սովորել էին ապրել շատ ցածր լեգիտիմության պայմաններում, հասկանում էին, որ իրենց չեն սիրում, իսկ այս իշխանությունները սովորել են գոյություն ունենալ շատ բարձր լեգիտիմություն, դա նրանց միակ գործիքն է։ Հիմա հարց է առաջանում՝ երբ այդ բարձր լեգիտիմությունը սկսի նվազել, երբ կլինի ցածր լեգիտիմություն, ի՞նչ եղանակով է աշխատելու այդ մեքենան, ի՞նչն է նրանց միավորելու։ Թե ինչն է միավորում հանրապետականներին, մենք գիտենք, ֆինանսական կազմակերպված մեխանիզմ էր, որը վճարում էր խմբի, որը գործում էր կոնսոլիդացված։ Երբ այդ ֆինանսական մեխանիզմն անհետացավ, տեսանք՝ ինչ եղավ։ Իսկ հիմա ի՞նչ է լինելու այս մյուս խմբի հետ, որը ֆինանսական մեխանիզմից չի օգտվում, իրավիճակ է փոխվել»։

 

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: