Երկրորդը լինելու կռիվ․Նիկոլն ում կշնորհի այդ տեղը

Nov 21, 2018 Comments Off on Երկրորդը լինելու կռիվ․Նիկոլն ում կշնորհի այդ տեղը

Խորհրդարանական ընտրությունները իսկապես արտառոց են, ոչ միայն այն պատճառով, որ հետհեղափոխական էյֆորիայի պարագայում դրանք ընտրություն որակելը գրեթե աններելի մեղք է , այլ այն, որ ընտրապայքարին հայտ ներկայացրած ուժերից ոչ մեկը, բացառությամբ իշխող ուժի, չի հավակնում իշխանության, այլ նույնիսկ հրապարակավ են ասում, որ ձգտում են առավելագույնը 2-րդը լինելուն: Հասկանալի է, որ դա պայմանավորված է ապրիլ-մայիսին տեղի ունեցած իշխանափոխությամբ և էյֆորիկ տրամադրությամբ, բայց դասական քաղաքականությունը ենթադրում է, որ ինքնասպանության չգնալու համար առնվազն պետք է պահել ձեւական կողմը։

Վերջին շաբաթներին ընդդիմադիր կոչվող ուժերի շրջանում մրցապայքար է, նրանք հրապարակավ փոպադարձ մեղադրանքներ են հնչեցնում, կամ ավելի ճիշտ բոլորի թիրախում ՀՀԿ-ն է, որպես նախորդ իշխանությունից մնացած մասունք, այս ուժի դեմ էին կռվում թե ԲՀԿ-ն, թե Լուսավոր Հայաստանը, թե բոլոր-բոլորը։ Նախորդ ընտրություններինէին ծառուկյանականները հավակնում 50+1, թվում էր, թե Գագիկ Ծառուկյանի քաղաքականությունից հեռանալուց, ապա վերադարձից հետո ԲՀԿ-ականները չէին գնա նման առճակատման, սակայն դա միայն թվում էր։ ՀՀԿ-ն ինքն էլ հայտարարում է 2-րդ տեղի հավակնությունների մասին ու մեղադրում մյուսներին «գրպանային» ընդդիմություն լինելու հարցում։ Եթե ՀՀԿ-ի հավակնությունները հիմնավոր են, տեղի ունեցածից հետո դժվար թե այլ բանի կարողանար հավակնել, այնուամենայնիվ ուշագրավ է մյուսների պահվածքը։ Այսօր էլ մի շարք ՀՀԿ-ականներ հայտարարություններ արեցին, որ ՀՀԿ-ն լինելու է այն միակ արմատական ընդդիմությունը, որն իշխանությանը ցուց է տալու իր սխալները, չի քծնելու, չի շողոքորթելու եւ այլն։ Սակայն ուշագրավ կերպարանափոխություն նկատվեց Ծառուկյան դաշինքի ներկայացուցիչ Վահե Էնֆիաջյանի խոսքում։ԲՀԿ-ն գնում է ընտրությունների ԱԺ-ում առավելագույնս ներկայացվածություն ունենալու համար, լրագրողներին հետ ճեպազրույցում հայտարարեց «Ծառուկյան» խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանը: «Այս փուլում տարբեր քաղաքական ուժեր արդեն իսկ առիթ են ունեցել հրապարկելու, որ տեղի համար հավակնություններ ունեն: Ես պաշտոնապես հայտարարում եմ, որ ԲՀԿ-ն առավելագույնս փորձելու է ներկայացվածություն ունենալ խորհրդարանում», – ԱԺ հայտարարությունների ժամին ասաց Էնֆիաջյանը՝ ի պատասխան երկրորդ տեղի կռվի մասին հարցադրումներին․ «Եթե ասում ենք ժողովուրդն է որոշողը, ինչո՞ւ չեք թողնում՝ նա որոշի, ու ձևակերպմամբ եք հանդես գալիս, թե որ տեղն եք ուզում»։

Դիտարկմանը, թե արդեն իսկ պարզ է, որ «Իմ քայլը» ունենալու է մեծամասնություն խորհրդարանում, Էնֆիաջյանն ասաց. ««Պարզ են» մենք կիմանանք ամսի 10-ին ընտրության արդյունքների պաշտոնական հրապարակումից հետո»:Հարցին, թե արդյոք ԲՀԿ-ն չի վախենում Փաշինյանին ընդդիմություն լինելուց, Էնֆիաջյանն արձագանքեց. «Մեր քաղաքական ուժը որևիցե դաշտում քաղաքական գործունեություն ծավալելուց վախի զգացողություն չի ունեցել»: Ակնհայտ է, որ առնվազն հայտարարությունների մակարդակում ԲՀԿ-ն մարտավարություն է փոխում՝ թերեւս հասկանալով, որ իշխող ուժին քծնելը, երկրորդը լավ արդյունքներ չի երաշխավորում։ Հարկ է նշել, որ ընդդիմադի ուժերի շարքում առանձնանում է թերեւս Սասնա ծռերը, որը դեռեւս չի խոսում երկրորդ ուժը լինելու հավակնություններից եւ չի էլ քծնում Նիկոլ Փաշինյանին։ Միգուցե ԲՀԿ-ում հասկանում են, որ իրենց բաց թողնված շանսից կարող են օգտվել ծռերը։ Տպավորություն է, որ երկրորդ տեղի հավակնություն հայտնող եւ ՀՀԿ-ին քննադատող ուժերը փորձում են սիրաշահել Փաշինյանին՝ ապագա խորհրդարանում այդ տեղը ապահովագրելու նկրտումներով։ Ի վերջո, սին են այն պնդումները, որ այս ընտրությունները էականորեն տարբերվելու են նախորդներից։ Եւ Ընտրական օրենսգիրն է նույնը մնացել, եւ այն բոլոր հնարավորությունները, որոնք կարող են գործադրվել իշխանության կողմից եւ ցանկացած ուժի համար ձայներ ապահովել՝ խոսքը զինվորների եւ այլ հիմնարկների ուղղորդված քվեարկության մասին է, ինչպես նաեւ չմաքրված ընտրացուցակները, որոնք մասին զարմանալի կերպով որեւէ «ընդդիմադիր» չի բարձրաձայնում։

Անի Սահակյան

Գլխավոր Թողարկում, Վերլուծություն
Մեկնաբանությունները փակ են: