ՊԵԿ նախագծը` թիրախում

Nov 19, 2018 Comments Off on ՊԵԿ նախագծը` թիրախում

Պետք է փորձել երկրի ներքին սոցիալ-տնտեսական վիճակը փոխել, ոչ թե ամեն տեղ հարկեր ավելացնել, լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Ծառուկյան» խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանը` խոսելով ՊԵԿ նախագծի մասին:

«Հարկային դաշտում անընդհատ կոշտացնել, շեմը բարձրացնել կամ նոր հարկեր ներդնել կամ, այս պահի դրությամբ երևի տեղին կարելի է ասել, «հորինելը» անտեղի եմ համարում: Պետք է մտածել երկրի ներքին սոցիալ-տնտեսական վիճակը փոխել, հնարավոր ներդրումներ և ներհոսք ապահովել, ոչ թե փորձել ամեն տեղ հարկեր ավելացնել: Դեռ ժամանակ կա, առաջիկա խորհրդարանը լեգիտիմ կլինի և կկարողանա քննարկել ու որոշում կայացնել: Ինչպիսի որոշում կկայացնի, դա կունենա օրենքի ուժ», – ասաց նա:

Նշենք նաև, որ այս թեմայից խոսելով, այն դատապարտել էին նաև ՀՀԿ պատգամավորներ Արփինե Հովհաննիսյանը և Վահրամ Բաղդասարյանը: «Մարդ պետք է ասի՝ իմ հարազատի ուղարկած գումարին պետությունն ուզում է փայ դառնալ: Եթե միտինգում կանգած 70 տոկոսին հարցնեին՝ ի՞նչ ե ք ուզում, նրանք կասեին, որ ուզում են հարկեր չվճարել, բայց ուզում են, որ թոշակներն ու աշխատավարձերը բարձրանան: Բայց հանրությունը չի կարողանում ընկալել, որ հարկերի միջոցով են աշխատավարձերն ու թոշակները բարձրանում: Նրանք կոնկրետ իրենց եկամտի մասին են մտածում», – արձագանքել էր Բաղդասարյանը:

Արփինե Հովհաննիսյանն էլ ահազանգել էր, որ գյուղացին, որ վաճառում է իր մթերքը, այսինքն ինքնազբաղված անձինք պետք է իրենց եկամուտը, որն առաջացել է այն վաճառքից, հայտարարագրեն: Կամ արտագնա աշխատանքի մեկնած մեր քաղաքացիները, որոնք իրենց ընտանիքը պահելու համար ուղարկում են որոշակի գումար, իրենց ընտանիքը՝ կինը, երեխան պետք է հայտարարագրեն իրենց եկամուտը, որը ավելի է վատացնելու նրանց ապրելակերպը:

Հիշեցնենք ՊԵԿ-ն առաջարկում է նախագիծ, որով եթե քաղաքացին դրսից եկամուտ է ստանում, պարտավոր է այն հայտարարագրել ու դրա 23 տոկոսը որպես եկամտային հարկ վճարել պետությանը:

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: