Փաշինյանն այրում է ՀԱՊԿ-ի կամուրջները. Վերջին խոսքը Պուտինինն է

Nov 21, 2018 Comments Off on Փաշինյանն այրում է ՀԱՊԿ-ի կամուրջները. Վերջին խոսքը Պուտինինն է

ՀԱՊԿ-ի շուրջ ստեղծված լարված իրավիճակը շարունակում է թեժանալ: Հայաստանի վարչապետի պաշտոնակատարը հաստատել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ վերջին հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել է նաև ՀԱՊԿ-ի թեման, և որ երկխոսությունը ՀԱՊԿ բոլոր գործընկերների հետ կշարունակվի մինչև փոխադարձ ըմբռնման հասնելը։

Արդյո՞ք Փաշինյանը խոսել է ՌԴ նախագահի հետ այն իրողության վերաբերյալ, որ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ՀԱՊԿ-ում ստեղծված իրավիճակը քննարկել է կազմակերպության ոչ անդամ երկրի՝ Ադրբեջանի դեսպանի հետ. «Այո, նաև այդ հարցն է քննարկման թեմա դարձել, և մենք շարունակում ենք մեր երկխոսությունը մեր գործընկերների հետ, ՌԴ-ի հետ: Կշարունակենք Բելառուսի հետ, Ղազախստանի հետ, Ղրղզստանի հետ, Տաջիկստանի հետ, որպեսզի մենք, ի վերջո, հասնենք փոխադարձ ըմբռնման»,- ասել է Փաշինյանը:

Անդրադառնալով Բելառուսի նախագահ և Բելառուսում Ադրբեջանի դեսպանի հանդիպմանը, Նիկոլ Փաշինյանն ասել է, որ պարզաբանումներ է պահանջելու Բելառուսի և Ղազախստանի նախագահներից։ «Ես զարմացած եմ, որ 30 տարի պետության ղեկավարի կարգավիճակում եղած մարդը կարող է իրեն էդպիսի քայլ թույլ տալ: Եվ ես, իհարկե, պետք է պարզաբանումներ պահանջեմ Բելառուսի նախագահից և ոչ միայն Բելառուսի նախագահից: Մեր պայմանավորվածություններին հակասող հայտարարություն է արել նաև Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը՝ ՀԱՊԿ գագաթնաժողովի դռնփակ նիստից հետո հայտարարելով, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում նշանակվելու է Բելառուսի ներկայացուցիչը: Որևէ մեկը նման հայտարարություն անելու իրավունք չուներ, որովհետև ՀԱՊԿ-ում որոշումները կայացվում են կոնսենսուսով, իսկ մենք մեր դիրքորոշումը հստակ արտահայտել ենք, քանի դեռ մենք գործընկերության միջավայրում այլ որոշում չենք կայացրել, որևէ մեկը նման հայտարարություն անելու իրավունք չունի, և մեր ԱԳ նախարարը մեր դիրքորոշումը հստակ ձևակերպել է։ Ես ուզում եմ ասել, որ շատ կարևոր է, որ ՀԱՊԿ շրջանակներում շատ հստակ խոսակցություն ունենանք մեր դաշնակիցների հետ և կողմերից յուրաքանչյուրի համար պարզ լինի, թե ինչ պարտավորություն ունի մյուսների նկատմամբ, և մյուսներն ինչ պարտավորություն ունեն իր նկատմամբ: Եվ, ընդհանրապես, կազմակերպության անդամ երկրներն ինչ պարտավորություններ ունեն կազմակերպության և կազմակերպության անդամ մյուս երկրների հանդեպ»,- ասել է Փաշինյանը:

Իր հերթին ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանը «Տասս» գործակալությանը տված հարցազրույցում պնդել է, որ «ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը պետք է զբաղեցնի Հայաստանի ներկայացուցիչը»: Ռուսական գործակալության թղթակիցը փաստել է՝ անցած շաբաթ Աստանայում տեղի ունեցած գագաթնաժողովի ժամանակ Ղազախստանի նախագահն ասել էր, թե ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնը ռոտացիոն կարգով պետք է փոխանցվի Բելառուսին: Հարցին, արդյոք դա նշանակում է, որ Հայաստանը զրկվել է սեփական թեկնածուին առաջադրելու հնարավորությունից, և արդյոք դա ընդունելի է Երևանի համար, Զոհրաբ Մնացականյանը միանշանակ պատասխանել է՝ ոչ. «ՀԱՊԿ-ը ռազմաքաղաքական հարթակ է անվտանգության ոլորտում համագործակցող վեց պետությունների համար, և եթե ես հիմա ձեր հարցին ի պատասխան կրկնեմ այն, ինչ հայտարարում էր Հայաստանը ողջ այս ընթացքում, կարելի կլինի եզրակացնել, որ գլխավոր քարտուղարի պաշտոնը պետք է մնա Հայաստանին, և մենք այդ պաշտոնի համար կադրային շատ լավ ներուժ ունենք»: Արտգործնախարարի պաշտոնակատարը փաստարկել է՝ կազմակերպության կանոնադրությունը հստակ չի նշում՝ ինչ որոշում է պետք ընդունել գործող գլխավոր քարտուղարի լիազորությունները վաղաժամ դադարեցնելու դեպքում, միաժամանակ ընդգծել է, որ այդ հարցը պետք է որոշվի անդամ բոլոր երկրների համաձայնությամբ:

«Մենք գործող քարտուղարի լիազորությունները վաղաժամ դադարեցնելու գործընթաց սկսեցինք, քանի որ նրա հետ ներքին բնույթի իրավական խնդիրներ ունեինք, և այդ քայլին գնացինք, որ հենց սկզբից տարանջատենք կազմակերպության ու մեր ներքին հարցերը», – մանրամասնել է Մնացականյանը հավելելով․ – «Հայաստանն ուզում է ամրապնդել կազմակերպության կենսունակությունը և կառույցի անդամ վեց երկրների համախմբվածությունը»:

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը թափուր է նոյեմբերի 2-ից։ Մինչ այդ այն զբաղեցնում էր Հայաստանի Զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ Յուրի Խաչատուրովը, որին Երևանը վաղաժամ ետ կանչեց «Մարտի 1»-ի գործով մեղադրանք ներկայացնելուց հետո: ՌԴ-ից քննադատություններ էին հնչել, թե այդ քայլով Հայաստանը կասկածի տակ է դրել կառույցի հեղինակությունը: Մինչդեռ Մնացականյանը պնդել է՝ ճիշտ հակառակը, Երևանը այդ քայլը նախաձեռնել է կազմակերպությունն էլ ավելի ամրապնդելու համար:

Մինսկը կոշտ պատասխանեց պաշտոնական Երևանի հայտարարություններին: Բելառուսի ԱԳՆ մամուլի քարտուղար Անատոլի Գլազն ասել է. «Ըստ երևույթին, Հայաստանի վարչապետի պաշտոնակատարն իրեն միջազգային դատախազի տեղ է դրել, որը պատժելու կամ ներելու լիազորություն ունի: Միգուցե, դա ընդունելի էր ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար, Հայաստանի քաղաքացի Յուրի Խաչատուրովի դեպքում: Բայց միջպետական հարաբերություններում կան արարողակարգի և էտիկետի բավական հստակ նորմեր: Երևի, պարոն Փաշինյանը դեռ չի հասկացել, որ այսպես կոչված փողոցային ժողովրդավարության կանոնները մեծ քաղաքականության մեջ ընդունելի չեն: Ափսոս: Հուսանք, ժամանակի ընթացքում դա կանցնի»:

Այսպես, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարի նշանակման թեման քննարկում է Ադրբեջանի դեսպանի հետ, որին պաշտոնական Երևանն արձագանքում է՝ համարժեքորեն, որին էլ հաջորդում է Մինսկի «փողոցային» պատասխանը՝ Փաշինյանին:

Փաշինյանը, կարծես, արդեն ցույց է տալիս, որ կորցնելու ոչինչ չունի, և հարկ եղած դեպքում ՀՀ շահերը պաշտպանելիս՝ հրապարակավ պատրաստ է պատասխանել թե՛ Լուկաշենկոյին, թե՛ Նազարբաևին: Բայց ակնհայտ է նաև, որ լարումը ՀԱՊԿ-ում շարունակում է մեծանալ, ինչը արդեն Հայաստանի և անդամ պետությունների միջև լարվածության հիմք է դառնում:

Ինչ վերաբերում է Լուկաշենկոյի ու Նազարբաևի պահվածքին՝ ապա նրանք մշտապես սովոր են Հայաստանին նսեմացնել: Ըստ երևույթին, նրանք չէին սպասում, որ Հայաստանը համարժեքորեն կպատասխանի նրանց վարքագծին:

ՀԱՊԿ-ական հնաբնակները, ըստ ամենայնի Մոսկվայի՝ «оդоբրյամսով» Փաշինյանին «տեղն են դնում»՝ անհեռատես քայլի համար: Մինչև դեկտեմբերի 6-ը դեռ ժամանակ կա, և կարևոր է, թե ինչ են քննարկել Փաշինյանն ու Պուտինը: Եթե ՌԴ-ն շարունակի չեզոք դիրք գրավել, պարզ է, որ ՀՀ-ն չի կարողանալու պահել ՀԱՊԿ-ում գլխավոր քարտուղարի պաշտոնը:

Թամար Բագրատունի

Գլխավոր Թողարկում, Վերլուծություն
Մեկնաբանությունները փակ են: