Հայկական բեռնատարների առաջ բացվե՞լ են Թուրքիայի սահմանները

Nov 21, 2018 Comments Off on Հայկական բեռնատարների առաջ բացվե՞լ են Թուրքիայի սահմանները

Երեկ մի շարք թուրքական լրատվամիջոցներ, կարելի է ասել, սենսացիոն տեղեկություն հայտնեցին այն մասին, թե Թուրքիան բացել է իր սահմանները հայկական հարյուրավոր բեռնատարների համար:

Ինչպես գրել էր թուրքական հայտնի Haberturk պորտալը՝ Թուրքիայում գործող, այսպես կոչված, «Հայկական անհիմն պնդումների դեմ պայքարի» միության (որը սովորաբար հանդես է գալիս Հայոց ցեղասպանության մասին փաստերը հերքող արշավներով) ղեկավար Գյոքսել Գյուլբեյին հղումով, Անկարան թույլ է տվել 400 հայկական բեռնատարի տարեկան Տրապիզոնի նավահանգստից բեռնափոխադրումներ իրականացնել:

Ավելին՝ հաղորդվել էր, որ նման թույլտվություն է տրամադրել Վրաստանում Թուրքիայի դեսպանատունը: Այսինքն, քանի որ Հայաստան-Թուրքիա դիվանագիտական հարաբերություններ գոյություն չունեն՝ այլ երկրում Թուրքիայի դեսպանատան միջոցով է հնարավոր դարձել հայ վարորդների վիզաների հարցը լուծել:

Այս լուրն արագ տարածվեց նաև ադրբեջանական լրատվամիջոցներում: Ըստ Tert.am-ի՝ տեղեկության տարածումից հետո ադրբեջանական haqqin.az կայքի խմբագրություն է զանգահարել Թուրքիայի դեսպանատան մամուլի քարտուղարը և խնդրել հրապարակել Ադրբեջանում Թուրքիայի դեսպան Էրքան Օզարալի շտապ հայտարարությունը:

Վերջինս արագ շտապել է նշել, թե տարածված տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը: «Վրաստանում Թուրքիայի դեսպանատանը ՀՀ քաղաքացիներին աշխատանքային այցագրերի տրամադրումը՝ Տրապիզոնի նավահանգիստ բեռնատարներով հասնելու համար, քննարկման առարկա չէ»,- ասված է դեսպանի հայտարարության մեջ:

Այս տեղեկությունն ինքնին ուշագրավ է: Ստացվում է, լուրը հերքում է ոչ թե Վրաստանում Թուրքիայի դեսպանատունը, որին մեղադրում են հայ վարորդներին թույլտվություն տալու մեջ, այլ՝ Ադրբեջանում Թուրքիայի դեսպանատունը:

Անկախ նրանից, որ Անկարան Բաքվին պաշտպանում է Ղարաբաղի հարցում, ցանկացած այլ՝ հարցում, որը կարող է առնչվել Հայաստան-Թուրքիա տնտեսական հարաբերություններին՝ Բաքվում հիստերիա է առաջացնում:

Որքան էլ Ադրբեջանը ջղաձգության նոպաներ ցույց տա, միևնույն է, հարկ եղած դեպքում Թուրքիայի իշխանությունները ներկայացնում են տվյալներ, թե որքան ՀՀ քաղաքացի է այսօր ապրում ու աշխատում Թուրքիայում: Նշվում են մինչև 100 000 ՀՀ քաղաքացիների մասին:

Էրդողանը մի քանի անգամ այս մասին խոսել է, ներկայացնելով Թուրքիայի հանդուրժողական քաղաքականությունը հայերի նկատմամբ, ընդ որում շեշտելով, որ այդ հազարավոր հայերը անօրինական են բնակվում և աշխատում Թուրքիայում, բայց Անկարան մեծահոգաբար թույլ է տալիս նրանց շարունակել բնակվել ու աշխատել Թուրքիայում:

Մետաքսյա Շալունց

Գլխավոր Թողարկում, Վերլուծություն
Մեկնաբանությունները փակ են: