Մարինա Խաչատրյանն ու Գոռ Վարդանյանը հաշտվել են կոյուղաջրի աղմկահարույց միջադեպից հետո

Nov 18, 2018 Comments Off on Մարինա Խաչատրյանն ու Գոռ Վարդանյանը հաշտվել են կոյուղաջրի աղմկահարույց միջադեպից հետո

«Երկիր Ծիրանի» կուսակցության արդեն նախկին անդամ և «Արժանապատիվ Հայաստան» կուսակցության նախաձեռնող խմբի ղեկավար Մարինա Խաչատրյանը հայտնի ծեծկռտուքի միջադեպից հետո հաշտվել է սպորտսմեն, դերասան, Տարոն Մարգարյանի նախկին խորհրդական Գոռ Վարդանյանի հետ: Tert.am-ի  հետ զրույցում Մարինա Խաչատրյանը նշեց, որ ինքն ընդունել է Գոռ Վարդանյանի հրավերը՝ մասնակցելու Դուքենդո ֆեդերացիայի Հայաստանի առաջնությանը, որի ժամանակ էլ նրան Գոռ Վարդանյանը վկայական է հանձնել` որպես ֆեդերացիայի պատվավոր անդամի։

«Իհարկե կար նաև համապատասխան մոտեցում պարոն Վարդանյանի կողմից, նա էր ցանկացել, որ ամեն ինչ հարթվի, և հրավիրել էր ֆեդերացիայի միջոցառմանը: Ես չէի կարող առանց հրավերի գնալ և սիրով ընդունել եմ այդ հրավերը: Ես գտնում եմ, որ մենք մեր ժողովրդին չպետք է պառակտենք, և ես առաջին քայլն արեցի, որպեսզի օրինակ ծառայեմ մեր հայրենակիցների համար, ինձ համար բացարձակ անընդունելի է այն իրավիճակը, որ առկա է մեր հանրապետությունում, երբ մեկը մյուսի հետևից բամբասում են, ցեխ շպրտում, վիրավորում ու անպատվում: Ես ցանկանում եմ, որ մեր երկրում հարգվի բազմակարծությունը, և որպեսզի դրանք միայն խոսքեր չլինեն, իմ այդ համոզմունքը գործով ապացուցեցի»,- ասաց նա:

Հիշեցնենք, որ 2017 թվականի փետրվարի 13-ին Երևանի քաղաքապետարանում ծեծկռտուք էր տեղի ունեցել «ՀՀԿ» և «ԵԾ» խմբակցությունների ավագանու անդամների միջև։ «Երկիր Ծիրանին» Երևանի քաղաքապետարանում ավագանու 3 մանդատ ուներ: Իսկ ծեծկռտուքն առաջացավ, երբ Մարինա Խաչատրյանը կոյուղաջրով լի տարան փորձեց մոտեցնել Տարոն Մարգարյանին, սակայն դա կանխեցին ՀՀԿ-ական ավագանու անդամները, դրան խառնվեց Գոռ Վարդանյանը։

Միջադեպից հետո Մարինա Խաչատրյանը պնդում էր, որ Գոռ Վարդանյանը իրեն հարվածել է։

Մարինա Խաչատրյանը նշեց, որ հրապարակումներում իր ասածը մի փոքր աղճատվել է, և գրել են, թե Գոռ Վարդանյանը փրկել է այդ օրը իր կյանքը, մինչդեռ ինքն ասել է, որ պաշտպանել է իր կյանքը:

«Ես հավատում եմ իմ ասածին և ես գտնում եմ, որ այդ օրը ինքն ընդամենը ցանկացել էր հեռացնել ինձ դահլիճից, որպեսզի ինձ վնաս չհասցնեն, այնուհետև տեղյակ եմ, որ նա գնացել և սաստել է մնացածին և ասել, որ չի կարելի այդպես վարվել, և դրանից հետո բոլորը հանդարտվել են: Հետո դուք գիտեք, որ ես կարողացա մուտք գործել նիստերի դահլիճ:

Հետո արդեն Խաչատրյանը ենթադրում է, որ սլաքներն ուղղվեցին դեպի Գոռ Վարդանյանը, որովհետև ցանկանում էին Տարոն Մարգարյանին և մյուսներին զերծ պահել մեղադրանքներից:

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: