Ի՞նչ է գուժում Պուտին-Փաշինյան հանդիպմանը նախորդած գազային սկանդալը

Nov 20, 2018 Comments Off on Ի՞նչ է գուժում Պուտին-Փաշինյան հանդիպմանը նախորդած գազային սկանդալը

Պետական եկամուտների կոմիտեն քրեական գործ է հարուցել ընդդեմ «Գազպրոմ Արմենիա» ընկերության։ Ըստ ՊԵԿ-ի՝ Հայաստանի ամենախոշոր հարկատուներից մեկը 2016-2017 թվականների ընթացքում հարկային մարմիններին ներկայացրել է կեղծ տվյալներ ու այդպիսով մի քանի միլիարդ դրամի չափով պակաս հարկ է վճարել բյուջե։Կոմիտեի քննչական վարչության պետ Էդուարդ Հովհաննիսյանը «Ազատության» հետ զրույցում ասել է, որ «Գազպրոմ Արենիայում» ստուգումները դեռ շարունակվում են, վարկածները շատ են, բայց հարկային մարմինն արդեն ունի նախնական պատկերացում, թե ինչպես են կատարվել տվյալ չարաշահումները։
«Հաշվապահական հաշվառման սխալ ձևակերպումներ կատարելով, ավել ծախսեր ներկայացնելով հաշվետվություններում, ավելացված արժեքի հարկով ավել հաշվանցումներ կատարելու արդյունքում պակաս հարկային պարտավորություններ են հաշվարկվել, որոնք, նախնական տվյալներով, կատարված նախնական հաշվարկի շրջանակներում հասնում են մի քանի միլիարդ դրամի։ Ընկերության վերջնական հարկային լրացուցիչ պարտավորությունները դեռևս պիտի ճշգրտվեն ինչպես քրեական գործով ձեռնարկվող դատավարական քննչական գործողությունների արդյունքում, այնպես էլ ստուգողական աշխատանքների արդյունքում։ Ստուգման գործընթացը դեռևս շարունակվում է, նախաքննությունը նոր է սկսվել, քրեական գործը նոր է հարուցվել»,- հայտարարել է վարչության պետը:
Ըստ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության՝ «Գազպրոմ Արմենիա» ընկերության թույլ տված չարաշահումների մասին են վկայում նաև գազի կորուստների, ինչպես նաև ավտոգազալցավորման ճնշակայաններին (ԱԳԼՃԿ-ներին) մատակարարված բնական գազի ծավալների մասով կատարված համեմատական հետազոտությունների վերաբերյալ տվյալները: Պարզվել է, որ բաշխման համակարգում կորուստների մեծությունը 2018 թվականի հունիս-հուլիս ամիսներին 2018 թվականի հունվար-մայիսի համեմատությամբ նվազել է միջին հաշվով 3 անգամից ավելի: Միաժամանակ, կատարված համեմատական հետազոտությունների արդյունքում պարզվել է, որ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի կողմից ավտոգազալցավորման ճնշակայաններին (ԱԳԼՃԿ-ներին) մատակարարված բնական գազի ծավալները հունիս-սեպտեմբեր ամիսներին 2018 թվականի առաջին հինգ ամիսների համեմատությամբ ավելացել են շեշտակի՝ մոտ 37 տոկոսով, որի դրսևորումները նույնպիսի համամասնությամբ միաժամանակ արձանագրվել են նաև ավտոգազալցավորման գործունեությամբ զբաղվող մի շարք ընկերությունների կողմից սպառվող բնական գազի սպառման ծավալներում:
Վերոգրյալի հիման վրա ՊԵԿ քննչական վարչությունում նախապատրաստված նյութերով ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Կատարվում են անհրաժեշտ քննչական և դատավարական գործողություններ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի թույլ տված չարաշահումների հետևանքով պետությանը պատճառված վնասի չափը հստակեցնելու, ինչպես նաև բնական գազի սպառման ոլորտում կոռուպցիոն դրսևորումները բացահայտելու ուղղությամբ:
«Գազպրոմ Արմենիա» ընեկրությունը պատասխան հաղորդագրություն էր տարածել, և ՊԵԿ-ի այդ քայլը որակել բարի համբավի արատավորում, իսկ ՊԵԿ-ի մամուլով տարածած տեղեկատվությունը՝ միանգամայն անհիմն: «Գազպրոմ Արմենիան» վստահեցնում է, որ ստուգումները դեռ ընթացքի մեջ են, եւ որ ՊԵԿ համեմատական հետազոտությունները կատարվել են ոչ համադրելի ժամանակաշրջանների եւ ոչ համադրելի մեծությունների հիման վրա: «Ընկերությանը ներկայացված չէ վարչական մարմնի կողմից ձեռք բերված որեւէ ապացուցողական փաստ, ինչը, Ընկերության կարծիքով, հանգեցրել է անհեթեթ եզրահանգումների»,- ասված է ընկերության հաղորդագրության մեջ:

Հրավիրված մամուլի ասուլիսում ընկերության գործադիր տնօրեն Հրանտ Թադևոսյանը հայտարարել է, որ հարկային մարմնի բերած հիմնավորումներն անհիմն են և չվճարված հարկ գոյություն չունի:
Բոլոր հարցերի պատասխանն, անշուշտ, պետք է տա քննությունը, բայց հատկանշական է, որ գազային սկանդալը պայթեց Աստանայում տեղի ունեցած ՀԱՊԿ գագաթաժողովից անմիջապես հետո: Դեկտեմբերի 6-ին սպասվում է Պուտին-Փաշինյան հանդիպումը, որի ժամանակ, ըստ նախնական տեղակությունների, քննարկվելու է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի ընտրության և գազի սակագնի նվազեցման հարցը: Հանդիպումից առաջ ռուսական խոշորագույն մագնատի՝ «Գազպրոմ»-ի դուստր ձեռնարկության դեմ ուղղված նման արշավանք կարող է անկանխատեսելի հետևանք ունենալ բանակցությունների վրա: Ի՞նչ հաշվարկ է արել հայկական կողմը՝ դժվար է ասել: Այս հաշվարկի արդյունավետությունը, սակայն, կերևա բանակցությունների ընթացքը՝ ՀԱՊԿ նախագահի ընտրության և գազի գնի հարցում:

 

Հայկ Դավթյան

Գլխավոր Թողարկում, Լուրեր, Վերլուծություն
Մեկնաբանությունները փակ են: