Դերային ճգնաժամ

Nov 18, 2018 Comments Off on Դերային ճգնաժամ

Նիկոլ Փաշինյանի մոտ վարչապետ դառնալուց հետո ակնհայտորեն կա դերային ճգնաժամ: Դա ինչ-որ առումով բնական պետք է համարել, քանզի հեշտ չէ շատ կարճ ժամանակահատվածում 180 աստիճանով փոխվել, բայց եթե սա երկար ձգվի, ապա խնդիրներ կառաջացնի ոչ միայն Փաշինյանի, այլ նաև Հայաստանի համար: Ի դեպ, արդեն առաջացրել է:

Փաշինյանի մոտ դերային տրանսֆորմացիայի հետ կապված խնդիրներն իրենց զգացնել են տալիս և՛ ներքին կյանքում, և՛ արտաքին:

Մենք ունենք Փաշինյան-լրագրող, Փաշինյան-միտինգավար, Փաշինյան-ընդդիմադիր, Փաշինյան-վարչապետ, Փաշինյան-պոպուլիստ, Փաշինյան-ռացիոնալիստ, Փաշինյան-հետապնդող, Փաշինյան-հետապնդվող, Փաշինյան-հեղափոխական, Փաշինյան-հակահեղափոխական, Փաշինյան-մերժող, Փաշինյան-չմերժող, Փաշինյան-կապիտալիստ, Փաշինյան-բոլշևիկ, Փաշինյան-հակաօլիգարխիստ, Փաշինյան-օլիգարխաֆիլ, Փաշինյան-բռնող, Փաշինյան-բաց թողնող, Փաշինյան-ժողովրդավար, Փաշինյան-դիկտատոր, Փաշինյան-տարածք հանձնող, Փաշինյան-ոչմիթիզհողական, Փաշինյան-ռուսատյաց, Փաշինյան-ռուսամետ և այլն:

Այս բոլոր դերերի մեջ Փաշինյանը կարող է հայտնվել նույն օրվա ընթացքում: Նա ակնհայտորեն իրեն հարմարավետ է զգում ընդդիմադիր խմբագրի ու փողոցային առաջնորդի կարգավիճակում: Կաբինետային մթնոլորտը նրան խորթ է և առաջացնում է «չար տնակի» դեմ պայքարելու ենթագիտակցական ցանկություն, ասել է թե՝ շատ հաճախ Նիկոլը դուրս է գալիս պարոն Փաշինյանի դեմ:

Փաշինյանն ակնհայտորեն չի զգում, որ «դուխով» կեպկան այլևս պետք է պահել տանը՝ որպես հիշատակ, և մտնել նոր իմիջի մեջ:

Փողկապը, կաբինետային քննարկումները, նիստերը և չինովնիկական «կենցաղը» նյարդայնացնում են նրան: «Գըմփ-գըմփ-հո՛ւ»-ն ավելի հոգեհարազատ է, քան, ասենք, Հարկային օրենսդրության բարեփոխումների փաթեթ քննարկելը: Ավելի հաճելի է սահմանագծում զինվորների հետ սելֆի անելը, քան երկրի անվտանգության ապահովման հարցերով մասնագիտական քննարկումներ անցկացնելը:

Երբ ընդդիմադիր ու էժանագին սենսացիաներ փնտրող թերթի խմբագիրն է չստուգված լուրերը տարածում ու դրանց հիման վրա գնահատականներ տալիս և վերլուծություններ անում, դա կարելի է հասկանալ: Բայց երբ երկրի ղեկավարն է օդում բաներ «կրակում» ու դրա հիման վրա գնահատականներ տալիս, ապա դա վտանգավոր է պետության ու հանրության համար: Բամբասանքների ու սեփական պատկերացումների հիման վրա քրեական հետապնդումներ իրականացնելն անթույլատրելի է:

Եթե նախկինում Փաշինյանը դեմ էր ԵԱՏՄ-ին ու ՀԱՊԿ-ին, ապա այժմ նա կողմ է դրանց, ինչը հասկանալի է, բայց անհասկանալի են այն քայլերը, որոնք արվում են արտաքին քաղաքական ոլորտում: Չի՛ կարելի քայլ անել, հետո նոր մտածել կամ նույնիսկ քայլ անելուց հետո չմտածել:

Չէր կարելի «Մարտի 1»-ը օգտագործել ներքաղաքական խաղերում ու դառնալ «Մարտի 1»-ի գերին՝ օգտագործված ու գերեվարված վիճակի մեջ դնելով Հայաստանին:

Չի՛ կարելի «ասֆալտին փռելու» հրաման արձակել հանրահավաքային հարթակից, հետո ներդրումների ակնկալիք ունենալ: Ո՞վ է հիմար, որ նման մթնոլորտում բիզնես զարգացնի: «Ասֆալտին փռվածներից» ո՞ր մեկը ներդրում կանի մի երկրում, որտեղ վարչապետը հրահանգներ է տալիս ԱԱԾ-ին ու ոստիկանությանը սկսել ռեյդեր և 2 ժամից իրեն զեկուցել. սա կոմպլեքսներ ու կառավարչական լուրջ խնդիրներ ունեցող մարդու վարքագիծ է:

Ինչպե՞ս կարելի է արտաքին ներդրումներ ակնկալել այն դեպքում, երբ այդ պոտենցիալ ներդրողների մոտ դժգոհում ես, որ Հայաստանում կա 800 հազար լոդր ու պարազիտ: 800 հազար լոդրի մասին կարելի է խոսել փակ կաբինետում ու փորձել ելքեր գտնել, իսկ ահա հրապարակավ չի կարելի հայտարարել մի բան, որից միայն տուժելու ես:

350 հազարին ու 800 հազարին մե՛րթ քծնելով, մե՛րթ հարվածելով՝ երկուսի համար էլ դառնում ես օտար և երկուսին էլ կորցնում:

Դերային խնդիրները խոր արմատներ ունեն Փաշինյանի մոտ: Նա մինչև վարչապետ դառնալը ապրել է մի աշխարհում, իսկ այժմ իր համար նոր աշխարհ է բացահայտում: Բացահայտում է ու շոկ ապրում:

Նրա համար շոկային բացահայտում են ինչպես պետական կառավարումը, այնպես էլ միջազգային հարաբերությունները: Նրան թվացել է, որ չինովնիկները առավոտից-երեկո թալանով են զբաղված, բայց հիմա հասկանում է, որ այդպես չէ, և տնտեսության թռիչքային զարգացումն ապահովելու համար պետք է ոչ թե «դուխով» հակակոռուպցիոն «մասկի-շոուներ» կազմակերպել, այլ խելք բանեցնել, ինչը դժվար է և ինչին պատրաստ չեն երիտհեղափոխականները:

Որպես նախկին խմբագիր և ընդդիմադիր գործիչ՝ Փաշինյանը մշտապես բացասական լույսի ներքո է ներկայացրել Պուտինին, Նազարբաևին, Լուկաշենկոյին: Հիմա նա հայտնվել է այդ մարդկանց հետ միևնույն ակումբում և չի կարողանում ադապտացվել իրավիճակին. նրա մեջ դեռ նստած է պոպուլիստ-լրագրողն ու ամբոխի առաջնորդը:

Փաշինյանը կոչ արեց Լավրովին ադապտացվել Հայաստանին, բայց Հայաստանը ոչ մի կերպ չի կարողանում ադապտացվել ու համարժեք պահել իրեն մեր առջև ծառացած խնդիրներին: Նա ստեղծեց խնդիրներ ՀԱՊԿ-ում ու հիմա փորձում է հերոսաբար հաղթահարել դրանք՝ հանդիպելով Բելառուսի ԱԳՆ խոսնակի հեգնական ու բարոյախրատական պատասխանին (նման բան չի եղել անկախ Հայաստանի որևէ ղեկավարի հանդեպ):

Մի խոսքով, «Ալիսան» հայտնվել է «հրաշքների» աշխարհում և դա ամեն օր իրեն զգացնել է տալիս: Փաշինյանը, հետևաբար, շատ արագ պետք է ադապտացվի իր նոր կարգավիճակին, այլապես մեր ներքին ու արտաքին մարտահրավերները Հայաստանն այնպես կշրջափակեն, որ մենք չենք հասցնի ադապտացվել ու լուրջ խնդիրների առաջ կկանգնենք:

Դեկտեմբերի 9-ից հետո Փաշինյանը գրեթե 100-տոկոսանոց հավանականությամբ վարչապետ կդառնա: Դրանից հետո պետք է հուսալ, որ դերային կոնֆլիկտը կանցնի, ու մենք բոլորս կտեղափոխվենք ռացիոնալ դաշտ:

Կորյուն Մանուկյան

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: