Խոշոր ավտովթար Երևանում. Իսակովի պողոտայում բախվել են 29-ամյա վարորդի Samand-ն ու 46-ամյա վարորդի ВАЗ 21043-ը

Nov 18, 2018 Comments Off on Խոշոր ավտովթար Երևանում. Իսակովի պողոտայում բախվել են 29-ամյա վարորդի Samand-ն ու 46-ամյա վարորդի ВАЗ 21043-ը

Այսօր՝ նոյեմբերի 18-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 12:50-ի սահմաններում Իսակովի պողոտայում Ոստիկանության Զորքերի 1033 զորամասի հարևանությամբ բախվել են Երևանի բնակիչ, 46-ամյա Անաստաս Ջավարյանի վարած ВАЗ 21043 մակնիշի 34 GG 004 համարանիշի և Երևանի բնակիչ, 29-ամյա Կարեն Գևորգյանի վարած Samand մակնիշի 35 FA 561 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 4 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Աստղիկ բժշկական կենտրոն:

Դեպքի վայր է ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտկական հաշվարով: Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազաբալոններն ու սահմանազատել տարածքը: Բախման հետևանքով 2 ավտոմեքենաները դուրս են եկել երթևեկելի գոտուց և հայտնվել դաշտում և մայթին: Հարվածի արդյունքում էլ վնասվել է գազախողովակի հենասյունը: Օպերատիվորեն ժամանել են Գազպրոմ Արմենիա Երևանի ԳԳՄ և ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչները: Դեպքի վայր են ժամանել նաև ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ դասակի ծառայողները: Վթարի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Գարիկ Հակոբյանը տեղեությունը փոխանցել է Ճանապարհային Ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է հերթապահ խումբը՝ բաժանմունքի պետ Խաչիկ Սամվելյանի և հետաքննիչ Անդրանիկ Շահբազյանի գլխավորությամբ: Փաստի առթիվ Ա. Շահբազյանի կողմից նյութեր են նախապատրաստվում: Ոստիկանությունը պարզում է է վիրավորների ինքնությունը:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: