Փաշինյանին դաս են տալիս

Nov 20, 2018 Comments Off on Փաշինյանին դաս են տալիս

Բելառուսի արտգործնախարարության մամուլի խոսնակ Անատոլի Գլազը հակադարձել է Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին՝ հայտարարելով, թե նրա արտահայտությունները դեմ են միջազգային հարաբերություններում գոյություն ունեցող արարողակարգի նորմերին և էթիկային:

«Հավանաբար, Հայաստանի վարչապետի պաշտոնակատարն իրեն միջազգային դատախազ է զգում՝ լիազորված պատժելու կամ ներելու: Հնարավոր է, դա ընդունելի է ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար, Հայաստանի քաղաքացի Յուրի Խաչատուրովի դեպքում, բայց միջպետական հարաբերություններում արարողակարգի ու էթիկետի հստակ նորմեր կան: Երևի, պարոն Փաշինյանը դեռ չի հասկացել, որ այսպես կոչված փողոցային ժողովրդավարության կանոններն անընդունելի են մեծ քաղաքականությունում: Ափսոս: Հուսով ենք ժամանակի հետ կանցնի»,- Գլազի խոսքը մեջբերում է Բելտա գործակալությունը:

Հիշեցնենք՝ մինչ այդ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ պարզաբանումներ է պահանջելու Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյից և Ղազախաստանի նախագահ Նորսուլթան Նազարբաևից՝ Ադրբեջանի դեսպանի հետ հանդիպման ժամանակ հնչեցրած հայտարարությունների վերաբերյալ: Փաշինյանը մասնավորապես զարմանք է հայտնել, որ Լուկաշենկոն ՀԱՊԿ-ի՝ Հավաքական անվտանգության խորհրդի դռնփակ նիստից հետո Բելառուսում Ադրբեջանի դեսպանին պատմել է դռնփակ ֆորմատում տեղի ունեցած քննարկումների մասին:

«Ես, իհարկե, պետք է պարզաբանումներ պահանջեմ Բելառուսի նախագահից և ոչ միայն Բելառուսի նախագահից»,- ասել է Փաշինյանը։ Ըստ նրա՝ պայմանավորվածություններին հակասող հայտարարություն է արել նաև Ղազախստանի նախագահ Նորսուլթան Նազարբաևը՝ ՀԱՊԿ-ի գագաթնաժողովի դռնփակ նիստից հետո հայտարարելով, որ ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում նշանակվելու է Բելառուսի ներկայացուցիչը:

«Որևէ մեկը նման հայտարարություն անելու իրավունք չուներ, որովհետև ՀԱՊԿ-ում որոշումները կայացվում են կոնսենսուսով, իսկ մենք մեր դիրքորոշումը հստակ արտահայտել ենք. քանի դեռ մենք գործընկերային միջավայրում այլ որոշում չենք կայացրել, որևէ մեկը նման հայտարարություն անելու իրավունք չունի: Մեր արտաքին գործերի նախարարն էլ այսօր մեր դիրքորոշումը հստակ ձևակերպել է, և ես ուզում եմ ասել, որ մենք կարծում ենք, որ կարևոր է, որպեսզի ՀԱՊԿ շրջանակներում մենք շատ հստակ խոսակցություն ունենանք մեր դաշնակիցների հետ, և կողմերից յուրաքանչյուրի համար պարզ լինի, թե ինքը ինչ պարտավորություն ունի մյուսների նկատմամբ և մյուսները ինչ պարտավորություն ունեն իր նկատմամբ»,- ընդգծել է Փաշինյանը:

Նա նաև հայտնել է, որ այսօր Ռուսաստանի նախագահի հետ ունեցած հեռախոսազրույցի ժամանակ նաև այդ հարցն է քննարկել. «Մենք շարունակում ենք մեր երկխոսությունը մեր գործընկերների հետ՝ Ռուսաստանի հետ, կշարունակենք Բելառուսի հետ, Ղազախստանի հետ, Ղրղըզստանի և Տաջիկստանի հետ, որպեսզի ի վերջո հասնենք փոխըմբռնման»:

Ինչպես հայտնի է, Հայաստանը ՀԱՊԿ նախագահությունից հետ կանչեց իր ներկայացուցիչ Յուրի Խաչատուրովին:  Հայաստանի պաշտոնավարման ժամկետը լրանում է՝ 2020 թվականին, սակայն Աստանայում ՀԱՊԿ վեհաժողովի ժամանակ պարզ դարձավ, որ Հայաստանը կարող է զրկվել կառույցը ղեկավարելու իրավունքից: Եվ ահա Հայաստան վերադառնալուց հետո Փաշինյանը հանդես եկավ վերը նշված հայտարարությունով, ինչին էլ հաջորդեց Բելառուսի ԱԳՆ խոսնակի արձագանքը: Հատկանշական է, որ Հայաստանի ղեկավարին պատասխանում են  ԱԳՆ խոսնակի մակարդակով, և սա կոնկրետ վերաբերմունք է մեր երկրի նկատմամբ: Դե իսկ հռետորաբանությունը դուրս է դիվանագիտական էթիկայի սահմաններից: Այնպիսի տպավորություն է, որ Մինսկից որոշել են հեռավար դաս տալ Փաշինյանին: Իսկ Մոսկվան առայժմ լուռ է. հետաքրքիր է՝ ի՞նչ կասի Պուտինը դեկտեմբերի 6-ին, երբ վերջնական որոշում կայացվի ՀԱՊԿ նախագահի հարցում:

 

Հայկ Դավթյան

 

Գլխավոր Թողարկում, Լուրեր, Վերլուծություն
Մեկնաբանությունները փակ են: