«Հակառակորդը դուրս է եկել այն տարածքի վրա, որտեղ հսկում է մեր մայրուղին»

Nov 17, 2018 Comments Off on «Հակառակորդը դուրս է եկել այն տարածքի վրա, որտեղ հսկում է մեր մայրուղին»

Նախիջեւանում ադրբեջանական մարտական դիրքերի առաջ բերման պատմությունը որքան էլ կոծկվեց ու շղարշվեց` հանրության ուշադրությունը շեղելով ԱԱԾ բացահայտումների վրա, այդուհանդերձ, իրավիճակը շարունակում է մտահոգիչ մնալ: Հիշեցնենք, որ ադրբեջանական աղբյուրները պնդում էին, թե առաջխաղացման արդյունքում 11 հազար հեկտար մինչ այս չեզոք համարվող տարածք են վերահսկողության տակ առել, իսկ Պաշտպանության նախարարությունը հերքում էր միայն թիվը: Իրականում ի՞նչ է տեղի ունեցել եւ ի՞նչ վտանգներով է հղի սահմանային իրավիճակը, «Իրավունքը»պարզեց Հատուկ նշանակության հետախուզադիվերսիոն խմբի հիմնադիր-հրամանատար, հետախույզՎՈՎԱ ՎԱՐԴԱՆՈՎԻՑ:

– Պարոն Վարդանով, այդպես էլ հանրության համար մշուշոտ մնաց, թե ինչ  իրավիճակ է Նախիջեւանի սահմանում, որովհետեւ ՊՆ-ն որոշ փորձագետների տարել էր տեղում իրավիճակին ծանոթանալու, նրանք էլ լծվել են հերքելուն, թե   անհանգստանալու առիթ չկա: Բայց այն, որ տեղաշարժ կա հակառակորդի կողմից եւ մտահոգիչ է, դեռեւս չի հերքել որեւէ լուրջ ռազմական փորձագետ:

– Դրա համար էլ այդ այցի ժամանակ ինձ չէին կանչել, որովհետեւ գիտեն` ինչ կա, այդպես էլ ասելու եմ: Այո, իրավիճակը մտահոգիչ է եւ հարյուր տոկոս անհանգստանալ պետք է, իսկ պանիկայի մեջ ընկնել մենակ գժերին է կարելի: Եթե մենք նորմալ, խելքը գլխին մարդ ենք, գոնե այդպիսին մեզ համարում ենք, պետք է սկսենք լարված աշխատել, որովհետեւ աշխատելու շատ տեղ կա: Բա դիրքերն իրենց բարելավել են` ահագին առաջ գալով, մտահոգիչ չէ՞: Առաջ, եթե մեր դիրքապահները թուրքին հեռվից հեռադիտակով էին տեսնում, հիմա պարսատիկով կարող են իրար խփել: Միեւնույն ժամանակ, իրենք դուրս են եկել այն հեռավորության վրա, որով տեսնում են Երեւան-Մեղրի մայրուղին ու մայրուղու վրա կարող են իրենց հրետանին հարմարեցնել` առանց անօդաչու վերեւ հանելու: Դրա հետեւանքով մայրուղով տեղաշարժվող զորքերը, զենքը, զինամթերքը կարող է կրակի տակ առնվի` հողի վրայից այդ պահին ճշգրտելով կրակի թիրախների տեղը: Այս ամենը մտահոգիչ չէ, բա ի՞նչ է:

– Ադրբեջանական ռազմական հենակետերի տեղաշարժերի հետեւանքով մոտավորապես` որքա՞ն չեզոք տարածք է անցել Ադրբեջանի վերահսկողության տակ:

– Արենի գյուղի մոտ է, ախր ինչպես ասեմ, որ պանիկա չդառնա: Անհանգստանալու խնդիր չկա, եթե իրավիճակն այսպես խաղաղ է. մեկ-մեկ իրար սպանում ենք` մեկ իրենք են մի երիտասարդ սպանում, մեկ` մենք ենք մի ասկյար էն աշխարհ ուղարկում: Բայց ապագայում` օրերից մի օր, եթե լայնամասշտաբ գործողություն լինի, ինչպե՞ս չանհանգստանաս, բա թշնամին տեսնում է քո մայրուղին, որը Զանգեզուրը, Վայքը, Արցախ աշխարհը սնուցող երակներից մեկն է, ու կարելի է ասել` միակն այդ ուղղության վրա:

«ՀԱԿԱՌԱԿՈՐԴԸ ԴՈՒՐՍ Է ԵԿԵԼ ԱՅՆ ՏԱՐԱԾՔԻ ՎՐԱ, ՈՐՏԵՂ ՀՍԿՈՒՄ Է ՄԵՐ ՄԱՅՐՈՒՂԻՆ»

– Մինչեւ հիմա անընդհատ շեշտվում է, թե նախկին իշխանությունների պատճառով 800 հեկտար հող է հանձնվել, հնարավո՞ր է, որ որոշ ժամանակ անց պարզվի Նախիջեւանի սահմանում էլ վերջերս ենք մի քանի հարյուր հեկտար հող հանձնել, որի մասին լռում են:

– Այդ 800 հեկտարին դեռ այն ժամանակ անդրադառնալով` ասել եմ` դրանք դիլետանտական սխալ մոտեցումներ են: Թուրքն այն ժամանակ ոչ թե 800 հեկտար է վերցրել, այլ 20-30 հեկտար, բայց 800 հեկտար դարձել է իր նշանառության տակ եւ մեր նշանառությունից դուրս: Այսինքն` գրավել են այն տարածքը, որի վրա նստած են: Իսկ այստեղ մի քիչ ուրիշ պատկեր է, ու հարցը հեկտարների մեջ չէ: Հակառակորդը դուրս է եկել այն տարածքի վրա, որտեղ հսկում է մեր մայրուղին: Ու եթե դու Երասխավանի հատվածում երկու-երեք մետր հող լցնելով` արդեն չես թողնում, որ ճանապարհի վրա եղած մեքենային տեսնեն ու համապատասխան ճշգրիտ խոցումներ ապահովեն, ապա այստեղ քո բարձրացվող պատը պետք է լինի մի քանի տասնյակ կամ հարյուր մետր, այսինքն` անհնարին մի բան: Ստացվում է, որ դու պետք է ճանապարհներ որոնես` կա՛մ շրջանցես այդ հատվածը, կա՛մ էլ հակառակորդի այդ դիրքն, ամեն դեպքում, ոչնչացնես:

– Ո՞ւմ բացթողումն էր սա, որ Նախիջեւանի սահմանում, որտեղ ժամանակին թվում էր, թե ամենահարմար դիրքերում մենք ենք, ունեցանք այս պատկերը:

– Միանշանակ, Պաշտպանության նախարարության: Ամեն ինչի համար պատասխան է տալիս նա, ում վստահված է այդ գործը: Պաշտպանության նախարարությունը չգիտեմ, թե ինչից դրդված լինելով` պասիվ է վերաբերվել թուրքական շինարարական աշխատանքներին եւ կամաց-կամաց այդ ճանկռտոցիների պատրաստությանը: 2016-ից ՊՆ-ն միշտ ուշադիր է եղել, բայց այս անգամ ինչո՞ւ էր անուշադիր, դրա պատասխանը դուք որոնեք:

Մանրամասն՝Իրավունքի այսօրվա համարում

Գլխավոր Թողարկում, Մամուլ
Մեկնաբանությունները փակ են: