5 տարի բուժվել է գոյություն չունեցող քաղցկեղի դեմ
ԱՄՆ Կոլորադոյից Ջեյմս Սալազը դեռեւս 2012 թվականին դիմել է Montrose Memorial Hospital հիվանդանոց՝ գանգատվելով թեւատակերի կոշտացումներից, որտեղ բժիշկների մի շարք անալիզներից հետո նրա ձախ թոքում ինչ-որ «շեղումներ» են հայտնաբերել: Բիոպսիա կատարելուց հետո բժիշկները հիվանդին հայտնել են, որ նրա մոտ առկա է քաղցկեղի հազվագյուտ տեսակ՝ Լանգերհանսի բջիջների հիստիոցիտոզ (Langerhans Cell Histiocytosis(LCH)), որի դեպքում արյան սպիտակ բջիջների ավելցուկային քանակությունը ամբողջ օրգանիզմում ուռուցքներ է առաջացնում:
Սալազն ամբողջ 5 տարի քիմիաթերապիա եւ ցավազրկողներ է ստացել՝ հույս ունենալով քաղցկեղը բուժել, որը, ինչպես հետո է պարզվել, գոյություն չուներ:
Տղամարդը քիմիաթերապիայի մի քանի սեանս է անցել, որոնք նրա մոտ սաստիկ ցավեր են առաջացրել, որոնց պատճառով նա ստիպված էր ցավազրկողներ ընդունել:
Նրա տառապանքը տեւել է ամբողջ 5 տարի: Մի օր Ջեյմսը ուղեւորվել է այլ բժշկի հետ հանդիպման, որը ապշահար հիվանդին ասել է, որ նրա մոտ ոչ մի քաղցկեղ չկա եւ չի եղել: Իրականում Ջեյմսը տառապում էր վասկուլիտով, որն առաջացնում է արյունատար անոթների բորբոքումներ: