Վերջին խայտառակությունը

Nov 20, 2018 Comments Off on Վերջին խայտառակությունը

Հեռացող Ազգային ժողովը նախօրեին իրագործեց ամենաանփառունակ քվեարկությունը՝ չընդունելով կաթողիկոսին պետական պահպանություն տրամադրելու նախագծին:

Օրենսդրական նախաձեռնության հեղինակները ՀՀԿ-ական մի քանի պատգամավորներ էին, բայց խնդիրը բնականաբար դուրս էր նեղ քաղաքական և կուսակցական շահերից: Կառավարությունն ի սկզբանե դեմ էր արտահայտվել նախագծին՝ այն հիմնավորմամբ, որ կաթողիկոսը բարձրաստիճան պաշտոնյա չէ, և անհրաժեշտության դեպքում կառավարությունը նրան կարող է հատկացնել անհրաժեշտ պաշտպանություն: Մինչ հիմնավորումներին անդրադառնալը նշենք, որ հեռացող խորհրդարանը մերժեց նախագիծը. կողմ քվեարկեցին միայն դահլիճում ներկա ՀՀԿ-ականները, ՀՀԴ-ակաները և մեկ պատգամավոր Ելք խմբակցությունից՝ Գևորգ Գորգիսյանը: Երիտասարդ Գորգիսյանը ապացուցեց, որ ինչպես ցանկացած ասպարեզում, այնպես էլ քաղաքականության մեջ արյունն ու գեներն ամեն դեպքում ավելի հզոր գործոններ են, քան քաղաքական որոշումները: Սահմանադրությունը պատգամավորին իրավունք է տալիս քվեարկել համաձայն սեփական խղճի և համոզմունքների, և եթե քաղաքական թիմի որոշումը սեփական համոզմունքներին չի համապատասխանում, ապա պատգամավորը պետք է առաջնորդվի իր համոզմունքներով: Այս տեսանկյունից Գևորգ Գորգիսյանի կողմ քվեարկելու քայլն արժանի էր հարգանքի: Նա ապացուցեց, որ իզուր չի կրում Գորգիսյան ազգանունը /նա ազգային հերոս Մովսես Գորգիսյանի եղբոր որդին է-խմբ./:

Ինչևէ, ԲՀԿ-ն քվեարկեց ձեռնպահ՝ թերևս չկամենալով հարցեր ունենալ կառավարության հետ: Չնայած այն հանգամանքին, որ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հայտնի է եկեղեցի կառուցելու նախաձեռնություններով, սակայն պարզվում է՝ նրա ղեկավարած ուժը նպատակահարմար չի գտնում Հայ առաքելական եկեղեցու առաջնորդի  պաշտպանությունն ապահովել: Ելք խմբակցության պատգամավորները հիմնավորումներ ներկայացրին, թե կարիք չկա վեհափառին պաշտպանել հայ ժողովրդից, և եթե նման կարիք լինի, ապա պետությունը, ըստ անհրաժեշտության, կարող է թիկնազոր տրամադրել վեհափառին:

Իրականում մինչև այս պահը կաթողիկոսն օրենքով չի ունեցել պետական պահպանություն թերևս այն պատճառով, որ չի եղել դրա անհրաժեշտությունը: Ի վերջո, այդ նույն ՀՀԿ-ն երկար տարիներ սրտի ուզած օրենքը կարողանում էր հանգիստ անցկացնել խորհրդարանում: Կարող էր նաև կաթողիկոսի պահպանության հարցին լուծում տալ դեռ այն ժամանակ, երբ ընդունվում էր պետական բարձրաստիճան անձանց պահպանության մասին օրենքը: Սակայն անկախության 28 տարիների ընթացքում այս հարցը օրակարգ չի մտել, չնայած որ խորհրդային տարիներին, ինչպես նշեց ՀՀԿ-ական պատգամավորներից մեկը, կաթողիկոսն ունեցել է պետական պահպանություն: Անցած ժամանակահատվածում, սակայն, կաթողիկոսի անվտանգության հարցն անտեսվել է, և սա նաև Պապից ավելի կաթոլիկ ձևացող ՀՀԿ-ականների բացթողումն է: Նրանք պարտավոր էին այդ օրենքն ընդունել՝ անկախ նրանից Վեհափառն ուներ դրա անհրաժեշտությունը, թե ոչ: Ի վերջո, աշխարհի բազմաթիվ հոգևոր առաջնորդներ, այդ թվում նաև Հռոմի պապը, ունեն հատուկ պահպանության և անվտանգության ծառայություն, այլ հարց է, որ բազմաթիվ այցերի ժամանակ վերջինս հրաժարվում է այդ ծառայությունից:

Ինչ վերաբերում է Ամենայն հայոց հայրապետին, ապա նա՝ որպես Հայ առաքելական եկեղեցու առաջնորդ, կարող է ունենալ հատուկ պետական պահպանություն, որից օգտվելը կամ հրաժարվելը կարող է լինել կաթողիկոսի որոշումը: Հանուն արդարության պետք է նշել, որ կաթողիկոսին անվտանգության ծառայություն տրամադրելու հարցն առաջացավ վերջերս, երբ ինչ-որ խմբեր ակտիվորեն սկսեցին ներխուժել Մայր Աթոռի տարածք և պահանջել կաթողիկոսի հրաժարականը:

Հիմնական մտավախությունը, թե Առաքելական եկեղեցու առաջնորդին պետական պահպանություն տրամադրելու դեպքում կարող է միջազգային աղմուկ բարձրանալ, թե ինչու պետությունը նույն ծառայությունը չի մատուցում նաև այլ եկեղեցիների առաջնորդներին, ունի շատ հստակ պատասխան՝ ՀՀ սահմանադրությունը սահմանել է միայն Հայ առաքելական եկեղեցու բացառիկությունը: Պետության իրավունքն ու պարտականությունն է՝ եկեղեցու նկատմամբ ցուցաբերել վերաբերմունք՝ անկախ կաթողիկոսի անձից: Խոսքն այստեղ ոչ թե անձի, այլ եկեղեցու՝ որպես ազգային խորհրդանիշի մասին է: Ի վերջո, կարելի է տարբեր կերպ վերաբերվել կաթողիկոսին և եկեղեցու այս կամ այն սպասավորին, բայց անհնար է չընդունել այն կարևոր պատմական խոշոր դերակատարումը, որ ունեցել է հայ եկեղեցին մեր ժողովրդի կայնքում: Հայ առաքելական սուրբ եկեղեցին քրիստոնյա աշխարհում ունի կարևոր դիրք, նաև հարգանք ու քաղաքակրթական հետք, որն անթույլատրելի է հարվածի տակ դնել՝ ինչ-որ անհասկանալի խմբավորումների հաճոյանալու համար: ՀՀ բոլոր քաղաքացիները օրենքի առաջ հավասար են՝ անկախ իրենց կրոնական, քաղաքական և անգամ սեռական հայացքներից, բայց Հայ առաքելական եկեղեցու նկատմամբ պետական հատուկ վերաբերմունքը չի հակասում որևէ քաղաքացու իրավունքին:

 

Հայկ Դավթյան

 

 

Գլխավոր Թողարկում, Լուրեր, Վերլուծություն
Մեկնաբանությունները փակ են: