Յուրայինների քողարկված մեղադրանքը Սերժ Սարգսյանին

Nov 22, 2018 Comments Off on Յուրայինների քողարկված մեղադրանքը Սերժ Սարգսյանին

Factor.am-ի հետ հարցազրույցում ՀՀԿ առաջին փոխնախագահ, ԱԺ արտահերթ ընտրություններում ՀՀԿ համամասնական ցուցակը գլխավորող Վիգեն Սարգսյանը, անդրադառնալով Սերժ Սարգսյանի հրաժարականի պատճառներին, հայտարարել է, որ պատճառը կամ առիթը Սերժ Սարգսյանի երրորդ ժամկետի պաշտոնավարումն էր. «Միգուցե, դրա պատասխանն ավելի լավ կտա պատմությունը։ Միգուցե դա ընդամենը դրդապատճառ էր։ Եթե հիշում եք, նախկինում էլ եղել են բավականին լայն դժգոհություններ առաջացրած դրդապատճառներ՝ ինչպես «Էլեկտրիկ Երևանը», երթուղային տաքսիների ուղեվարձի բարձրացման, Թումանյանի այգու խնդիրը և այլ դեպքեր։ Տարիներ անց պատմաբանները պետք է ասեն, թե որն է եղել դրդապատճառը, և որն է եղել իրական պատճառը։ Առիթը, անշուշտ, եղավ այսպես կոչված` երրորդ ժամկետի առաջադրումը, որովհետև վարչապետությունը դա երրորդ ժամկետ չէ։ Եթե այդպես նայենք, դա չորրորդ ժամկետն էր, մինչև նախագահ դառնալը Սերժ Սարգսյանը վարչապետ եղել է»,- հայտարարել է Վիգեն Սարգսյանը։

Սերժ Սարգսյանի և ՀՀԿ-ի հեռացումից վեց ամիս անց սա ուշացած խոստովանություն է, որն արվում է Սերժ Սարգսյանի  առանցքային կադրերից մեկի կողմից: Վիգեն Սարգսյանի այս մեղադրական խոստովանության մեջ թերևս նաև ինքնամեղադրանք կա՝ ուղղված ողջ ՀՀԿ էլիտային: Չմոռանանք, որ այդ նույն ՀՀԿ վերնախավը մարտ-ապրիլ ամիսներին, երբ քննարկվում էր վարչապետի թեկնածության հարցը, քար ծակող փաստարկներ էր ներկայացնում, թե որքան ճիշտ ու պատմական քայլ է Սերժ Սարգսյանի վերստին վարչապետ կարգելը: Ո՛չ Վիգեն Սարգսյանը, ո՛չ էլ մյուսները այն ժամանակ Սերժ Սարգսյանի վարչապետ դառանլու հարցը չէին քննարկում՝ ընդվզում առաջացնելու համատեքստում: Կար՝ Սերժ Սարգսյանն էր, չկար՝ Սերժ Սարգսյանն էր: Բայց Վիգեն Սարգսյանի այսօրվա խոստովանությունը թերևս ակնարկ է այն մասին, որ ժամանակին կուսակցության միահեծան կառավարման մամլիչը իրենց թույլ չի տվել ազատ արտահայտվել: Հիշեցնելով նախկին դժգոհությունների չմարած ալիքները՝ Վիգեն Սարգսյանը կարծես նաև ակնարկում է, որ Սերժ Սարգսյանի վարչապետ դառնալու որոշումը եղել է ոչ թե ՀՀԿ-ի որոշումը, այլ հենց Սերժ Սարգսյանինը: Կուսակցությունն այն ժամանակ Սերժ Սարգսյանի կցորդն էր, և առաջնորդի անվերապահ հեղինակությունը անգամ չէր էլ քննարկվում: Հատկանշական է, որ հանրային դժգոհությունների տեղիք տված իրադարձությունների ցանկում Վիգեն Սարգսյանը չի նշում Սասնա ծռերի ապստամբությունը, որն իր մասշտաբներով և լրջությամբ ամենախոշորն էր, հետևանքներն էլ անդառնալի եղան, քանի որ ունեցանք զոհեր:

Վիգեն Սարգսյանը նաև ասել է, որ ՀՀԿ-ն ունի 150 հազար անդամ, որոնցից 7 հազարը հեռացել են կուսակցությունից: Սա թերևս նշանակում է, որ ՀՀԿ-ն առաջիկա ընտրություններում ակնկալում է գոնե 150 հազար ձայն՝ հարազատ կուսակիցների կողմից: Եթե Վիգեն Սարգսյանը բավարար անկեղծություն ունենար, ապա նա ՀՀԿ-ի ղեկավարության անունից նախ ներողություն կխնդրեր հայ ժողովրդից, ապա նաև 150 հազար կուսակիցներից մեծ մասից, ովքեր ակամայից դարձել են Սերժ Սարգսյանի իշխանատենչ քաղաքականության տուժածները: Այդ 150 հազար ՀՀԿ-ականները համաձայն եղե՞լ են, որ Սերժ Սարգսյանը ստանձնի երկրի երրորդ ժամկետի կառավարումը: Ընդհանրապես ՀՀԿ վերնախավը հարկ համարե՞լ է այդ հարցը քննարկել այդ 150 հազար ՀՀԿ-ականների հետ, թե՞ Սերժ Սարգսյանի որոշումներն անքննելի էին: Եթե հիմա Վիգեն Սարգսյանը՝ որպես ՀՀԿ ցուցակը գլխավորող անձ, ակնկալում է գոնե յուրայինների քվեները, ապա պետք է անդրադառնա նաև այս հարցերին, հակառակ պարագայում ՀՀԿ-ին չեն հասկանա նաև յուրայինները, և ընտրություններից կարող է հանկարծ պարզվել, որ ՀՀԿ-ն երբեք էլ 150 հազար անդամ չի ունցել:

 

Հայկ Դավթյան

Գլխավոր Թողարկում, Լուրեր, Վերլուծություն
Մեկնաբանությունները փակ են: