Հայաստանն ինչ առաջարկ է ստացել ԱՄՆ-ից

Nov 16, 2018 Comments Off on Հայաստանն ինչ առաջարկ է ստացել ԱՄՆ-ից

Հայաստանն ԱՄՆ-ից զենք գնելու ոչ մի առաջարկ չի ստացել: Այս մասին հայտնել է ՀՀ արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանը ՏԱՍՍ գործակալության հետ զրույցում:

Վարողը հարցրել է՝ դա ուղղակի քաղաքական հայտարարությո՞ւն էր, թե՞ կոնկրետ առաջարկ է եղել։ «Հայաստանը որևէ առաջարկ չի ստացել», – ասել է Մնացականյանը։

«Բացի այդ, մեր երկիրը շատ զգայուն տարածաշրջանում է, որտեղ չկարգավորված հակամարտություն կա, եւ խաղաղության ու կայունության, ինչպես նաեւ խաղաղության հաստատմանը նպաստող մթնոլորտի հասնելը մեզ համար շատ կարևոր հարց է: Նման դեպքերում սպառազինության մրցավազքը շատ վտանգավոր երևույթ է», – ասել է Մնացականյանը:

Նախարարի պաշտոնակատարը բացատրել է, որ տարածաշրջանում կա չլուծված հակամարտություն, և այս պայմաններում զենքի առևտուրը դիտարկվում է որպես մարդու սպանելու միջոցի վաճառք, ոչ թե որպես բիզնես գործարք։ Այստեղ Մնացականյանը ակնարկել է, որ իրենք հենց սա են փորձում հասցնել գործընկերներին, որոնք զենք են ծախում Ադրբեջանին։

«Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը առաջին հերթին վերաբերում է մարդկանց, խոսքը 150 հազար մարդու ֆիզիկական անվտանգության մասին է, և մենք անում ենք և անելու ենք հնարավոր ամենը՝ նրանց գոյության անվտանգության պատշաճ ապահովման համար», – ասել է Մնացականյանը։

ՀՀ ԱԳՆ ղեկավարն ավելացրել է. «Երբ մենք մեր գործընկերներին դժգոհություն ենք հայտնում Ադրբեջանին զենքի վաճառքի հարցով, ընդգծում ենք, որ դրան չենք կարող որպես գործարքի վերաբերվել, այլ զենքի, որը խլում է մեր հայրենակիցների, մեր զինվորների, քաղաքացիական բնակչության կյանքը»:

Գլխավոր Թողարկում, Միջազգային
Մեկնաբանությունները փակ են: