Ինչ անակնկալ է պատրաստում Փաշինյանը ՀՀԿ-ի համար

Nov 17, 2018 Comments Off on Ինչ անակնկալ է պատրաստում Փաշինյանը ՀՀԿ-ի համար

Չնայած նախընտրական քարոզարշավի պաշտոնական մեկնարկը դեռ տրված չէ, բայց արդեն ուրվագծվում է, թե որ ուժերն են լինելու ֆավորիտները, ավելի ճիշտ, որ ուժերն են համարվելու մրցակիցներ եւ ում միջեւ է ընթանալու պայքարը։ Որոշ ուժեր այդպես էլ հետեւություններ չարեցին Երեւանի ավագանու ընտրություններից ու շարունակում են Նիկոլ Փաշինյանի թիմին իրենց մրցակից չտեսնել՝ դրանով իսկ կանխորեշելով իրենց պայքարի ձախողումը։ Որովհետեւ ինչու Նիկոլ Փաշինյանին համակրող ընտրողը պետք է ընտրի ոչ թե նրան, այլ վերջինիս ֆանատներին։ Հակառակը, նրանք թիրախավորել են ՀՀԿ-ին, որը ավագանու ընտրություններին չէր մասնակցում ու այդպիսով ասես զբաղմունք են գտել իրենց։

Միգուցե ընտրություններին հայտ ներկայացրած ուժերը հասցնեն փոխել իրենց մարտավարությունը, ինչը խիստ կասկածելի է, բայց այսօր պարզ է, որ Նիկոլ Փաշինյանին ու իր թիմին մերժող ընտրազանգվածը ուղղորդվելու է դեպի ՀՀԿ, որ օրեցոր հաստատում է իր արմատական ընդդիմադիրի կեցվածքը եւ գաղափարական քննադատության ենթարկում իշխող ուժին։ Այսօր Էդուարդ Շարմազանովն է հայտարարել, որ Իմ քայլը դաշինքի նախընտրական ցուցակը «աջաբսադալ» է հիշեցնում, փոխարենը ՀՀԿ ցուցակը բխում է ազգային-պահպանողական գաղափարախոսությունից: Նա ասաց, որ ՀՀԿ ցուցակում մարդիկ են, որոնց համար ղարաբաղյան հարցի հայրենանպաստ կարգավորումը գերխնդիր է, որոնց համար Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը շատ կարևոր է, մտահոգված են ազգային-ավանդական ընտանիքի պահպանմամբ: Իսկ «Իմ քայլ» դաշինքի նախընտրական ցուցակն «աջաբսանդալ» է, որովհետև այդ ցուցակում ընդգրկված են շատ մարդիկ, որոնք կուրծ ենք ծեծում, որ Հայաստանը դուրս գա ԵԱՏՄ-ից, քննադատում են հայ-ռուսական հարաբերությունները, այնինչ «նրանց առաջնորդ Նիկոլ Փաշինյանը դարձել է հայ-ռուսական հարաբերությունների ջերմ երկրպագուն, ՀԱՊԿ-ի ու ԵԱՏՄ-ի պաշտպան»:«Ինձ համար հիմա ընկալելի չէ՝ այդ մարդիկ մնացել են իրենց կարծիքի՞ն, կարծում են, որ ԵԱՏՄ-ն ու ՀԱՊԿ-ն չարի՞ք են, թե հեղափոխությունից հետո Նիկոլ Փաշինյանի նման փոխել են իրենց կարծիքը»,- ասաց ԱԺ փոխնախագահը:

Խոսելով ՀՀԿ ցուցակում ներգրավված քաղաքական վերլուծաբան Դավիթ Շահնազարյանի մասին՝ Էդուարդ Շարմազանովն ասաց, որ իրենք կուսակցականամոլությամբ չեն տառապում, և ինքը շատ գոհ է, որ Դավիթ Շահնազարյանն իրենց ցուցակում է:«Շահնազարյանը 88թ. սկսած եղել է ղարաբաղյան շարժման հիմնադիրներից մեկը, մարդ է, որի համար ազգային արժեքները գերխնդիր են: Շատ կարևոր է Դ. Շահնազարյանի խոսքը հասցնել մեր հանրությանը: Նա Հայաստանի 3-րդ Հանրապետության հիմնադիրներից մեկն է»,- ասաց նա: Նիկոլ Փաշինյանի աներձագ, պատգամավոր Հրաչյա Հակոբյանը փոխարենը բովանդակային պատասխան տար այս հարցադրումներին եւ որակումներին լրագրողների հետ զրույցում ՀՀԿ-ին իր պատասխանը վերածեց հեգնանքի։ «Դուք դեռ լո՞ւրջ եք վերաբերում ՀՀԿ-ի ասածներին: Ես զարմանում եմ, որ մինչ այս պահը դուք դեռ շարունակում եք ՀՀԿ-ի ասածներին լուրջ վերաբերվել եւ մեզ հարցեր տալ՝ հղում անելով ՀՀԿ-ին» ասաց նա ի պատասխան իրենց ցուցակին «աջաբսանդալ» որակմանը: Եթե ոչ ՀՀԿ-ին, ո՞ւմ է լուրջ վերաբերվում այս մրցապայքարում՝ Հրաչյա Հակոբյանը պատասխանեց. «Լուրջ եմ վերաբերվում այն կարծիքներին, որտեղից արձագանքներ եմ ստանում մեր ցուցակի հետ կապված, որոնք ներկայացնում են հանրության լայն շրջանակներ: ՀՀԿ-ն չի ներկայացնում հանրության լայն շրջանակներ, ՀՀԿ-ն ներկայացնում է նեղ կուսակցական շահեր»: Խոսելով Դավիթ Շահնազարյանի հայտարարությանը ի պատասխան Փաշինյանի, որ հագեք քաղաքական զրահաբաճկոնները, անակնկալներ ձեզ են սպասվում՝ Հրաչյա Հակոբյանն արձագանքեց. «Մենք պատրաստ ենք բոլոր անակնկալներին եւ հարկ եղած դեպքում մենք կմատուցենք մեր անակնկալները»: Ինչպես երեւում է՝ Նիկոլ Փաշինյանի թիմում պատրաստ չեն բովանդակային, գաղափարական բանավեճի եւ մրցակիցներին սպառնում են «անակնկալներով», որոնք կարծես թե անակնկալ չեն հանրության համար, վեց ամիս մենք տեսել են այն գործիքները, որոնցով նոր իշխանությունը պայքարում է մրցակիցների դեմ։

Անի Սահակյան

Գլխավոր Թողարկում, Վերլուծություն
Մեկնաբանությունները փակ են: