Տեղերում փորձում են «ֆռռացնել» Փաշինյանին

Nov 20, 2018 Comments Off on Տեղերում փորձում են «ֆռռացնել» Փաշինյանին

Քաղաքական ուժերի հրապարակած ռեյտինգային ցուցակները ներքին դժգոհությունների տեղիք են տվել: Այս հարցը սուր է ամեն տեղ և հատկապես իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության շարքերում, որտեղ թեկնածուները ստիպված են լինելու թեժ մենամարտի բռնվել ոչ թե հակառակորդ ուժերի, այլ յուրայինների հետ:Պայքարը թեժ է լինելու հատկապես մի քանի ընտրատարածքներում, որտեղ ՔՊ-ն ռեյտինգով առաջադրել է առաջին հորիզոնականներում գտնվող միանգամից մի քանի թեկնածու: Երևանի ամենաթեժ ընտրատարածքները թիվ 2-ն ու թիվ 3-ն են, իսկ մարզերից ամենամեծ լարվածությունը սպասվում է Շիրակում:
Թիվ 2 ընտրատարածքում, որը ներառում է Երևանի Արաբկիր, Աջափնյակ, Դավթաշեն վարչական շրջանները, Քաղաքացիական պայմանագիրն առաջադրել է 14 թեկնածու, որոնցից 3-ը ընդգրկված են համամասնական ցուցակի առաջին տասնյակում: Այստեղ մրցելու են Ելք խմբակցության նախագահ Լենա Նազարյանը, փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, Մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը, որոնք ներգրավված ՔՊ-ի առաջին տասնյակում: Բացի այդ՝ այս նույն տարածքում են առաջադրված Տրանսպորտի և կապի նախարար Հակոբ Արշակյանը, ՀՀ կրթության և գիտությայն փոխնախարար Հովհաննես Հովհաննիսյանը, փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը, Երևանի ավագանու անդամ Գայանե Աբրահամյանը, «Հայկական ժամանակ»-ի երկարամյա լրագրող, ՔՊ-ի հիմնադիրներից Վահագն Հովակիմյանը:

Արարատն ընդդեմ Արայիկի 

Վիճակը ծանր է նաև Երևանի Մալաթիա-Սեբաստիա և Շենգավիթ վարչական շրջաններն ընդգրկող թիվ 3 ընտրատարածքում, որտեղ առաջադրվել է 15 թեկնածու: Այստեղ առաջադրվել են առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը, կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը, Նիկոլ Փաշինյանի կնոջ` Աննա Հակոբյանի եղբայր Հրաչյա Հակոբյանը, բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանը, արտաքին գործերի փոխնախարար Ռուբեն Ռուբինյանը: Մնացած 10 թեկնածուներն առավել անհայտ են հանրությանը: Տեղեկություններ կան, որ այս տարածքում առաջադրվածներից հիմնական մրցակցությունը ընթանալու է Արարատ Միրզոյանի, Արայիկ Հարությունյանի և Աննա Հակոբյանի եղբոր միջև: Այստեղ շատ բան կախված է լինելու նաև Փաշինյանի դիրքորոշումից: Եթե նա ակնհայտ աջակցություն ցուցաբերեի աներորդուն, ապա ֆավորիտը կլինի հենց նա: Շատ թեժ են մրցակցելու հատկապես առաջին փոխվարչապետ Միրզոյանն ու ԿԳ նախարար Հարությունյանը: Ըստ որոշ լուրերի՝ Արայիկ Հարությունյանի դեմ վերջին շրջանում թափ առած հակաքարոզչությունը ևս այս մրցակցության դրսևորումներից է:

Մարզպետը մանևրում է

Թիվ 8 ընտրատարածքում (Գեղարքունիքի մարզ) ՔՊ-ի առաջադրած 8 թեկնածուները տեղի ակտիվիստների համար բազմաթիվ հարցեր են առաջացրել և դժգոհությունների տեղիք տվել: Տեղի քաղակտիվիստները, որոնք հեղափոխության օրերին շատ ակտիվ են եղել, մի քանի անգամ փակել են ճանապարհը, գնացել մարզեր, Փաշինյանի ձերբակալման օրը մեծ խմբով եկել Երևան, նշում են, որ իրենք իրենց ընտրատարածքում առաջադրվածների թեկնածուների մեջ իսկական հեղափոխականի չեն տեսնում: Ավելին՝ առաջադրված ռեյտինգային թեկնածուներից մեկը` անկուսակցական Վարազդատ Կարապետյանը նախկին կարկառուն ՀՀԿ-ական է` սփյուռքի նախկին նախարար Հրանուշ Հակոբյանի մերձավոր հարազատը: Այստեղ առաջադրվել են նաև Գեղարքունիքի մարզպետն ու փոխմարզպետը, ինչպես նաև «Ժողովուրդ» թերթի գլխավոր խմբագիր Թագուհի Թովմասյանը, որը միակ հանրային դեմքն է ցուցակում:
Գեղարքունիքի քաղակտիվիստները համոզված են, որ ցուցակը ոչ մրցակցային է, և իրենց համար անհասկանալի են ռեյտինգային թեկնածուների անունները: Սա թերևս Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանին ձեռնտու վիճակ է, որը նախապես արել է ամեն ինչ, որ կարողանա ապահովել սեփական ձայները` Փաշինյանի անունն ու լեգիտիմությունը օգտագործելով որպես հաղթաթուղթ:
Շիրակի և Տավուշի մարզին կանդրադառնանք առանձին:

 

Հայկ Դավթյան

Գլխավոր Թողարկում, Լուրեր, Վերլուծություն
Մեկնաբանությունները փակ են: