Ամերիկյա՞ն, թե՞ ռուսական զենք. Սպառազինության բախում

Nov 20, 2018 Comments Off on Ամերիկյա՞ն, թե՞ ռուսական զենք. Սպառազինության բախում

Հայաստանի պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանը օրերին ՊՆ-ում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ չհերքեց բավական երկար ժամանակ մամուլում շրջանառվող այն տեղեկությունները, թե Հայաստանը շուտով Սուխոյ Սու-30 կործանիչներ է ձեռք բերելու Ռուսաստանից։

Տոնոյանն ասել է, որ Շվեդիայից Սաաբ մակնիշի JAS-39 «Գրիպեն» կործանիչներ գնելու վերաբերյալ որոշում այս պահին չկա, փոխարենը առաջարկ է արվել այլ գործընկերոջ կողմից, որը շատ լուրջ ուսումնասիրում է, և մոտ ժամանակներում որոշում է կայացվելու այդ երկրից կործանիչներ ձեռք բերելու վերաբերյալ։ Պաշտպանության նախարարի պաշտոնակատարի խոսքերով՝ ընտրությունն արդեն իսկ կատարված է, լուծվում են որոշ ֆինանսական խնդիրներ։ Լրատվամիջոցներից մեկի հարցին, թե հնարավո՞ր է, որ ասելով այլ առաջարկ այլ գործընկերոջ կողմից՝ նախարարի պաշտոնակատարը նկատի ունի ռուսական Սու-30 կործանիչները, Դավիթ Տոնոյանը պատասխանել է․ «Հնարավոր է, որ ՍՈՒ 30-ների մասին է»:

Առայժմ, իհարկե, պարզ չէ, թե ի՞նչ ձևաչափով է իրականացվելու Ռուսաստանից Սու-30 ձեռք բերելու գործարքը։ Ինչ ֆինանսական միջոցներով է հայկական կողմը պատրաստվում գնել այդ կործանիչները:

Այստեղ, հարկ է նշել օրեր առաջ Երևանում Ջոն Բոլթոնի աղմկահարույց հայտարարությունը՝ ամերիկյան զենքի վաճառքի հնարավորությունների վերաբերյալ: Ըստ էության, Վաշինգտոնը պաշտոնապես ակնարկեց, որ կարող է վերանայել ղարաբաղյան կողմերին, տվյալ դեպքում՝ Ադրբեջանին և Հայաստանին զենք չվաճառելու իր չգրված օրենքը:

Ընդ որում, այստեղ պարզ է, որ այս թեմայի արծարծման նախաձեռնողը Ադրբեջանն է եղել, և հիմա Ադրբեջանին զենք վաճառելու «պատրվակով», ամերիկյան կողմը, այսպես ասած՝ երկու կողմերին էլ զենք վաճառելու պատրաստակամության «հայտ» ներկայացրեց:

Ռուսական և ամերիկյան զենքի վաճառքը կողմերին կլինի սպառազինության նոր մրցավազքի մեկնարկ, լարվածության նոր հիմք, որքան էլ կողմերը հայտարարեն, որ կողմնակից են ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանը:

Բացի այդ, հարց է, թե ինչպե՞ս կարձագանքի Մոսկվան նրան, եթե, օրինակ, Հայաստանը պատրաստակամություն հայտնի գնել ամերիկյան զենք… Սրանք արդեն իսկ քաղաքական-աշխարհաքաղաքական հարցեր են լինելու, որոնք կարող են բարդացնել հարաբերությունները Ռուսաստանի հետ՝ ստեղծելով անվտանգության համակարգում կոնկրետ եւ նորանոր խնդիրներ:

Մետաքսյա Շալունց

Գլխավոր Թողարկում, Վերլուծություն
Մեկնաբանությունները փակ են: