Միակ հարվածը՝ Արցախից

Nov 20, 2018 Comments Off on Միակ հարվածը՝ Արցախից

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանի գլխավորած պատվիրակությունը նոյեմբերի 14-ին աշխատանքային այցով ժամանել է Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզ:

Ադրբեջանում իսկական հիստերիա է…

Ֆրանսիայի մշտապես կիրառվող և երկակի ստանդարտների վրա հիմնված մոտեցումը ստիպում է Ադրբեջանին վերանայել այդ երկրի հետ իր կապերը: Այս մասին Trend գործակալությանը հայտնել են Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության լրատվական ծառայությունից՝ կապված Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանի՝ Ֆրանսիա կատարած այցի հետ:

Արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ, մասնավորապես նշվում է, որ «Ադրբեջանի գրավված տարածքների վրա ստեղծված անջատողական ռեժիմի ղեկավար ներկայացած» Բակո Սահակյանի այցը Ֆրանսիա հանդիսանում է «հերթական անարդյունք փորձը՝ ուղղված խամաճիկային այդ կառույցի միջազգային մակարդակով խրախուսմանը:

«Ֆրանսիան, որը պայմաններ է  ստեղծել այդ այցի իրականացման համար և ընդունել է անօրինական ռեժիմի ներկայացուցիչներին, իր այդ քայլով ոչ միայն չի համապատասխանում Ադրբեջանի և Ֆրանսիայի միջև ստեղծված երկկողմ համագործակցության հարաբերությունների ոգուն և ստորագրված համաձայնագրերին, այլև անհարգալից վերաբերմունք է ցուցաբերում միջազգային իրավունքի սկզբունքների և գերակա նորմերի և իր ստանձնած պարտավորությունների նկատմամբ»,- նշվում է հայտարարության մեջ:

Այնուհետև հայտարարության մեջ նաև նշվում է, որ  Լեռնային Ղարաբաղի իշխանությունների համար Ֆրանսիայի կողմից  պայմանների ստեղծումը հարցականի տակ է դնում այդ երկրի օբյեկտիվությունն ու անկողմնակալությունը՝ որպես ՄԱԿ Անվտանգության խորհրդի մշտական անդամի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներից մեկի, որը միջնորդ է Լեռնային Ղարաբաղի շուրջ հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորման գործընթացի շրջանակներում տեղի ունեցող բանականություններում: «Նշված հարցի շուրջ Ադրբեջանը դիվանագիտական խողովակներով կհայտնի վճռական բողոք ֆրանսիական կողմին»,- ասվում է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ:

Առհասարակ, ժամանակն է, որպեսզի հայկական դիվանագիտությունը, Արցախի միջազգային ճանաչման հարցը օրակարգի գլխավոր հարց դարձնի: Վաղ թե ուշ, Ալիևը միջազգային հանրությանը շանտաժի ենթարկելով, սեփական հասարակությանը խաբելով՝ գնալու կտրուկ քայլերի՝ նպատակ ունենալով թե՛ ճնշումներ գործադրել հայկական կողմի վրա, թե՛ պատերազմի սպառնալիքի միջոցով՝ խաթարել բանակցային գործընթացը:

Հայաստանը՝ որպես Արցախի անվտանգության միակ երաշխավոր՝ Արցախի միջազգային ճանաչման հարցում պետք է լինի հետևողական: Նման այցերը Բակո Սահակյանի կողմից՝ թե՛ ԱՄՆ, թե՛ Ֆրանսիա, թե՛ Ռուսաստան, կարևոր են Արցախի Հանրապետության ճանաչելիությունն ապահովելու տեսանկյունից:

Միակ ճանապարհը՝ Արցախի ինքնորոշման իրավունքը առաջ տանելն է, Արցախի միջազգային ճանաչումը: Միայն այսկերպ հնարավոր կլինի խաղաղություն պարտադրել Ադրբեջանին:

Թամար Բագրատունի

Գլխավոր Թողարկում, Վերլուծություն
Մեկնաբանությունները փակ են: