Քոչարյանը մոդայից դուրս.ով է լինելու Փաշինյանի հաջորդ «զոհը»

Nov 17, 2018 Comments Off on Քոչարյանը մոդայից դուրս.ով է լինելու Փաշինյանի հաջորդ «զոհը»

Հայաստանի Հանրապետության Վճռաբեկ դատարանը բեկանեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ խափանման միջոց կալանավորումը վերացնելու Վերաքննիչ դատարանի որոշումն ու գործն ուղարկեց նույն դատարան՝ նոր քննության:

Հիշեցնենք, որ օգոստոսի 13-ին Վերաքննիչ քրեական դատարանի կողմից բավարարվել էր Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու առաջին ատյանի դատարանի որոշման դեմ պաշտպանների բողոքը: Վերաքննիչ դատարանը վերացրել էր Ռոբերտ Քոչարյանին կալանավորելու որոշումը՝ հաշվի առնելով այն, որ Քոչարյանն անձեռնմխելի է: Տեղեկություններ կային, որ Վճռաբեկը չի քննելու գործը, այն ուղարկվելու է Սահմանադրական դատարան, որն էլ իր հերթին վերահասցեագրելու է Վենետիկի հանձնաժողովին՝ իր վրայից հանելով Քոչարյանի անձեռնմխելիության հարցի սահմանումը:

Այսպիսով՝ Մարտի 1-ի գործով սահմանադրական կարգը տապալելու մեջ մեղադրվող Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի հարցը կքննվի կրկին՝ Վերաքննիչ քրեական դատարանում, թե երբ, դեռեւս այդ մասին որեւէ մեկին հայտնի չէ:

Հիշեցնենք, որ ՀՀ գլխավոր դատախազը օգոստոսի 20-ին բողոք էր ներկայացնել Վճռաբեկ դատարան` Քոչարյանին կալանքից ազատ արձակելու Վերաքննիչ դատարանի որոշման դեմ: Վերաքննիչը Քոչարյանին ազատել էր կալանքից՝ անձեռնմխելիության հիմքով: Դատախազը դիմել էր Վճռաբեկ՝ խնդրելով բեկանել վերաքննիչի որոշումը եւ ուժի մեջ թողնել առաջին ատյանի դատարանի որոշումը, այն է՝ կալանք սահմանել Քոչարյանի համար: Պաշտպանական կողմն էլ բողոք էր ներկայացրել՝ պնդելով, որ Վերաքննիչը անդրադարձել է միայն անձեռնմխելիության հիմքին, այնինչ պաշտպանական կողմն այդ նիստին մի շարք փաստրակներ է ներկայսցրել, որին դատարանը չի անդրադարձել: Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի կողմից ուղարկված բողոքում նշվել է, որ Քոչարյանի նկատմամբ պետք է կալանավորումը ընտրվի որպես խափանման միջոց ոչ միայն այն հիմքով, որ նա անձեռնմխելի չէ, այլ նաեւ առկա են կալանքի այլ հիմքեր:ԶԼՄ-ների տեղեկատվությամբ՝ ըստ դատախազի՝ ազատության մեջ մնալու դեպքում Քոչարյանը կարող է թաքնվել եւ խոչընդոտել գործի քննությանը:

Ինչպես ասում են՝ եփած հավի ծիծաղն էլ է գալիս: Մի քանի ամիս է Ռոբերտ Քոչարյանը ոչ միայն չի թաքնվում, այլեւ իր հարցազրույցներով արդեն դարձել է շարքային քաղաքական գործիչ, որին կարելի է հանդիպել ցանկացած լրատվամիջոցի էջերում: Հետեւաբար եթե նա փախչող, կամ թաքնվող լիներ, մինչ օրս կհասցներ անել:

Ի դեպ, Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը բացասական է գնահատել Վճռաբեկի որոշումը՝ ասելով, որ դրա մասին մանրամասն կխոսի, երբ ամբողջությամբ ծանոթանա վճռին: Ակնհայտ է, որ արտահերթ խորհրդարանական ընտրություններին ընդառաջ Փաշինյանը այն էլ իր անդեմ եւ անգույն ընտրացուցակի պարագայում որոշակի դիվիդենտներ շահելու խնդիր ունի, ինչն էլ փորձում է վաստակել, ահա, այսպիսի ծիծաղաշարժ շոուներով: Ձեռագիրը, փաստորեն չի փոխվել, բռնել-տանել, ծեփել պատերին, փռել ասֆալտին ու այսպես շարունակ: Փաշինյանին վարչապետական հարմարավետ աթոռն այնքան է կտրել իրականությունից, որ նա չի էլ ընկալում՝ Քոչարյանն այլեւս մոդայից դուրս է եկել եւ նրան կալանավոր-չկալանավորելու հարցը այլեւս քչերին է հուզում, հիմա նոր հերոսներ կան, որոնք անմիջական մասնակցություն ու առնչություն ունեն ընտրական պրոցեսներին: Նույն օպերացիայի շրջանակում է նաեւ Սերժ Սարգսյանի թիկնազորի պետ Վաչագան Ղազարյանի կալանավորումը: Ղազարյանի խափանման միջոցի փոփոխության դեմ մեղադրանքը պաշտպանող դատախազի ներկայացրած բողոքը բավարարվել է, և Ղազարյանը կալանավորվել է: Վաչագան Ղազարյանին մեղադրանք էր առաջադրվել ապօրինի հարստացման համար, նա ազատ էր արձակվել մեկ միլիարդ գրավի դիմաց:

Անի Սահակյան

Գլխավոր Թողարկում, Վերլուծություն
Մեկնաբանությունները փակ են: