Վահրամ Բաղդասարյանի ուղերձը

Nov 15, 2018 Comments Off on Վահրամ Բաղդասարյանի ուղերձը

Հանրապետական կուսակցությունից Լոռու մարզում ռեյտինգային ընտրակարգով պատգամավորության թեկնածու առաջադրված Վահրամ Բաղդասարյանն ուղերձով դիմել է լոռեցիներին։

«Գաղտնիք չէ, որ Լոռին հանդիսանում է իմ ծննդավայրը, այդ է պատճառը, որ ողջ գործունեությանս ընթացքում հոգով և սրտով մշտապես կապված եմ եղել մարզիս հետ:

Այս տարիների ընթացքում միասին երկար ճանապարհ ենք անցել՝ ունենալով բնականաբար և՛ հաջողություններ, և՛ բացթողումներ: Մասնագիտական և աշխատանքային գործունեությունս տնտեսական և քաղաքական ոլորտներում հագեցած է եղել բազում ձեռքբերումներով, կուտակածս գիտելիքներն ու փորձը մշտապես ներդրել եմ մարզի և առհասարակ Հայաստանի կայացման, զարգացման և առաջընթացի գործում:

Սիրելի՛ հայրենակիցներ, կոչ եմ անում բոլորիս գործել ողջամտության սահմաններում, առավելագույն լրջությամբ և ուշադրությամբ մոտենալ կայանալիք ընտրություններին, խուսափել ներկայում տիրող իրավիճակի հետևանքով ձևավորված էմոցիոնալ դաշտի ներքո որոշումների ընդունումից, հանգամանորեն ծանոթանալ և վերլուծել յուրաքանչյուր գործչի, թիմի և թեկնածուի գործունեությունը, ծրագրերն ու խոստումները, հնարավորինս խուսափել ձեր դիրքորոշումների վրա անհատների կամ խմբերի ազդեցությունից, մտածել ձեր անձի, ընտանիքի, քաղաքի, մարզի, երկրի և ազգի ներկայի ու ապագայի մասին և կայացնել լավագույն որոշումը: Ի վերջո, պետք է գիտակցենք, որ մեր որոշումներով ու գործողություններով ենք կերտում մեր և մեր երկրի ապագան ու պետք է պատասխանատվություն կրենք մեր քայլերի համար՝ փոփոխություններն ու բարելավումները սկսելով մեր իսկ անձից:

Հավատալով և վստահելով յուրաքանչյուրիդ ողջամտությանը և ազատ կամքին՝ առաջիկա ընտրություններում ակնկալում եմ ձեր աջակցությունը:

Եկե՛ք միասին կերտենք պայծառ ապագայով առողջ Հայաստան:

Թո՛ղ հաջողությունն ուղեկից լինի ամենքիս: Բարին ընդ մեզ»,– ասված է Վահրամ Բաղդասարյանի տարածած ուղերձում։

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: