Փաշինյանի մաքսիմում պլանը բացահայտվեց

Nov 16, 2018 Comments Off on Փաշինյանի մաքսիմում պլանը բացահայտվեց

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը կարող են զբաղեցնել Հայաստանի կամ Բելառուսի ներկայացուցիչները կամ կազմակերպությունը կշարունակի գլխավորել պաշտոնակատար Վալերի Սեմերիկովը։ Ինչպես հաղորդում է ՌԻԱ Նովոստին, այդպիսի կարծիք է հայտնել Ռուսաստանում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանը։

Տողանյանը նշել է, որ ՀԱՊԿ անդամ երկրները Աստանայում գագաթնաժողովից հետո չեն պայմանավորվել այս հարցի շուրջ, բայց կա մի քանի տարբերակ։ «Հիմա պարտականությունները կատարում է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալը, պաշտոնակատարի ժամկետը կարող է երկարացվել կամ կարող է ընտրվել Հայաստանի ներկայացուցիչը։ Բայց քանի որ մենք հետ ենք կանչել մեր գլխավոր քարտուղարին, ապա այբբենական կարգով հերթը բելառուսներինն է։ Այսինքն, կընտրվի կամ Հայաստանի, կամ Բելառուսի ներկայացուցիչը, կամ պաշտոնակատարը», – ասել է դիվանագետը։ Նա հավելել է, որ որոշումը պետք է ընդունվի փոխզիջման հիման վրա, այսինքն` ՀԱՊԿ բոլոր անդամ երկրները պետք է համաձայնության գան։

Հիշեցնենք, Աստանայում կայացած գագաթնաժողովից հետո Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը լրագրողներին հայտնել էր, որ Հայաստանն ուզում է պահպանել գլխավոր քարտուղարի պաշտոնը, սակայն ժամկետի ավարտին մեկ տարի է մնացել, և իր կարծիքով, նոր գլխավոր քարտուղարը (եթե այն Հայաստանից լինի) մեկ տարվա ընթացքում չի հասցնի նույնիսկ բոլոր երկրներն այցելել։

Մինչդեռ պաշտոնական Երևանը պնդում է, որ Հայաստանն ունի ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում իր ժամկետն ավարտելու բավարար ռեսուրս: Հայաստանը կարող է վերահաստատել, որ ունի բավարար ռեսուրս՝ ավարտելու Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղարի պաշտոնում իր ժամկետը, նախօրեին լրագրողների հետ հանդիպմանն ասել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը՝ անդրադառնալով Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի այն հայտարարությանը, թե պետք է հասկանալ՝ կարո՞ղ է անցումային փուլում գտնվող Հայաստանը շարունակել կրել ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը զբաղեցնելու, ԵԱՏՄ-ում նախագահության ծանրաբեռնվածությունը:

«Հայաստանը՝ որպես երկիր, որը իր ներդրումն է ունենում կառույցի ամրապնդման գործում, լիարժեքորեն կարող է վերահաստատել, որ ունի բավարար ռեսուրս՝ ավարտելու ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում իր ժամկետը: Բայց դրանից առաջ պետք է որոշել, թե նորմատիվ իրավական առումով ինչպես են կարգավորվում այն հարցերը, որոնք կապված են գլխավոր քարտուղարի լիազորությունների վաղաժամ դադարեցման հետ», ասել է Նաղդալյանը:

Անդրադառնալով Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևի հայտարարությանը, թե ՀԱՊԿ հաջորդ գլխավոր քարտուղարը պետք է լինի Բելառուսի ներկայացուցիչը՝ Աննա Նաղդալյանը հստակեցրել է, որ կազմակերպության գլխավոր քարտուղարի շուրջ նոյեմբերի 8-ին կայացած քննարկումների ընթացքում որոշում է կայացվեց քննարկումները տեղափոխել դեկտեմբերի 6 այն պատճառով, որ որևէ կոնսենսուս ձեռք չի բերվել այդ հարցի շուրջ: «Մենք, բնականաբար, ունենք տեսակետներ հարցի լուծման առնչությամբ, որոնք պարտադիր չէ, որ համընկնեն մյուս երկրների տեսակետների հետ»,- շեշտեց ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակը:

ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակն արձագանքել է նաև հարցին, թե ինչպե՞ս է ՀՀ-ն արձագանքում այն հանգամանքին, որ ՀԱՊԿ անդամ Բելառուսի նախագահը կազմակերպության գլխավոր քարտուղարի հետ կապված քննարկումները ներկայացնում է կազմակերպության անդամ չհանդիսացող Ադրբեջանի դեսպանի հետ հանդիպմանը: «Հայաստանը ՀԱՊԿ-ը դիտարկում է որպես հավաքական անվտանգության օրակարգի շուրջ քննարկումների հարթակ, որը վերաբերվում է անդամ 6 պետություններին: Եվ, բնականաբար, այս զարգացումը ի ցույց է դնում, որ ՀԱՊԿ շրջանակներում դեռևս նմանօրինակ զարգացումների վերաբերյալ քննարկումների անհրաժեշտություն կա: Սա ի ցույց է դնում, որ ՀԱՊԿ-ը իր ներսում խնդիրներ ունի շտկելու: Ինչ վերաբերվում է այս իրադրությանը, պետք է նշեմ, որ դա, ի վերջո, կոռեկտ չէ»,- պատասխանեց Աննա Նաղդալյանը:

Այսպես, Հայաստանը ՀԱՊԿ-ում նախագահել է 2015-2016թթ, պաշտոնական Երևանն այդ մեկ տարին համարում է Հայաստանի ամենահաջող նախագահություններից մեկը: Սակայն ևս մեկ տարի Հայաստանին այդ կառույցը ղեկավարելուց զրկելու հստակ քաղաքականություն է տարվում, դա արձանագրում է նաև պաշտոնական Երևանն իր հայտարարություններով:

Առհասարակ, աշխատանքներ տարվո՞ւմ են, որպեսզի Հայաստանը պահի ՀԱՊԿ-ում այդ պաշտոնը, թե՞ բոլորը ընկղմվել են խորհրդարանական ընտրությունների ընտրական գործընթացների մեջ:

Տպավորություն է ստեղծվում, որ Հայաստանի համար, հիմա իդեալական տարբերակը կլինի, որպեսզի կազմակերպությունը շարունակի գլխավորել պաշտոնակատար Վալերի Սեմերիկովը: Այսինքն, արձանագրելով պարտությունը՝ պաշտոնական Երևանը Պուտինից շնորհակալ կլինի, եթե որոշվի, որ գլխավոր քարտուղարի պաշտոնը մնում է պաշտոնակատար Վալերի Սեմերիկովին:

Սա կլինի կիսապարտություն՝ Հայաստանի իշխանության համար, քարոզչության տեսանկյունից, այն առումով, որ Բելառուսի թեկնածուին նախապատվություն չտրվի: Այս մտքի հետ է, կարծես, հաշտվել Հայաստանի իշխանությունը: Սա այն առավելագույնն է, որով հնարավոր կլինի թաքցնել ակնհայտ ձախողումը:

Թամար Բագրատունի

Գլխավոր Թողարկում, Վերլուծություն
Մեկնաբանությունները փակ են: