Վիեննայի եւ Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունների էջը կարելի է համարել փակված. Վիտալի Բալասանյան

Nov 14, 2018 Comments Off on Վիեննայի եւ Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունների էջը կարելի է համարել փակված. Վիտալի Բալասանյան

Միանշանակ կողմ եմ ԼՂ հակամարտության կարգավորման հարցում ՀՀ նոր իշխանությունների տեսակետներին, սակայն մենք պետք է մեծ զգուշավորություն ցուցաբերենք, քանի որ անհրաժեշտ է լինելու հստակեցնել գործընթացում Արցախի եւ Հայաստանի բանակցելու չափաբաժինը եւ անելիքները: Այս մասին Aravot.am-ի հետ զրույցում ասաց Արցախի անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը:

«1998թ. Ռոբերտ Քոչարյանը դառնալով Հայաստանի նախագահ`բանակցային գործընթացում հանդես եկավ նաեւ որպես Արցախի ներկայացուցիչ այն պարզ պատճառով, որ տեղյակ էր Արցախի նիստուկացից: Սակայն դա ճիշտ չէր: Դա մեր բացթողումն էր, միջազգային հանրության սխալն` ի դեմս Մինսկի խմբի, քանի որ դրանով խախտվել էր բուդապեշտյան գագաթնաժողովի ընդունած բանաձեւը: Հակամարտությունն Արցախի եւ Ադրբեջանի միջեւ է, եւ բանակցային գործընթացում որպես հակամարտող կողմ պետք է հանդես գա Արցախը, այլ ոչ թե Հայաստանը»,- նշեց Բալասանյանը:

Ինչ վերաբերում է Դուշանբեում Նիկոլ Փաշինյանի եւ Իլհամ Ալիեւի միջեւ ձեռք բերված բանավոր պայմանավորվածությանը, ապա Վ. Բալասանյանը նշեց, որ ցանկացած նման հանդիպում կարեւոր է, սակայն նա համոզմունք հայտնեց, որ այդ պայմանավորվածությունն Ադրբեջանին անհրաժեշտ է եղել, եւ Ադրբեջանն իր շահերն էր հետապնդում:

Ըստ նրա` դրանով Վիեննայի եւ Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունների էջը կարելի է համարել փակված: «Նման համաձայնության գնալը պայմանավորված է նաեւ ներքին խնդիրներով եւ ներքաղաքական որոշակի լարվածության առկայությամբ, քանի որ այնտեղ սոցիալական վիճակը գնալով վատթարանում է: Բացի այդ Ադրբեջանը նաեւ փորձում է ժամանակ շահել` տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացներից հետեւություններ անելու համար»,- պարզաբանեց Վ. Բալասանյանը` ընդգծելով, որ այս ամենից բացի Ադրբեջանը շարունակում է նաեւ ռազմաճակատի ամբողջ երկարությամբ ինժեներական աշխատանքներ իրականացնել:

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: