Փաշինյանի ունեցած միակ «զենքը»

Nov 16, 2018 2 Comments

Արցախի և Հայաստանի միջև ռազմաքաղաքական դաշինքի մասին պայմանագրի կնքումը խիստ հրատապ է: Այս մասին Aravot.am-ի հետ զրույցում ասել է Արցախի անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը:

«Մենք պետք է ունենանք այդ փաստաթուղթը, որտեղ նշված կլինի, որ Հայաստանը հանդիսանում է Արցախի ժողովրդի անվտանգության երաշխավորը: Այստեղ կարևոր է «ժողովրդի անվտանգության երաշխավոր» ձևակերպումը, այլ ոչ թե` «տարածքային ամբողջականության երաշխավոր», քանի որ այսօր մենք Ադրբեջանի հսկողության տակ ունենք տարածքներ»,- ասել է Վ. Բալասանյանը:

Նա նշել է, որ մայիսին ՀՀ իշխանություններին նման առաջարկ է արվել, և առաջարկն ընդունվել է: Ըստ Վ. Բալասանյանի՝ տրվել են համապատասխան հանձնարարականներ, տարվել են աշխատանքներ և կարելի է ասել, որ փաթեթն արդեն պատրաստ է: «Ուղղակի հայաստանյան ներքաղաքական վերջին զարգացումներով պայմանավորված`այն որոշակիորեն հետաձգվել է: Սակայն համոզված եմ, որ ՀՀ խորհրդարանական արտահերթ ընտրություններից հետո` կարճ ժամանակ անց, մենք կունենանք այդ փաստաթուղթը»,- նշել է ԱԽ քարտուղարը:

2016թ. ապրիլյան պատերազմից հետո առաջ եկած այս կարևոր փաստաթղթի ընդունման հրամայականն առաջացել էր սկզբունքորեն և օբյեկտիվորեն, սակայն ՀՀ իշխանությունները որոշակի պահից կարծես դանդաղեցին:

Այժմ, այդ փաստաթուղթը, կարելի է ասել, զենք է՝ ընդդեմ Ալիևի սանձարձակության: Ցանկացած պահի, երբ Ալիևը, դուրս գա «սահմաններից»՝ Հայաստանի ղեկավարությունը կարող է այդ փաստաթուղթն ընդունել:

Բայց ոչ միայն այդ պարագայում: Հայաստանն այսպես թե այնպես Արցախի ժողովրդի անվտանգության երաշխավորն է, հետևաբար այդ փաստաթուղթը օրինականացնելու է հետագայում Հայաստանի կողմից Արցախի ճանաչման ճանապարհը, որը վաղ թե ուշ գալու է, որովհետև պարզ է, որ վաղ թե ուշ Ալիևը դիմելու է նոր սադրանքների, և Հայաստանին չի մնալու այլ ելք, քան պաշտպանել Արցախը գործնականում՝ նաև իրավաբանորեն:

Այնպես, որ Արցախի ճանաչման տեսանկյունից Արցախի և Հայաստանի միջև ռազմաքաղաքական դաշինքի մասին պայմանագրի կնքումը անհրաժեշտություն է, անկախ նրանից, թե այն ինչպես կընդունեն Հայաստանի գործընկեր պետությունները, առավելևս՝ Ադրբեջանն ու Թուրքիան:

Մետաքսյա Շալունց

Գլխավոր Թողարկում, Վերլուծություն

2 Անդրադարձ “Փաշինյանի ունեցած միակ «զենքը»” հրապարակմանը