Նիկոլամանիա.երբ Փաշինյանի նախարարները մկան անցքին պատրաստ էին հազարներ վճարել

Nov 14, 2018 Comments Off on Նիկոլամանիա.երբ Փաշինյանի նախարարները մկան անցքին պատրաստ էին հազարներ վճարել

ՀՀԿ-ի հայտնի խորհրդաժողովից ու հրապարակած տեսլականից հետո մի քանի օր է Նիկոլ Փաշինյանի թիմակիցները հայտարարություններ են անում, հարցազրույցներ տալիս, որոնցում ջախջախիչ պարտություն են խոստանում ՀՀԿ-ի համար՝ ի հեճուկս վերջինների կանխատեսումների, որոնք հավատացած են, որ ամեն ինչ դեռ առջեւում է եւ Փաշինյանի իշխանության վախճանը սարերի ետեւում չէ: Սակայն այսօր, երբ Ազգային ժողովում քննարկվում էր Նիկոլ Փաշինյանի կառավարության ներկայացրած Բյուջե-2019 նախագիծը, հեղափոխության առաջնորդի թիմը մկան ծակին պատրաստ էր հազար թուման տալ, միայն թե չհայտնվեին լրագրողների մեջ, չհարամեին նախընտրական էյֆորիկ մթնոլորտը, որը նրանց պարգեւել է ապրիլյան հեղափոխությունը:Քննարկումը ընթացավ մի քանի ընդմիջումով, բայց Փաշինյանի հետ հետնամուտքով ծլկում էին իր կառավարության ներկայացուցիչները, առանց բացառության: Մի քանիսը հայտնվեցին լրագրողների գրկում այն էլ նիստի շտապելիս, երբ հավանաբար նման հրահանգ չէին ստացել: Օրվա պատկերը համահունչ էր երջանկահիշատակ Վահան Հովհաննիսյանի՝ դալաններում ծեծելու մասին թեւավոր դարձած ասույթին: Նիկոլ Փաշինյանի ենթակաները գիտակցում են, որ առանց նրա, իրենք ոչինչ են: Այս համատեքստում խորհրդանշական էր ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի հայտարարությունը, որը նա արեց լուծարված ԱԺ-ի հայտարարությունների վերջին ժամին:Արմեն Աշոտյանը, ով նկատել է, որ ՀՀԿ-ի հայտարարությունը՝ ընտրություններին մասնակցելու մասին, քաղաքական որոշ ուժեր ու գործիչներ դժվար են մարսել, էլ ավելի դժվարացրեց նրանց մարսողական համակարգի աշխատանքը.«Ես հասկանում եմ՝ դժվար է մարսել Հայաստանի պատմության մեջ առաջին նախադեպը, երբ նախորդ իշխանությունները ոչ թե ջախջախվում, տրոհվում են, ինչպես կոմունիստները, ՀՀՇ-ն, այլ փորձում են քաղաքական համակարգի կայացման ավանդույթներ դնել: Կարծում եմ՝ սա այն դեպքն է, երբ Հանրապետական կուսակցության մասնակցությունը ընտրություններին իրականում նպաստելու է ժողովրդավարության զարգացմանը երկրում», – նշեց նա:

Նա տեղեկացրեց, որ ռեյտինգային ընտրակարգով դնելու է իր թեկնածությունը Երևանի թիվ 4 ընտրատարածքում, որն ընդգրկում է նաև իր ծննդավայրը՝ Էրեբունի վարչական շրջանը:

Նա հորդորեց Փաշինյանի  թիմակիցներին չլինել այդքան վստահ եւ չհայտարարել, թե ՀՀԿ-ն խորհրդարան անցնելու եւ ոչ մի շանս չունի. «Մեկը մյուսից ընտիր ելույթ են ունեցել, մեկն ասում է՝ մրցակից չունենք, ՀՀԿ-ն մեզ մրցակից չէ, մյուս փոխվարչապետն ասում է՝ մենք արդեն հաղթել ենք: Տղերք, նորից ասեմ՝ մի կրկնեք իմ ու Շարմազանովի սխալները, մի եղեք այդքան ինքնավստահ, որովհետև կործանումը սկսում է մեծամտությունից, գոռոզամտությունից: Մի արեք դա: Լավ է՝ մի բարեկիրթ նախարար գտնվեց՝ կրթության, գիտության նախարարը, որը ասաց, թե բոլորն են իրենց մրցակից: Ախր եթե գլուխ եք գովում Նիկոլի շուքի, ստվերի տակ, հիշեք՝ եթե ձեր նախընտրական եռյակի առաջին տեղում լինի Նիկոլի ուսապարկը, Նիկոլի «դուխով» կեպկեն՝ 2-րդ, Նիկոլի հազը՝ 3-րդ, դուք, մեկ է, 80 տոկոս ձայն եք հավաքելու: Իմ ռեյտինգային ընտրատարածքում թեկնածություն դնի ոչ թե ֆիզիկական անձ, այլ Նիկոլի սելֆիի ձողը, էլի առաջին տեղն է գրավելու: Էս նիկոլամանիայի պտուղները գտեք, քաղեք, բայց մի թափահարեք: Դուք գուցե ունեք լումա, բայց ոչ այնքան, որ այդ քաղաքական ժառանգությունը վերագրեք ձեզ», – հայտարարեց Աշոտյանը:

Անի Սահակյան

 

 

Գլխավոր Թողարկում, Վերլուծություն
Մեկնաբանությունները փակ են: