Սա անհնար էր դիտել առանց հուզմունքի

Nov 16, 2018 1 Comment

Լուծարված խորհրդարանի ավանդական դարձած հայտարարությունների ժամը հրաժեշտի երեկո էր հիշեցնում: Հեղափոխություն տեսած հայրենի օրենսդիրները մի տեսակ ջնջել էին սեւերի ու սպիտակների սահմանագիծը: Երեկոյի բացումն արեց նորընծա պատգամավոր ՀՀԿ-ական Նաիրա Կարապետյանը, ով եկել է փոխարինելու մանդատից հրաժարվա Ռուզաննա Մուրադյանին:  Նաիրա Կարապետյանը, որը հայնտի է ՀՀԿ-ի աչոնիկ, մի հուզախառը ելույթ ունեցավ՝ արձանագրելով՝ «Մեզանում պակասել է բարությունը»: Նա դժգոհում էր, որ հարգանքը պակասել է կանանց, երեխաների հանդեպ, առաջին քրիստոնյա ազգն ենք, չենք կարողանում բարի լինել ու բարություն սփռել: Նա հիշեցրեց, որ առջեւում նախընտրական քարոզարշավն է ու կոչ արեց չմոռանալ, որ մենք կնամեծար ազգ ենք, երեխաներին պաշտող: «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր, ԱԺ փոխնախագահ Միքայել Մելքումյանը հայտարարեց, որ ճիշտ է, հեղափոխությունը ժողովուրդն արեց, բայց այս ԱԺ-ն իր ուրույն դերն ունեցավ հեղափոխական գործընթացների վրա: Մելքումյանը  հրաժեշտի ելույթը տեղ-տեղ ընդհատում էր բաժակաճառային կենացով, նա պատգամավորներին մաղթեց  կանաչ ճանապարհ: Տիգրան Ուրիխանյանն ասաց, որ շնորհակալ է ՀՀ այն քաղաքացիներին, որոնք ընտրեցին իրենց ու հնարավորություն տվեցին աշխատելու 6-րդ գումարման ԱԺ-ում: Ըստ նրա, շատ բան կարելի էր անել, շատ բան կարելի էր նաեւ չանել ու կլիներ ավելի լավ. «Ցավում եմ, որ համաժողովրդական շարժման 4 կարեւորագույն դրույթներից մեկը չիրականացվեց: Հրաժարական տվեց քաղաքական մեծամասնության եւ այն ժամանակվա երկրի ղեկավարը, ընտրվեց ժողովրդի թեկնածուն, լուծարվեց ԱԺ-ն, բայց ընտրակարգը չփոխվեց, ցավում եմ»:
Նաիրա Զոհրաբյանը նույնպես ափսոսանք հայտնեց, որ նոր ԸՕ-ն չընդունվեց, որն ավելի արդար խաղի կանոններ կսահմաներ: Նա չի հավատում այն խոստումներին, որ բացառվելու է ընտրակաշառքը: Հետեւաբար հոխորտաց՝  ովքեր կփորձեն իրենց հին մեթոդներով գործել ու աշխատել ընտրական գործընթացների վրա, Քրեական օրենսգիրքը թող հիշեն: Էդմոն Մարուքյանին էլ արդեն տեղեկություններ են հասել ընտրակեղծիքների մասին, նա հակված է չհավատալ դրանց:

«Մեր բոլոր քաղաքացիներին կոչ եմ անում՝ ցանկացած իրավախախտման դեպքում՝ փող բաժանելու, ցուցակագրելու, մարդկանց ազատ կամարտահայտության վրա ազդեցություն ունենալու մեթոդներ կիրառելու պարագայում, խնդրում եմ, կապվեք «Լուսավոր Հայաստանի» գրասենյակներ, որ մենք կարողանանք օրենքով սահմանված կարգով դրանց ընթացք տալ»: Մարուքյանն ասաց, որ հիմա չի ուզում հիշել, թե ինչեր էին անում 2017-ի ընտրություններին, ուզում է պոզիտիվ տրամադրության մեջ մնալ. «Եթե այս ընտրություններում փողը դեր չխաղա, մարդկանց տարատեսակ ձեւերով ազատ կամարտահայտման վրա ճնշում չլինի, ես վստահ եմ, որ մենք ունենալու ենք հզոր ԱԺ եւ այնտեղ մի մեծ խմբակցություն, որը կկոչվի «Լուսավոր Հայաստան» խմբակցություն»: «Ծառուկյան» խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանը արձագանքեց բարության կոչ անող ՀՀԿ-ականներին. «Ի՞նչն էր պատճառը, որ գնահատականներ չէր հնչում այն ժամանակ, երբ զոհվածների մայրերին ասֆալտի վրա քաշ էին տալիս, այդ ժամանակ գնահատականներ չէին հնչում, ո՞ր մեկդ էր կանգնում ու քաղաքական գնահատականներ տալիս, կամ երբ ծերերին էին ոտնահարում: Այս դահլիճում երբեւիցե նման բարության կոչեր ձեզանից չէինք լսում»: Շարմազանովն արձագանքեց. «Բարությանը պետք է բարությամբ պատասխանել, իսկ հանճարեղ մարդիկ նույնիսկ չարությանն են բարությամբ պատասխանում: Իսկ այս դահլիճը ավելի կարկառուն բացակա պատգամավորներ է տեսել, քան թե սովորական մահկանացու ՀՀԿ-ականներ», ասաց նա ակնարկելով Գագիկ Ծառուկյանին, ով խորհրդարանի ամենաշատ բացակայող պատգամավորն է: Մի խոսքով՝ ԱԺ-ում հրաժեշտի երեկո էր, անծանոթ հանդիսատեսը նույնիսկ հուզվել է մեր պատգամավորների պաթետիկ ու աննախադեպ հումանիստական ելույթներից, սա մի օր էր, երբ  բոլորն ուզում էին ամենասպիտակը երեւալ եւ նույնիսկ ՀՀԿ-ն, Շարմազանովը նույնիսկ բարձրաձայնեց այդ մասին՝ ձայնի իրավունք տալով հայտարարության համար չգրանցված Ալեն Սիմոնյանին նա կատակեց, <<Հետո չասեք, թե սեւ եմ>>:

Անի Սահակյան

Գլխավոր Թողարկում, Վերլուծություն

Մեկ անդրադարձ “Սա անհնար էր դիտել առանց հուզմունքի” հրապարակմանը