Նոր սկանդալ. Շահառուն Ադրբեջանն է

Nov 16, 2018 1 Comment

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն երեկ, ոչ ավել, ոչ պակաս հանդես է եկել Ադրբեջանի դեսպան Լատիֆ Գանդիլովի առջև, «զեկուցել է» իրավիճակը ՀԱՊԿ-ում:

Ու այդ, ոչ ավել, ոչ պակաս լկտիությունը հրապարակայնացվել է: Այսպես, Լուկաշենկոն հայտարարել է, որ իր երկիրը պատրաստ է առաջարկել երեք թեկնածու Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղարի պաշտոնում: Ահա, Բելառուսում Ադրբեջանի դեսպան Լատիֆ Գանդիլովի հետ հանդիպմանը «Բատկան» ասել է. «Այբբենական կարգով հաջորդ երկիրը Բելառուսն է, և մենք պետք է պատրաստ լինենք առաջարկելու մեր թեկնածությունը. ես այսօր երեք թեկնածու ունեմ, որոնց կարող եմ առաջարկել ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում»,- ասել է Լուկաշենկոն:

Բայց սա դեռ ամենը չէ: Բելառուսի նախագահը նշել է, որ ՀԱՊԿ ղեկավարի ընտրության ժամանակ եղել են «բազմաթիվ տարբերակներ»: Նա ընդգծել է, որ ոչ մեկ չի փորձել «ճնշել Հայաստանին», հարցն ինչ-որ մեկի հաղթելու կամ պարտվելու մեջ չէ: «Փաշինյանը կառավարությունում պետք է պարզապես գլուխ հանի իրավիճակից»,- ասել է նախագահը՝ կասկածի տակ դնելով, որ անցումային փուլում գտնվող երկիրը կկարողանա գլուխ հանել իրավիճակից:

Լուկաշենկոն հայտարարել է նաև, որ կազմակերպության նոր ղեկավարի վերաբերյալ վերջնական որոշում կկայացվի Սանկտ-Պետերբուրգում, որտեղ «Փաշինյանը պատասխան կտա»: Այնուհետև, Լուկաշենկոն պատմել է Աստանայում նոյեմբերի 8-ին անցկացված ՀԱՊԿ գագաթաժողովի մասին՝ նշելով, որ ՀԱՊԿ նոր ղեկավարի հարցն իրոք քննարկվել է, սակայն «տևել է գուցե 15 րոպե»:

Թվում է թե, սովորական հաղորդագրություն է սա՝ մի երկրի ղեկավարի և այդ երկրում մեկ այլ երկրի դեսպանի միջև: Բայց սա միայն առաջին հայացքից: Իրականում, սա ոչ այլ ինչ է, եթե ոչ ապտակ Հայաստանի ղեկավարությանը: Ադրբեջանը, որը ՀԱՊԿ-ի անդամ չէ, փաստորեն բացատրություններ է պահանջում Բելառուսից, թե ինչու՞ չի ՀԱՊԿ-ում գլխավոր քարտուղար ընտրվել Բելառուսի թեկնածուն: «Բատկան» էլ, այսպես ասած՝ նստել-պատմում է քիչ է, դրան գումարած նաև այդ մասին պաշտոնական հաղորդագրությունն էլ տարածում են:

Այսինքն, հստակ բացվում են Ադրբեջանի ծրագրերը ՀԱՊԿ-ում՝ ընդդեմ Հայաստանի ներկայացուցիչ ծրագրի ու հիմա Հայաստանի գործընկերները ՀԱՊԿ-ում հաշվետվություն են ներկայացնում Ադրբեջանին՝ արած ու չարածի մասին:

Բաքուն դեռ կսպասի ՀԱՊԿ-ական դեկտեմբերյան վճռին, իսկ Բելառուսի նախագահը, մեղմ ասած, խորհուրդ է տալիս Փաշինյանին «խելքը գլուխը» հավաքել:

Ահա, այսպիսի հետաքրքիր զարգացումներ…

Մետաքսյա Շալունց

Գլխավոր Թողարկում, Վերլուծություն

Մեկ անդրադարձ “Նոր սկանդալ. Շահառուն Ադրբեջանն է” հրապարակմանը