Ադրբեջանը «տարածքներ է ազատագրում». Ալիեւի պլան B-ն

Nov 16, 2018 1 Comment

Դուշանբեում Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների պայմանավորվածություններից հետո սահմանային լարվածությունը բավականին նվազել է, վերջերս լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանը՝ հերքելով, որ սահմանին Ադրբեջանը շարունակում է դիրքերի բարելավման աշխատանքները: Ըստ նրա՝ օպերատիվ կապը կողմերի միջև պահպանվում է. «Մինչ այս պահը շատ կառուցողական են արձագանքել»:

Երեկ լրագրողների հետ հանդիպմանը ՀՀ պաշտպանության նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Դավիթ Տոնոյանը նշել է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբին առաջարկվել է ՀՀ և Ադրբեջանի հրամկազմերի միջև ևս օպերատիվ կապ հաստատել:

Հիշեցնենք, որ Տոնոյանը նշել էր, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև օպերատիվ կապը գործում է, խախտումների ժամանակ կողմերն արագ տեղեկացվում են և միջադեպերը հարթելու համար կառուցողական մոտեցում են ցուցաբերում: Օպերատիվ կապը հեռախոսակապի միջոցով է իրականացվում: Նախագահներին և պաշտպանության նախարարներին ուղիղ զանգ չի լինում: Դա իրականացվում է պատասխանատու անձի միջոցով»:

ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջերս հաստատված օպերատիվ կապը, որի միջոցով կողմերն արագ տեղեկացվում են սահմանային միջադեպերի մասին, մինչ այս պահը գործում է անխափան: Հարցին՝ «երկու երկրների հրամանատարական կազմերի միջև ուղիղ կապ հաստատելու հարց քննարկվե՞լ է», նա պատասխանել է, որ հարցը բարձրացրել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության առաջ: «Կարծում եմ՝ դա ռիսկերը նվազեցնելու և միջադեպերը կանխելու հարցերում լուրջ միջոց կարող է հանդիսանալ: Ամեն դեպքում, մենք հարցը բարձրացրել ենք Մինսկի խմբի առաջ»,-նշել է Դավիթ Տոնոյանը:

Հատկանշական է, որ օրեր առաջ, երբ Տոնոյանը Դուշանբեի պայմանավորվածությունների մասին ակնարկեց, Ադրբեջանից հերքեցին, թե Հայաստանի ու Ադրբեջանի պաշտպանության նախարարությունների միջև նման կապ կա: Այժմ հայկական կողմը բացահայտում է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբին առաջարկվել է ՀՀ և Ադրբեջանի հրամկազմերի միջև ևս օպերատիվ կապ հաստատել: Անկասկած սրան կհետևի Ադրբեջանի կողմից սրացման որևէ քայլ, որովհետև նրանք ամենաքիչն է պետք սահմաններում հարաբերական անդորրի ամրագրումը:

Այս փուլում, նկատվում է, որ հայկական կողմը ցույց է տալիս առաջատար լինելու քաղաքականություն: «Նախիջևանի հետ հատվածում միջդիրքային տարածությունը կրճատված է՝ ոչ հայկական կողմի հաշվին, ավելին՝ այդ հատվածում հայկական կողմը դիրքային բարելավում ունի և ոչ մեկ վայրում»,-լրագրողների հետ հանդիպմանը երեկ անդրադառնալով Ադրբեջանից պարբերաբար հնչող հայտարարություններին, թե իրենց զինված ուժերն այս տարի Նախիջևանի հատվածում հողեր են «ազատագրել», ասել է ՀՀ պաշտպանության նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Դավիթ Տոնոյանը: «Պաշտոնապես հայտարարում եմ, որ Նախիջևանի ուղղությամբ Ադրբեջանի զինված ուժերը ոչ մի տարածք չեն «ազատագրել», ինչպես իրենք են այդ բառն օգտագործում: Դրանում լրագրողները համոզվել են՝ այցելելով համապատասխան հատվածներ: Դա եղել է միջդիրքային տարածության (Նախիջևանի հատվածում ՀՀ-ի հետ սահմանազատում չկա, այդ պատճառով կողմերի ԶՈՒ միջև տարածությունը կոչվում է ոչ թե չեզոք գոտի, այլ միջդիրքային տարածություն.-խմբ.) կրճատում՝ Նախիջևանի հանրապետության տարածքում, որտեղ ՀՀ ԶՈՒ-ն երբևէ վերահսկողություն չի իրականացրել»,-վստահեցրեց Դավիթ Տոնոյանը:

«Դիմել ենք միջոցների, որպեսզի չեզոքացնենք նրանց հնարավոր առաջխաղացումը: Այդ գործողությունները հաջողությամբ ենք կատարել»,-նշել է Դավիթ Տոնոյանը: Ինչ վերաբերում է հարցին, թե սահմանամերձ հայկական բնակավայրերի համար կատարվածը որքանո՞վ է սպառնալիք հանդիսանում հակառակորդի կողմից դիտարկվելու տեսանկյունից, ՊՆ ժամանակավոր պաշտոնակատարը հայտնել է՝ հրամանատարական կազմը տեղի բնակչության հետ աշխատանքներ է տանում և բացատրում, որ դիրքային տեղափոխությունները չպետք է ընկալել որպես սպառնալիք. «Մենք նվազեցրել ենք ռիսկերը, իսկ խնդիրը՝ բարձրացրել միջազգային գործընկերների առաջ»:

Ադրբեջանական քարոզչամեքենան վերջին օրերին դարձյալ զանազան քարտեզներով ներկայացնում է նյութեր սահմաններում դիրքային «առաջխաղացումների» մասին: Ըստ ամենայնի, Բաքուն պատրաստվում է Հայաստանի խորհրդարանական ընտրություններից հետո նոր ու մեծ քարոզչական ալիքի՝ ընդդեմ Հայաստանի ու Արցախի:

Թամար Բագրատունի

Գլխավոր Թողարկում, Վերլուծություն

Մեկ անդրադարձ “Ադրբեջանը «տարածքներ է ազատագրում». Ալիեւի պլան B-ն” հրապարակմանը