Քայլ արա, օրենք կարդա

Nov 14, 2018 Comments Off on Քայլ արա, օրենք կարդա

Մշակույթի նախարարի պաշտոնակատար Լիլիթ Մակունցը որոշել է նոր աշխատանքային մշակույթ ներմուծել պետական կառավարման համակարգ: Նա վերցրել ու ոչ ավել, ոչ պակաս Ֆեյսբուքով նկատողություն է հայտարարել Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի փոխտնօրենին: Համապատասխան գրառումը նա հրապակել է Ֆեյսբուքի անձնական էջում. «Հայտարարում եմ բանավոր զգուշացում Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրենի տեղակալ Կարինե Կիրակոսյանին՝ աշխատանքային ժամերին քաղաքական գործունեությամբ զբաղվելու և աշխատակիցների նկատմամբ ուղղորդված քարոզչություն ու հոգեբանական ճնշում գործադրելու հետ կապված:

Օպերայի տնօրեն պարոն Օրբելյանի ուշադրությանն եմ հրավիրում այս հանգամանքը և պահանջում խստագույնս հետևել օրենքին ու դուրս չգալ սահմանված լիազորությունների և գործառույթների շրջանակներից. հակառակ դեպքում կկիրառվեն վարչական խիստ միջոցներ:

Այս զգուշացումն ի գիտություն ընդունել Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության ենթակայության տակ գտնվող բոլոր ՊՈԱԿ-ներին»,- ֆբ էջում գրել է Մակունցը:

Սա թերևս նախարարներին հրապարակում գործից ազատելու հաջորդ քայլն է: Բայց նախարարուհին հավանաբար չգիտի, որ փոխտնօրենի պաշտոնը քաղաքական չէ և նրա դեպքում ֆեյսբուքով հայտարարված նկատողությունը առ ոչինչ է և չի կարող իրավական հիմք ընդունվել: Նկատողությունը, համաձայն Աշխատանքային օրենսգրքի, կարգապահական տույժի տեսակ է, որը կիրառվում է աշխատողի նկատմամբ՝ գործատուի կողմից, երբ նա թերանում է աշխատանքային պարտականությունները կատարելիս կամ լիազորությունները չարաշահելիս: Նկատողությունը աշխատողին տրվում է գործատուի հատուկ կարգադրությամբ, այդ մասին հատուկ գրառում է արվում աշխատողի անձնական գործում, ինչպես նաև նկատողության հրամանի մի պատճենը տրամադրվում է այն աշխատողին, ում նկատմամբ  տույժը կիրառվել է: Տվյալ պարագայում նկատողություն հայտարարելը գոնե տեխնիկապես տապալված է և իրավական առումով ուղղակի անգրագետ քայլ է: Նախ և առաջ սկսենք այն բանից, որ  Լիլիթ Մակունցը չի համարվում օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի փոխտնօրենի անմիաջական վերադասը կամ գործատուն: Օպերային թատրոնի փոխտնօրենի գործատուն ոչ թե նախարարն ու նախարարությունն  են, այլ օպերային թատրոնի տնօրենը: Իսկ նախարարությունն էլ իր հերթին  համարվում է տնօրենի գործատուն: Հետևաբար միակ բանը, որ կարող էր անել նախարարը հետևյալն է. նա պետք է առաջարկեր Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրենին՝ նկատողությամբ պատժել քարոզչությամբ զբաղվող և աշխատողների հանդեպ հոգեբանական ճնշում գործադրող փոխտնօրենին: Տիկին Մակունցը նաև պետք է տաղյակ լինի, որ աշխատողն իրավունք  ունի բողոքարկել նկատողությունը, հետևաբար հրապարակավ նման խրոխոտ հայտարարություն անելու համար պետք է հզոր փաստեր ունենալ:

Բայց այսքանով խնդիրները չեն ավարտվում, որովհետև  Մակունցը նաև չգիտի, որ նկատողության մասին տեղեկություն հրապարակելը   անձնական տվյալ է: Իսկ առանց անձի համաձայնության` անձնական տվյալների հրապարակումը արգելվում է՝ համաձայն  անձնական տվյալների պաշտպանության մասին օրենքի: Երևի տիկին նախարարուհին կամ շատ խառն է եղել կամ էլ շատ անփորձ է կառավարման ոլորտի պատասխանատու լինելու համար: Բայց նման կիքսեր չտալու համար պետական կառույցներում  շատ վաղուց ստեղծվել են համակարգեր` նախարարություններում կան իրավաբանական և անձնակազմերի կառավարման բաժիններ, վերջապես նախարարն ունի օգնականներ և խորհրդականներ, որոնք կարող են և պարտավոր են հուշել գրագետ գործելու կանոնները: Կամ էլ արդեն վեց ամիս նախարարի պաշտոնը զբաղեցնող Մակունցը պետք է քայլ անի և սկսի օրենքներ կարդալ: Դա անհրաժեշտ է` նկատողություններ հայտարարելու և ընդհանրապես ոլորտը կառավարելու համար: Ի դեպ, վերջապես արժի հիշել, որ նկատողություն հայտարարելու համար պետք է ոչ թե ստատուս գրել, այլ  հրաման արձակել:

 

Հայկ Դավթյան

Գլխավոր Թողարկում, Լուրեր, Վերլուծություն
Մեկնաբանությունները փակ են: