Սերժ Սարգսյանը հեռանալուց առաջ հասցրեց ավերել

Nov 14, 2018 Comments Off on Սերժ Սարգսյանը հեռանալուց առաջ հասցրեց ավերել

Ազգային ժողովի դեկտեմբերին կայանալիք արտահերթ ընտրությունները քաղաքական բովանդակության և նպատակների տեսանկյունից աննախադեպ են: Սրանք թերևս առաջին ընտրություններն են, որտեղ հաղթող ուժի անունը հայտնի է ի սկզբանե, և վիճարկելու փորձ անգամ չի արվում: Կասկածից դուրս է, որ ձայների բացարձակ մեծամասնություն է ստանալու Նիկոլ Փաշինյանի գլխավորած Քաղաքացիական պայմանագիը: 

Բոլոր ուժերը, բացի իշխող ՔՊ-ից, ընտրություններին մասնակցում են ընդդիմություն դառնալու ակնկալիքով: ՀՀԿ-ն, որը մի քանի ամիս առաջ բացարձակ իշխանություն ուներ, այսօր հայտարարում է, որ ընտրողները իրենց ձայն պետք է տան, որպեսզի երկրում ընդդիմություն լինի: Ընդդիմություն լինելու հավակնություն ունեն նաև ԲՀԿ-ն, Սասնա ծռերը, Փաշինյանի երբեմնի գործընկերները, որոնք ներկայացված են Լուսավոր Հայաստան կուսակցության և Մենք դաշինքի ցուցակներում:

Տեսականորեն, սակայն, դժվար է պատկերացնել քաղաքական պայքարի ֆորմատը ընդդիմադիր դաշտում: Դասական իմաստով ընդդիմադիր կարող է համարվել այն ուժը, որը դեմ է գործող իշխանությանը, հակադրվում է իշխանության ծրագրերին և քաղաքական կուրսին: Այդ տրամաբանությամբ Նիկոլ Փաշինյանի իշխանության միակ ռադիկալ ընդդիմությունը կարող է լինել ՀՀԿ-ն, որովհետև դեմ է Փաշինյանին և նրա վարած քաղաքականությանը: Բավականին անհասկանալի է մյուս ուժերի քաղաքական հռետորաբանությունը. արդյո՞ք նրանք կարող են համարվել ընդդիմություն Փաշինյանի իշխանությանը: ԲՀԿ-ն, որը հավակնում է դառնալ խորհրդարանի երկրորդ ուժը, որքանո՞վ  կարող է լինել ընդդիմություն, եթե ԲՀԿ առաջնորդը բազմիցս հայտարարել է, որ կանգնած է Փաշինյանի թիկունիքն: Ավելին՝ ԲՀԿ-ն միացավ հեղափոխությանը, ողջունեց, և դեռ կան տեղեկություններ, որ աջակցել է ժողովրդական ընդվզմանը: Ուստի ռադիկալ և կոշտ ընդդիմություն լինել ԲՀԿ-ն չի կարող. սա փաստ է: Բայց նաև ակնհայտ է, որ Նիկոլ Փաշինյանը հակված է խորհրդարանում երկրորդ ուժի դերում տեսենել հենց ԲՀԿ-ին:

Ինչպես Սերժ Սարգսյանի օրոք, այնպես էլ հիմա Ծառուկյանի գլխավորած կուսակցությանը դիտվում է ցանկալի ընդդիմություն՝ դրանից բխող բոլոր հետևանքներով: Ընդդիմադիր դաշտի մյուսը հիմնական հավակնորդը Սասնա ծռերն են: Նրանց արմատական և ազգայնական գաղափարներն իհարկե ավվելի համատեղելի են ընդդիմություն լինելու նկրտումներին: Բայց ամեն դեպքում կա մի շատ կարևոր հանգամանք, որն հնարավոր չէ անտեսել. Սասնա ծռերի հիմնական գաղափարական թևն ու ղեկավարությունը, սկսած Ժիրայր Սեֆիլյանից, վերջացրած ՊՊԾ գնդի գրավման մասնակիցներով, բանտարկված էին և ազատություն ստացան Նիկոլ Փաշինյանի հեղափոխության և քաղաքական կամքի շնորհիվ: Հետևաբար ծռերի՝ ընդդիմություն լինելու փաստարկը մտորումների տեղիք է տալիս և առաջացնում հարցեր:

ՀՅԴ-ի մասին թերևս չարժի խոսել ընդհանրապես. նրանք այս անգամ բոլոր շանսերը սպառել են: Ինչ վերաբերում է Մենք դաշինքին և Լուսավոր Հայաստան կուսակցությանը. այս ուժերը համարվում են հեղափոխության հիմնական հենարաններից և ողջ ընթացքում լայնորեն աջակցել են Փաշինյանի քաղաքական թիմին: Ավելին՝ նրանք կառավարություն են ձևավորել և կրում են Փաշինյանի թեկուզ ժամանակավոր կառավարության տված արդյունքների պատասխանատվությունը: Այս երկյու ուժերի ցուցակներում ընդգրկված են գործող նախարարներ, ու հենց միայն այդքանը բավարար է մտածելու համար, որ նրանք ընդդիմադիր չեն: Այս ուժերի լիդերները  չեն փորձում մրցել Փաշինյանի հետ: Նրանք հայտարարում են, որ իրենք լիովին կողմ են և կիսում են Նիկոլ Փաշինյանի գաղափարները, բայց ամեն դեպքում, իրենք ևս իրավունք ունեն ներկայանալ խորհրդարանում: Իհարկե, իրավունք ունեն, և ճիշտ կլինի, որ ներկայացված լինեն: Բայց եթե նրանք Փաշինյանի համախոհն են, ի՞նչ տրամաբանությամբ է ընտրողը քվեարկելու նրանց և ոչ թե ՔՊ-ի օգտին:

Մյուս կողմից էլ երկիրը չի կարող չունենալ ընդդիմություն. քաղաքական համակարգի համար դա կարող է կործանարար հետևանք ունենալ: Այս տեսանկյունից ամենածանր վիճակում հայտնվել է ՀՀԿ-ն: Նա պայքարում է ընդդիմադիր դաշտում տեղ ունենալու համար: Նրանք անգամ գաղափարական լոզունք են մշակել՝ ընտրել ոչ միայն իշխանություն, այլ նաև ընդդիմություն: Հետաքրքիր է՝ երբ իրենք էին իշխանության ղեկին, այն ժամանակ ընդդիմություն ընտրելու կարիք չկա՞ր, թե՞ այն ժամանակ իշխանությունն էր ընտրում ընդդիմությանը: Սերժ Սարգսյանը հեռանալուց առաջ հասցրեց ավերել քաղաքական համակարգը, որի վերականգնման համար տարիների աշխատանք է պետք, իսկ հետևանքներն այսօր զգում են բոլորը, և առաջին հերթին՝ ՀՀԿ-ականները:

 

Հայկ Դավթյան

Գլխավոր Թողարկում, Լուրեր, Վերլուծություն
Մեկնաբանությունները փակ են: