Երրորդ փուլը ո՞րն է, փող տալո՞ւ փուլը. երանոսցիները բողոքելու են, մինչև որ հարցը հասնի Նիկոլ Փաշինյանին

Nov 13, 2018 Comments Off on Երրորդ փուլը ո՞րն է, փող տալո՞ւ փուլը. երանոսցիները բողոքելու են, մինչև որ հարցը հասնի Նիկոլ Փաշինյանին

Նիկոլ Փաշինյանի կադրային քաղաքականությունը գնալով ավելի ու ավելի շատ է դժգոհությունների տեղիք տալիս: Տեղերում Փաշինյանի նորահայտ կադրերին բացահայտ կերպով մերժում են՝ արտահայտելով իրենց դժգոհությունը: Նման մի դեպք տեղի է ունեցել նոյեմբերի 10-ին. Գեղարքունիքի մարզի Մարտունու տարածաշրջանի Երանոս գյուղի բնակիչները փակել են մարզպետ Գնել Սանոսյանի ճանապարհը և թույլ չեն տվել մտնել գյուղ: Երանոսցիները մեքենաներով գյուղ մտնող հիմնական ճանապարհը փակել են և բացատրություն պահանջել մարզպետից, թե ինչու է անարդար անցել Մարտունու քաղաքային հիվանդանոցի տնօրենի մրցույթը: Բանն այն է, որ մրցույթում երանոսցիների պնդմամբ՝ հաղթող ճանաչված միակ թեկնածուն իրենց համագյուղացի բժիշկ-վիրաբույժ Վիգեն Խաչատրյանն է եղել: Մրցույթին մասնակցել է 6 թեկնածու, որոնցից 5-ը, սակայն, գրավոր՝ թեստային, և բանավոր՝ հարցազրույցի փուլերում, կտրվել են՝ բավարար միավորներ չհավաքելու պատճառով:

Վիգեն Խաչատրյանը հաղթահարել է մրցույթի և բանավոր և գրավոր փուլը: Ըստ գործող կարգի՝ քննությունը հաղթահարած թեկնածուն պետք է ներկայացներ նաև զարգացման ծրագիր, որը գնահատում է մարզպետի հրամանով ստեղծված մրցութային հանձնաժողովը: Եվ չնայած Վիգեն Խաչատրյանը եղել է միակ հաղթող թեկնածուն, հանձնաժողովը նրա ներկայացրած զարգացման ծրագիրը հավանության չի արժանացրել և հանձնաժողովի 7 անդամներից 6-ը դեմ են քվեարկել նրան: Արդյունքում Մարտունու հիվանդանոցի տնօրենի թափուր տեղի մրցույթում որևէ մեկը հաղթող չի ճանաչվել: Բուժկենտրոնն այս պահին ղեկավարում է ժամանակավոր պաշտոնակատարը, ով նույնպես մասնակցել է մրցույթին, սակայն քննության բանավոր փուլը չի հաղթահարել: Երանոսցիները համոզված են, որ իրենց համագյուղացին, ով հաղթահարել է քննական գրավոր և բանավոր փուլերը և եղել է միակ թեկնածուն, միանգամայն արժանի էր դառնալ հիվանդանոցի տնօրեն: Մարզպետարանի հանձնաժողովը, որի կազմում, նրանց պնդմամբ, որևէ բժիշկ-մասնագետ  չի եղել, միտումնավոր դեմ է քվեարկել: Այս ամենը բորբոքել է երանոսցիների կրքերը, և նրանք իմանալով, որ մարզպետը որոշել է այցելել իրենց համայնք, գյուղովի հավաքվել և փակել են ճանապարհը: Մարզպետ Գնել Սանոսյանը ճանապարհը փակողներին փորձում էր բացատրել, որ մրցույթի ժամանակ որևէ կարգ չի խախտվել. «Մրցույթը անցկացվում է երեք փուլով, Վիգեն Խաչատրյանը հաղթահարել է առաջին երկու փուլերը, սակայն երրորդ փուլը չի հաղթահարել»,- բացատրել է նա: «Երրորդ փուլը ո՞րն է, փող տա՞լը, դրա համար  էլ երևի չի՞ հաղթահարել: Էդ երրորդ փուլի անունը դոլար դրեք»,- մարզպետին հակադարձել է ճանապարհը փակած քաղաքացիներից մեկը: «Ինչո՞ւ է հանձնաժողովի նիստի ընթացքում Ձեր օգնականը երկու անգամ մտել սենյակ ու ինչ-որ բան փսփսացել հանձնաժողովի անդամների ականջին»,- մարզպետին վրա է տվել մեկ այլ երանոսցի:

«Էդ հանձնաժողովի մեջ ոչ մի բժիշկ չի եղել, ընդամենը մի հատ անասնաբույժ է եղել: Դրանք ո՞նց են որոշել, որ վատ ծրագիր է: Փաստորոն ոչ մի բան էլ չի փոխվել, հեղափոխությունը սուտ բան էր, էլի առաջվա պես ծանոթ-բարեկամ են անում»,- ասել է մեկ այլ ճանապարհ փակող: Ինչևէ, մոտ երկու ժամ տևած բանակցություններից հետո, երանոսցիները թույլ են տվել մարզպետին մտնել գյուղ՝ պայմանով, որ նա դրական լուծում կտա իրենց բարձրացրած հարցին և վերադառնալիս այդ մասին անձամբ տեղյակ կպահի հավաքված մարդկանց: Սակայն մարզպետը գաղտագողի հեռացել է Երանոս-Վարդաձոր միջհամայնքային ճանապարհով ու վերադարձել է ոչ թե մարզկենտրոն՝ Գավառ, այլ դեպի Մարտունի: Երանոսցիները, սակայն, մարտական են տրամադրված և սպասելու են մինչև երկուշաբթի, եթե որևէ նոր քայլ չձեռնարկվի, նրանք մտադիր են շարունակել բողոքի ակցիաները այնքան ժամանակ, մինչև որ հարցը կհասնի Նիկոլ Փաշինյանին:

Կարինե Սարիբեկյան 

Հ.Գ. Խմբագրությունը պատրաստ է հրապարակել նաև մրցույթի մասնակից թեկնածուների և մարզպետարանի տեսակետները:

Գլխավոր Թողարկում, Լուրեր, Հարցազրույց
Մեկնաբանությունները փակ են: