Սերժ Սարգսյանը, Կարեն Կարապետյանը, Տիգրան Սարգսյանը, հիմա էլ Նիկոլ Փաշինյանը

Nov 13, 2018 2 Comments

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Աստանա կատարած այցի ժամանակ հայ համայնքի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ Հայաստանում որևէ գործունեություն և ներդրում անելու համար չկա ոչ մի խոչընդոտ, և ինքը ողջունում ու կարևորում է նմանատիպ բոլոր նախաձեռնությունների իրականացումը: Նա ընդգծել է, որ Հայաստանում իրականացվելու է աշխատանքի խրախուսման հետևողական քաղաքականություն:

Նիկոլ Փաշինյանի խոսքով` Հայաստանում առաջնային խնդիրը աշխատանք ունենալն է. «Աշխատանքը ամենակարևոր բանն է: Տե­սեք, այսօր որտեղ մենք գնում ենք ՀՀ-ում, մար­դիկ հին իներցիայով ասում են դե, աշխա­տանք լինի աշխատենք: Հետո մի քիչ հարցու­փորձ ենք անում, տեսնում ենք այդ նույն գյու­ղում, նույն տեղում, որտեղ իրենք մեզնից աշ­խատանք են պահանջում, 50 մետր այն կողմ թափուր աշխատանք կա: Եվ սեփականատերը ասում է 4 տարի ես չեմ կարողանում 2 մարդ ընդունել աշխատանքի, որովհետև մարդիկ չեն գալիս աշխատելու: Ինչո՞ւ չեն գալիս աշխա­տելու: Որովհետև աղքատության նպաստ են ստանում: Մտածում են եթե աշխատեն, այդ աղքատության նպաստից կզրկվեն: Դա էլ 25 հազար դրամ է… Բանը հասել է այնտեղ, որ մարդիկ իրենց կովերին մորթում են, որ աղքա­տության նպաստ ստանան: Հեռուստացույց չեն գնում, որ աղքատության նպաստ ստանան: Եվ մենք այսօր մեր երկրում հասել ենք մի իրա­վիճակի, երբ 350 հազար մարդ աշխատում է, և այս 350 հազարի աշխատանքի արդյունքը բա­ժանվում է 800 հազար մարդու մեջ: Պատկե­րացնո՞ւմ եք՝ մեր երկիրն ինչ վիճակում է, որ 350 հազար մարդ աշխատում է, և 800 հազար մարդ պահանջում է այդ 350 հազար մարդուց, ասում է մեր նպաստը լավացրու, մեր առողջա­պահությունը անվճար դարձրու, մեր ճանա­պարհները կառուցիր, մեր թոշակները, աշխա­տավարձերը բարձրացրու:

Ոչ ոք չի ասում այս 350 հազար մարդիկ «ճռռում» են, մնացած 800 հազարն ուզում են, որ նրանք ավելի շատ ճռռան: Մեր խնդիրն այն չէ, որ այս 350 հազար մարդուն բռնենք քամենք այնքան, որ ասեն՝ չենք ուզում, էս էլ ձեզ, էս «պեչատն էլ» ձեզ, մենք կգնանք Ղազախստանում կաշխատենք, որտեղ մեզ վրա բեռը այդքան շատ չի: Մենք պետք է այնպես անենք, որ այս 800 հազար չաշխատող կամ արդյունք չստեղծող մարդ­կանց թվից տեղափոխվեն աշխատող մարդ­կանց թիվը: Սա ամենակարևոր բանն է»,- ասել է Փաշինյանը:

Փաշինյանի այս հայտարարությունները, մեղմ ասած, ապշելու շրջադարձ են նրա լեքսիկոնի և ընդհանրապես մոտեցումների մեջ: Ստացվում է, որ հայ ժողովուրդը այնքան անբան ու անիքնասեր է, որ 25 հազար դրամ աղքատության նպաստ ստանալու համար պատրաստ է չաշխատել, պատրաստ է մորթել իր կովը, այսինքն՝ զրկվել եկամտի հիմնական աղբյուրից, ինչ է թե 25 հազար դրամ նպաստ ստանա: Միանգամից երևում է, որ Փաշինյանին ներկայացվել են ինչ-որ տվյալներ, և նա չի փոձել անգամ խորանալ դրանց մեջ: Ի վերջո, ո՞ր դեպքում կարող է մարդը 25 հազար դրամ նպաստը գերադասել աշխատավարձից: Թերևս այն դեպքում, երբ այդ աշխատավարձը նպաստի այդ չափից առանձնապես չի տարբերվում, կամ էլ այդ տարբերությունն այնքան չնչին է, որ ավելի լավ է ընտրել նպաստը: Հայաստանում աշխատանքի խնդիր թերևս իսկապես չկա: Հայաստանում կա արժանապատիվ աշխատանքի խնդիր: Օրական 8-14 ժամա ծանր աշխատանքի դիմաց՝ գործատուն մարդուն առաջարկում է 2 հազարից երեք հազար դրամ աշխատավարձ, երբեմն դրանից էլ ցածր գումար: Նման պարագայում հնարավոր է, որ մարդը գերադասի աղքատության նպաստը:

Կա նաև երկրորդ ավելի լուրջ խնդիրը. Հայաստանում աղքատ են ոչ միայն չաշխատողները, այլ նաև աշխատողների մեծ մասը: Վիճակագրական տվյալներով՝ Հայաստանի 350 հազար աշխատողներից մոտ 70 տոկոսը ստանում են մինչև 150 հազար դրամ աշխատավարձ: Հետևաբար այս մարդիկ աշխատող աղքատներ են, որովհետև այդ աշխատավարձը չի կարող արժանապատիվ կյանք ապահովել: Նաև դա է պատճառը, որ շատերը, անգամ եթե աշխատանք ունեն, գերադասում են արտագնա աշխատանքի մեկնել կամ արտագաղթել: Նիկոլ Փաշինյանը նման հայտարարություն անելուց առաջ թերևս պետք է նկատի ունենա նաև թաքնված աշխատուժը: Բազմաթիվ նպաստ ստացողներ այսօր ավելի լավ սոցիալական վիճակում են, քան աշխատանք ունեցողները:

Հատկանշական է, որ այս կարգի հայտարարություններ, թե մարդիկ հանուն Փարոս ու նպաստ ունենալու կով են մորթում, հրաժարվում են աշախատելուց, առաջին անգամ չէ, որ լսում ենք: Նման աբսուրդային մտքեր ժամանակին արտահայտել են նաև Սերժ Սարգսյանը, Կարեն Կարապետյանն ու Տիգրան Սարգսյանը: Հիմա էլ փաստորեն Նիկոլ Փաշինյանը: Իսկ ի՞նչ էր ասում Փաշինյանը այս նույն հարցերի մասին մինչև վարչապետ դառնալը: Առաջարկում ենք բացել նրա հին ելույթները և ուշադիր լսել: Ե վերջապես, եթե Հայաստանում աշխատանք կա, բայց աշխատող չկա, բա հեղափոխությունը ինչի՞ արդյունքում եղավ:

 

Հայկ Դավթյան

 

Գլխավոր Թողարկում, Լուրեր, Վերլուծություն

2 Անդրադարձ “Սերժ Սարգսյանը, Կարեն Կարապետյանը, Տիգրան Սարգսյանը, հիմա էլ Նիկոլ Փաշինյանը” հրապարակմանը

Մեկնաբանել