Նոր մանրամասներ քրեական հեղինակության սպանության նախապատրաստության մասին

Nov 09, 2018 Comments Off on Նոր մանրամասներ քրեական հեղինակության սպանության նախապատրաստության մասին

Բավարար տվյալներ են ձեռք բերվել` քրեական հեղինակություն համարվող անձի սպանության նախապատրաստության վերաբերյալ, մեկ անձ ձերբակալվել է։

Քննչական կոմիտեից հայտնում են, որ քրեական գործով կատարված մեծածավալ քննչական եւ օպերատիվ-որոնողական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ 2017 թվականին մի խումբ անձանց կողմից նախապատրաստվել է Վանաձորի բնակիչ, քրեական հեղինակություն համարվող անձի սպանությունը, որն իրականացնելու համար Հայաստան է հրավիրվել նաեւ դիպուկահար, ով, լինելով ՀՀ քաղաքացի, վերջին տարիներին բնակվել է արտերկրում։ Վերջինս Հայաստան է ժամանել 2017 թվականի ապրիլի 19-ին եւ մի քանի օր նախ մնացել է օդանավակայանին հարակից հյուրատներից մեկում, ապա՝ հանցակցի հետ ապրիլի 24-ին տեղափոխվել Վանաձոր, որտեղ բնակվել են նախապես վարձակալված բնակարանում։

2017 թվականի ապրիլի 27-ի լույս 28-ի գիշերը վարձակալված բնակարանում հայտնաբերվել է դիպուկահարի դին՝ բազմաթիվ մարմնական վնասվածքներով:

Քննությամբ բավարար ապացույցներ են ձեռք բերվել, որ սպանվածի դին Վանաձորից Երեւան է տեղափոխվել նրա հանցակցի կողմից՝ սպանության, ինչպես նաեւ քրեական հեղինակության սպանության նախապատրաստության հետքերը թաքցնելու նպատակով։

Մեծածավալ քննչական գործողությունների արդյունքում պարզվել է Հայաստան ժամանելու նպատակով դիպուկահարին գումար ուղարկած, ինքնաթիռի տոմս գնած, նրան օդանավակայանում դիմավորած եւ նշված հյուրատուն տեղափոխած անձի ինքնությունը, ով, ըստ քննության տվյալների, մի խումբ անձանց հետ միասին առաջարկել է նրան իրականացնել քրեական հեղինակության սպանությունը։ Բացի այդ, բավարար տվյալներ են ձեռք բերվել, որ սպանությունն իրականացնելու համար ձեռք է բերվել օպտիկական հրազեն։

ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության վարույթում քննվող քրեական գործով այսօր մեկ անձ ձերբակալվել է սպանության նախապատրաստության կասկածանքով։

Նախաքննությունը շարունակվում է, ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ դիպուկահարի սպանության բոլոր հանգամանքները, քրեական հեղինակության սպանության նախապատրաստությանն առնչություն ունեցած անձանց ամբողջական շրջանակը պարզելու ուղղությամբ։Նոր մանրամասներ քրեական հեղինակության սպանության նախապատրաստության մասին

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: