Բաքուն պետք է դուրս գա իր պատմական կաղապարից

Nov 09, 2018 Comments Off on Բաքուն պետք է դուրս գա իր պատմական կաղապարից

Արցախա-ադրբեջանական շփման գծի կամ Հայաստանի Հանրապետություն-Ադրբեջան պետական սահմանի ուղղություններով Բաքվի թափանցման գործողությունների եւ կրակոցների համեմատական մեղմացումը առաջին հայացքից կարող է կապվել ՀՀ վարչապետի պաշտոնակատարի եւ Ադրբեջանի նախագահի միջեւ եղած խոսակցության եւ ապա հայտարարված պայմանավորվածության ու դրան հետեւած գործնական կապին` հրադադարի խախտման դեպքերը կանխարգելելու առումով: Այս գործընթացներին առընթեր Բաքուն գերիների փոխանակման առաջարկին տվեց հրապարակային բնույթ` խաղաղասիրական նախաձեռնություն իրականացնելու իմիտացիա ստեղծելով:

Ռազմական հարթության վրա շարունակվող մշտադիտարկումները ունեն նաեւ քաղաքական բաժին` այնտեղ նկատելու համար հայ եւ ադրբեջանցի ժողովուրդների միջեւ կապեր հաստատելու ցանկությունների բարձրաձայնումով: Դժվար պիտի լիներ այդ բոլորին զուտ հասարակական բնութագիր տալ` ասելու համար, որ նրանք քաղաքական նպատակ չունեն եւ որեւե ձեւով այս կամ այն պետության քաղաքականության պարունակում չեն  դիտարկվում:

Զոյա Թադեւոսյանի արցախյան տարածքներ հանձնելու հայտարարությունից անցնելով պաշտոնաթող դեսպան Միլսի «տարածքներ խաղաղության դիմաց» բանաձեւի բարձրաձայնմանը, հասնելու համար ԱՄՆ նախագահի անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի՝ հայ-ադրբեջանական եւ հայ-թուրքական հարաբերությունների բնականոնացման փոխկապակցության տեսակետի փոխանցմանը` երեւույթները հասարակական ընդհանուր մթնոլորտ ստեղծելու միտումների նախադրյալներ են պարզում:

Հետեւաբար, պատահական չեն ներհասարակական համարձակ ցանկություն-առաջադրանքների հրապարակումները այս կամ այն քաղաքացիական գործչի, ֆեյսբուքի օգտատիրոջ կողմից:

Հակամարտությունների ապառազմականացման կոչը հնչեց նաեւ նախագահ Արմեն Սարգսյանի կողմից: Հայտարարությունը օրինաչափ է այն առումով, որ հայկական կողմը, հետեւողականորեն դատապարտելով ադրբեջանական հարձակողապաշտությունը, միացել է միջազգային հանրության ընդգծած առաջադրանքին` բացառելու համար ուժի կիրառումը եւ ընդգծելով հարցի խաղաղ կարգավորումը:

Վարչապետ Փաշինյանի մոտեցումը` չսեփականաշնորհելու հարցի լուծումը, այլ պայմանավորելու` համաժողովրդային հանրաքվեներով, ակնարկ էր վերապահել ուղղակի-անուղղակի, որ հարցի երկկողմանի լուծման համար նաեւ Ադրբեջանի ժողովուրդը պետք է կամարտահայտվի: Չսեփականաշնորհելով հարցի կարգավորման լուծումը` անուղղակի կոչ  է նաեւ պաշտոնական Բաքվին` չսեփականաշնորհելու լուծման տարբերակի միակողմանի ընդունումը:

Իսկ եթե ժողովուրդներին է վերապահվում լուծման տարբերակի շուրջ համաձայնելը, ապա ուրեմն նոր գործընթաց է սկսվում հասարակությունում անհանդուրժողականության վերացման նպատակով:

Իրադրային նախադրյալները նախանշում են, որ ընդհանուր այս մթնոլորտում չի բացառվում, որ հայտնվեն հայ-ադրբեջանական հաշտեցման հանձնաժողովներ, որոնք աշխատեն «պատմական կաղապարներից» դուրս բերել երկու ժողովուրդներին:

Արցախի հարցի ուղղությամբ պատմական կաղապարից դուրս գալը հայկական կողմի համար նշանակում է թեւակոխել երկրորդ փուլ՝ այս անգամ դուրս գալ դեպի Թուրքիա ձեւավորված պատմական կաղապարից, ինչը պարզ տեսքով համազոր է Բոլթոնի կատարած հարցերի փոխկապակցվածության առարկայացմանը:

Ժողովուրդների մոտ թշնամական մոտեցումների եւ անհանդուրժողականության չեզոքացումը անհրաժեշտ է, որ այն ընթանա բանակցային գործընթացին զուգահեռ: Պայմանով սակայն, որ զուգահեռ` այդ ուղղությամբ գործնական, համոզիչ գործողություններ կատարվեն: Թալիշի ռազմական հանցագործները արդարադատության հանձնվեն, կացնահարողները պատժվելու փոխարեն չհերոսանան եւ պարզապես Վիեննան եւ Սանկտ Պետերբուրգը հարգվեն եւ չարգելակվեն:

Ադրբեջանի նախագահը վերջերս հայտարարել էր, որ հայկական ուժերը պետք է հեռանան Ադրբեջանի «պատմական տարածքներից»: Այս դեպքում Ալիեւի կողմից պատմական բնութագրումը հետաքրքրական է: Այստեղ արդեն Բոլթոնին պետք է վկայակոչել` գիտակցելու համար, որ Ադրբեջանը պետք է դուրս գա իր «պատմական կաղապարներից» եւ բաց աչքերով տեսնի այդ տարածքների Արցախի պատկանելիությունը:

ՇԱՀԱՆ ԳԱՆՏԱՀԱՐՅԱՆ

«Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: