«Կինդեր սյուրպիզը» կարող էր գալ Աստանա. Հաջորդ անակնկալն ե՞րբ սպասենք

Nov 10, 2018 Comments Off on «Կինդեր սյուրպիզը» կարող էր գալ Աստանա. Հաջորդ անակնկալն ե՞րբ սպասենք

Ռուսաստանյան «Կոմերսանտը» երեկ հոդված է հրապարակել ՀԱՊԿ-ի մասին, որում հղում անելով իր դիվանագիտական աղբյուրներին, գրել է, թե Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ուզում էր մասնակցել ՀԱՊԿ-ի գագաթնաժողովին հյուրի կարգավիճակով, սակայն հայկական կողմը թույլ չի տվել։

Ալիևի մասնակցության նախաձեռնությունը Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևինն էր: «Կոմերսանտի» աղբյուրների համաձայն, Նազարբաևին այս հարցում աջակցել են անդամ երկրների մյուս ղեկավարները, մասնավորապես՝ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն։

«Կոմերսանտը» տեղեկությունը հաստատելու համար դիմել էր Հայաստանի արտգործնախարարությանը, սակայն ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը պատասխանել է, որ այդ մասին տեղեկություն չունի։

Հիշեցնենք, որ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում բոլոր որոշումները ընդունվում են կոնսենսուսի սկզբունքով, այսինքն` պետք է համաձայն լինի նաև Հայաստանը։

Վերջին շրջանում մամուլում քննարկվում էր ՀԱՊԿ-ին Ադրբեջանի հնարավոր անդամակցության կամ գոնե դիտորդի կարգավիճակում մասնակցության թեման։

Փաստորեն, ռուսաստանյան պարբերականի տեղեկություններով Ալիևը պատրաստ էր ներկա գտնվել միջոցառմանը, սակայն այդ գաղափարին դեմ է արտահայտվել հայկական կողմը: «Դաշինքի մեջ չմտնող պետությունների ղեկավարները կարող են մասնակցություն ունենալ ՀԱՊԿ միջոցառումներին, եթե դրան համաձայնություն տան կազմակերպության բոլոր անդամները»,- մեկնաբանել է անդամ-երկրների պատվիրակություններից մեկում «Կոմերսանտի» աղբյուրը: Տվյալ դեպքում, նրա խոսքով, կոնսենսուս չի եղել:

Եթե ռուսական պարբերականի տեղեկությունը կարելի էր իրականությանը չհամապատասխանող համարել, եթե ՀԱՊԿ-ից պաշտոնապես հերքած լինեին այս տեղեկությունը: Բայց խնդիրն այն է, որ ՀԱՊԿ-ից որևէ մեկը չի հերքել լուրը:

Ինչու՞ Ալիևը կցանկանար մասնակցել ՀԱՊԿ հավաքին: Մի պարզ պատճառով, որովհետև տարիներ շարունակ նա վայելում է ՀԱՊԿ անդամ գործընկերների վստահությունն ու սերը: Ավելին՝ այդ սերն ու վստահությունը անմիջապես կապվում է Ալիևի ղարաբաղյան «մղումների» հետ՝ «ուզո՞ւմ եք անդամակցեմ կառույցին՝ Ղարաբաղը տվեք» սկզբունքով:

Ինչպե՞ս է Փաշինյանի կառավարությունը դիմակայելու ՀԱՊԿ-ականների ու Ալիևի «հարձակմանը», որը չի կարելի բացառել Հայաստանում խորհրդարանական ընտրություններից հետո: Օղակը, կարծես, ավելի ու ավելի է սրվում Հայաստանի շուրջը:

Մետաքսյա Շալունց

Գլխավոր Թողարկում, Վերլուծություն
Մեկնաբանությունները փակ են: