Մինչև դեկտեմբեր էլ ձախողումը փաստ է

Nov 10, 2018 Comments Off on Մինչև դեկտեմբեր էլ ձախողումը փաստ է

ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարները կազմակերպության նոր գլխավոր քարտուղարի վերաբերյալ որոշում կկայացնեն դեկտեմբերին, երեկ հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը. «ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի թեկնածության ընտրության հարցին բավական ժամանակ հատկացվեց: Պայմանավորվել են համապատասխան վերջնական որոշում ընդունել դեկտեմբերի 6-ին Սանկտ Պետերբուրգում: Պաշտոնակատարը կշարունակի աշխատանքը մինչև դեկտեմբերի 6-ը»:

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) նոր գլխավոր քարտուղարի մասին որոշում չի կայացվել: Կազմակերպության գլխավոր քարտուղարի տեղակալ Վալերի Սեմերիկովը կշարունակի մնալ որպես պաշտոնակատար: Այս մասին լրագրողներին հայտնել է Ռուսաստանի Դաշնության անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևը:

Հիշեցնենք, Յուրի Խաչատուրովը նոյեմբերի 2-ին ազատվեց ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնից: Նրան «Մարտի 1-ի գործով» մեղադրանք առաջադրելուց հետո Հայաստանի Հանրապետությունը դիմել էր ՀԱՊԿ-ին՝ սկսելու Յուրի Խաչատուրովին գլխավոր քարտուղարի պաշտոնից հետ կանչելու գործընթաց։ Յուրի Խաչատուրովին հուլիսի 26-ին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով այն բանի համար, որ նա այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ տապալել է Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը: Խաչատուրովը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը, նրա նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել էր 5 մլն դրամ գրավը: Յուրի Խաչատուրովը ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը զբաղեցնում էր 2017թ. մայիսի 2-ից: Հայտնի է, որ Յուրի Խաչատուրովը նոյեմբերի 4-ին վերադարձել է Հայաստան և նրա փաստաբան Միհրան Պողոսյանի խոսքով՝ վերադառնալուց հետո Խաչատուրովի հետ քննչական գործողություններ չեն իրականացվել։

Այսպես, մինչև դեկտեմբերի սկիզբ Հայաստանի իշխանությունը ժամանակ ունի: Բայց մինչև դեկտեմբեր էլ արդեն իսկ ամեն ինչ պարզ է: Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը կարծում է, որ ՀԱՊԿ նոր գլխավոր քարտուղարը կդառնա Բելառուսի ներկայացուցիչ: Նազարբաևը նշել է, որ ՀԱՊԿ անդամ պետությունները դեմ են արտահայտվել ՀՀ պնդումներին, թե Խաչատուրովին պետք է փոխարինի Հայաստանի մեկ այլ ներկայացուցիչ: «Մնացել է պաշտոնավարման մեկ տարի, և ՀՀ նոր ներկայացուցիչը չի հասցնի արդյունավետ զբաղվել իր գործով»,- ասել է Նազարբաևը՝ հավելելով, որ այբբենական հերթականությամբ հաջորդը Բելառուսի հերթն է, հետևաբար ՀԱՊԿ գլխավոր քարտուղար կլինի Բելառուսի պատվիրակը:

Երեկ նա նաև հավելել է. «Մեզ մոտ բախումն այն հարցի շուրջ է, որ Հայաստանի ներկայացուցիչ Խաչատուրովը եղել է մեզ մոտ գլխավոր քարտուղար և հետ է կանչվել: Բոլոր ղեկավարներն ասել են, որ մեզ պետք է գործող գլխավոր քարտուղար բելառուսական կողմից: Այդ հարցը մենք կորոշենք դեկտեմբերի 6-ին Սանկտ Պետերբուրգում»:

Այսինքն, արդեն իսկ կարելի է պնդել, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը, ըստ առաջնորդների պայմանավորվածության՝ կընդունվի Սանկտ Պետերբուրգում դեկտեմբերի 6-ին և դա չի լինի Հայաստանի ներկայացուցիչը:

Իսկ Հայաստանը սա կներկայացնի որպես ոչ առանձնապես մեծ նշանակության իրադարձություն: Իշխանության կարծիքը տարածողները կսկսեն հիշել, թե որքան անարդյունավետ կառույց է ՀԱՊԿ-ն, որ միևնույն է նա ի շահ Հայաստանի որևէ հստակ դիրքորոշում չի արտահայտել: Այո՛, դա այդպես է: Բայց այստեղ նաև Հայաստանի դիվանագիտության ձախողման հարցն է, որը ոչ ոք չի խոստովանելու, չի ասելու, որ եթե Հայաստանի իշխանություններն այլ հաշվարկներ անեին՝ չէինք կորցնի ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը:

Թամար Բագրատունի

Գլխավոր Թողարկում, Վերլուծություն
Մեկնաբանությունները փակ են: