Սիլվա Համբարձումյանը ստու՞մ է, թե՞ անօրինական գործարք է իրականացրել

Nov 09, 2018 Comments Off on Սիլվա Համբարձումյանը ստու՞մ է, թե՞ անօրինական գործարք է իրականացրել

Վերջին մի քանի շաբաթների ընթացքում մամուլում հաճախ է հիշատակվում գործարար Սիլվա Համբարձումյանի անունը։ Սիլվա Համբարձումյանը արդեն հասցրել է բազմաթիվ անձանց անուններ տալ, որոնց, իր խոսքով, մի քանի տասնյակ միլիոն դոլարների հասնող կաշառք է տվել։Այս մասին գրում է politik.am-ը:

Իր վերջին ասուլիսներից մեկի ժամանակ ՀՀ երկրորդ և երրորդ նախագահներ Ռոբերտ Քոչարյանին և Սերժ Սարգսյանին մեղադրեց կաշառք վերցնելու համար: Ընդ որում, այդ ամենը, ըստ նրա պնդման, եղել է Ռոբերտ Քոչարյանի նախագահության օրոք:

«Գործարքը ձևակերպել եմ արաբների հետ, որ ինձ չխանգարեն: Ես վճարել եմ և՛ ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, և՛ վարչապետ Սերժ Սարգսյանին, և՛ Արմեն Գևորգյանին», – ասաց Համբարձումյանը։

Ըստ նրա հայտարարության` խոսքը հանքարդյունաբերական ընկերության 100% բաժնետոմսերը արաբական շեյխերից մեկին վաճառելու մասին է։ Գործարքի գումարը 40 մլն դոլար է կազմել։

Իրականությունը պարզելու համար Politik.am-ը գրավոր հարցում ուղարկեց ՊԵԿ՝ պարզելու համար՝ իրականում եղե՞լ է նման գործարք, և եթե եղել է, ապա որքա՞ն հարկ է վճարվել այդ գործարքից։ ՊԵԿ-ից մեր հարցման պատասխանում նշված է․«Ի պատասխան Ձեր հարցման` տեղեկացնում ենք, որ, համաձայն ՀՀ արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի էլեկտրոնային համակարգի տվյալների, ՀՀ քաղաքացի Սիլվա Համբարձումյանը 2004թ. մարտի 4-ից հանդիսացել է «Թի Էս Էս Սի Արմենիա» ՍՊ ընկերության հիմնադիրներից, իսկ 2008թ. մարտի 26-ին դադարեցրել է մասնակցությունը, արդյունքում՝ ընկերության բաժնեմասերի 100 % սեփականատեր է դարձել «ՌԱԿ միներալզ ընդ Մեթալզ ինվեսթմենթս ՖԶ» ՍՊԸ-ն՝ գրանցված Միացյալ Արաբական Էմիրություններում:

ՀՀ արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի էլեկտրոնային համակարգում՝ Սիլվա Համբարձումյանի կողմից բաժնեմասի օտարման պայմանագրի կամ դրա արժեքի վերաբերյալ տեղեկություններ արտացոլված չեն»,-ասվում է պատասխանում:

Ըստ այս պատասխանի՝ ստացվում է, որ այո իրականում Սիլվա Համբարձումյանը համահիմնադիր է եղել «Թի Էս Էս Սի Արմենիա» ՍՊ ընկերության և 2008 թվականին դադարեցրել է իր մասնակցությունը, որից հետո արաբական «ՌԱԿ միներալզ ընդ Մեթալզ ինվեսթմենթս ՖԶ» ՍՊԸ-ն դարձել է 100 տոկոս բաժնետեր։ Բայց նաև պատասխանում նշվում է, որ ՀՀ արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի էլեկտրոնային համակարգում Սիլվա Համբարձումյանի կողմից բաժնեմասի օտարման պայմանագիր առկա չէ, այսինքն՝ իրականում վաճառք տեղի չի ունեցել, կամ եղել է վաճառք, բայց այն իրականացվել է ոչ օրինական ճանապարհով և չի արտացոլվել պետական պատկան մարմիններում։

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: