Որ Պողոսը չլինի, Պետրոսը լինի, ժողովրդին չի թալանի, մարդիկ էլ լավ կապրեն

Nov 09, 2018 Comments Off on Որ Պողոսը չլինի, Պետրոսը լինի, ժողովրդին չի թալանի, մարդիկ էլ լավ կապրեն

«Առավոտ» թերթը գրում է․ «Երբ ասվում է, որ պետության համար առավել կարևոր է համակարգը, ոչ թե անձինք, դա հաճախ Հայաստանում բուռն հակազդեցության է հանդիպում. «Որ Պողոսը չլինի, Պետրոսը լինի, ժողովրդին չի թալանի, մարդիկ էլ լավ կապրեն»: Սակայն անձնական գործոնը, իմ կարծիքով, ազդում է երանգների, ոճի, բառամթերքի, բայց ոչ՝ էության վրա: Օրինակ՝ եթե իշխող կուսակցությունը կառուցված է այնպես, որ ոչ ոք իրավունք չունի հակաճառելու առաջին դեմքին, ապա ինչպիսի հրաշալի մարդ էլ լինի այդ առաջին դեմքը՝ պետության կառավարման համակարգը, միևնույն է, ունենալու է ավտորիտարիզմի տարրեր: Իսկ հիմա պատկերացրեք, որ ԱՄՆ հանրապետականները Դոնալդ Թրամփին ասում են՝ «հա, շեֆ ջան, ոնց ասես, շեֆ ջան, ինչ էլ որոշես, հանճարեղ է լինելու»: Դա անհնարին է՝ ոչ թե այն պատճառով, որ Թրամփը դա չի ուզում՝ ինձ թվում է, շատ էլ ուզում է, պարզապես Միացյալ Նահանգներում 250 տարվա ընթացքում ստեղծված համակարգն է դա բացառում: ԱՄՆ նախագահը ոչ կուսակցական, ոչ պետական մակարդակում չի կարող միանձնյա որոշում ընդունել: Ընդ որում, ինչպես տեսնում եք, դա տեղի է ունենում կառավարման հենց նախագահական համակարգի պարագայում: Նույնիսկ այն ժամանակ, երբ ԱՄՆ Կոնգրեսը վերահսկում էին Թրամփի կուսակիցները՝ հանրապետականները, ԱՄՆ նախագահը չէր կարողանում, օրինակ, չեղարկել Օբամայի առողջապահական բարեփոխումները, դժվարություններ ուներ Մեքսիկայի հետ սահմանին պատ կառուցելու, ինչպես նաև հարկերը կրճատելու իր ծրագրերն իրականացնելիս: Թրամփը դժգոհում էր, իհարկե, հանրապետականներից, որ նրանք բավականաչափ ջանասեր չէին իրեն աջակցելու հարցում, բայց կոնգրեսականներն ու սենատորներն այդ երկրում անկախ մարդիկ են՝ նախագահը չի կարող, ասենք, նրանց բիզնեսների վրա «հարկային ուղարկել»: Թրամփի ծրագրերի խոչընդոտներն ըստ ամենայնի ավելանալու են այս շաբաթ տեղի ունեցած ընտրություններից հետո, երբ Կոնգրեսում մեծամասնություն են նվաճել դեմոկրատները: Նրանք, շատ հավանական է, ոչ միայն կտապալեն նախագահի նախաձեռնությունները, այլև Կոնգրեսի միջոցով կսկսեն ավելի ակտիվորեն «բզբզել» 2016 թվականի նախագահական ընտրություններում Ռուսաստանի հնարավոր միջամտության հարցը: Ժողովրդավարական համակարգը սա է՝ այն ունի «հակակշիռների և զսպումների մեխանիզմ» դասական անվանումը: Մեր հեղափոխությունը կհաջողի, եթե մենք կարողանանք ստեղծել այդ մեխանիզմը: Իհարկե, դա ոչ վեց ամսվա, ոչ էլ անգամ վեց տարվա խնդիր է, բայց քաղաքական վերնախավը պետք է գոնե ունենա նման ձգտում: Պետական համակարգը չպիտի կախում ունենա որևէ մեկի բարի կամ չար կամքից»:

Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։

Գլխավոր Թողարկում, Մամուլ
Մեկնաբանությունները փակ են: