Ռոբերտ Քոչարյանի հարցով վճռաբեկ բողոքը կարող է անսպասելի ելք ունենալ

Nov 09, 2018 Comments Off on Ռոբերտ Քոչարյանի հարցով վճռաբեկ բողոքը կարող է անսպասելի ելք ունենալ

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Մարտի 1-ի գործի շրջանակներում 2008թ. սահմանադրական կարգը տապալելու մեջ մեղադրվող ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին կալանավորելու հարցով վճռաբեկ բողոքը կարող է անսպասելի ելք ունենալ: Եվ ահա, ՀՀ Վճռաբեկ դատարանում շուրջ երկու ամիս տեւած քննարկումներից հետո դատավորները կարծես թե գտել են իրավիճակից դուրս գալու մեկ տարբերակ, որն, ըստ նրանց, ամենահարմարն է: «Ժողովուրդ» թերթին հասած տեղեկությունների համաձայն` ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավորները կարծում են` ճիշտ կլինի Ռոբերտ Քոչարյանի մասով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի որոշումը բեկանել եւ այն ուղարկել կրկին ՀՀ քրեական վերաքննիչ դատարան նոր քննության: Բանն այն է, որ ուսումնասիրելով գործը` ՀՀ վճռաբեկ դատարանում արձանագրել են, որ ՀՀ քրեական վերաքննիչ դատարանի դատավորը Ռոբերտ Քոչարյանի կալանավորման հարցը քննելիս ընդամենը մեկ հանգամանք է հաշվի առել, իսկ մյուս հանգամանքների վրա ուշադրություն չի դարձրել: Մասնավորապես, քննիչը միջնորդություն ներկայացնելիս ասել է, որ, օրինակ, Ռոբերտ Քոչարյանը անձեռնմխելի չէ, նա կատարել է հանցավոր արարք, կարող է խոչընդոտել գործի քննությանը, խուսափել քննությունից: ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ալեքսանդր Ազարյանը գործը քննելիս ու որոշում կայացնելիս հենվել է հենց նախկին նախագահի անձեռնմխելի լինել-չլինելու դրույթի վրա: Իսկ ահա մյուս հանգամանքները, որ նա կարող է իր դիրքն ու հեղինակությունն օգտագործելով` խոչընդոտել քրեական գործի քննությանը կամ խուսափել քննությունից, դատավոր Ազարյանը քննության առարկա չի դարձրել: Այնպես որ, հիմա վճռաբեկ դատարանում ցանկանում են գործը կրկին քննության ուղարկել` պահանջելով ուշադրություն դարձնել նաեւ այդ հանգամանքների վրա: Իսկ իրականում սրանով ժամանակ է ձգվում»:

Գլխավոր Թողարկում, Մամուլ
Մեկնաբանությունները փակ են: