Նիկոլի ճիշտ քայլը

Nov 09, 2018 Comments Off on Նիկոլի ճիշտ քայլը

Կառավարությունը հավանություն է տվել ՀՀ նախագահի նստավայրը Մաշտոցի 47 հասցեից Բաղրամյան 26 տեղափոխելու մասին օրենսդրական նախաձեռնությանը: Իսկ վարչապետի նստավայրը Բաղրամյան 26-ից տեղափոխվում է Հանրապետության հրապարակ, կառավարության տուն համար 1:

Կառավարությունում քննարկվել են նաև մի շարք օրենքներում փոփոխություններ կատարելու մասին նախագծերի փաթեթները, որոնցով առաջարկվում է ընդլայնել ՀՀ նախագահի լիազորությունները: Խոսքը մասնավորապես քաղաքացիությունից հրաժարվելու և քաղաքացիություն շնորհելու դիմումներին, ինչպես նաև ներման խնդրագրերին ընթացք տալու և պատվավոր կոչումներ շնորհելու մասին է:

Այսպիսով՝ Փաշինյանը կատարում է Բաղրամյան 26-ը նախագահին վերադարձնելու և սուպերվարչապետության համակարգից հրաժարվելու դեռևս հեղափոխության օրերին հասարակությանը տված խոստումը: «Մենք չենք մոռացել՝ ինչն ենք քննադատել: Կարծում եմ, որ վարչապետը պետք է հրաժարվի Բաղրամյան 26-ի նստավայրից, ու այն ժամանակի ընթացքում կվերադարձնենք նախագահի աշխատակազմին: Կառավարություն եմ աշխատում, դա նաև հարմար է: Կարծում եմ՝ վարչապետը կունենա մեկ նստավայր»,- դեռևս հունիսին, երբ հաստատվում էր վարչապետի աշխատակազմի տեղակայման վայրը սահմանելու մասին նախագիծը, հայտարարել էր Նիկոլ Փաշինյանը: Այն ժամանակ սակայն նշվեց, որ արարողակարգային որոշ ընթացակարգեր կազմակերպելու նկատառումով Բաղրամյան 26-ը միառժամանակ կմնա որպես վարչապետի նստավայր:

Այժմ, սակայն, որոշումն արդեն վերջնական է, և առաջիկայում տեղի կունենա նստավայրի փոփոխությունը: Նախագահական ինստիտուտի կարևոր ատրիբուտներից և խորհրդանիշներից մեկը հենց նստավայրն էր՝ Բաղրամյան 26-ը, որին ժողովրդական լեզվով ընդունված է անվանել նախագահական: Պաշտոնավարման վերջին շրջանում երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը անսահման լիազորությունների հետ միասին վարչապետին փոխանցեց նաև նախագահական նստավայրի շենքը` վստահ լինելով, որ հենց ինքը դառնալու է Հայաստանի հզոր վարչապետը: Հեղափոխությունը, սակայն, խառնեց նախկինում գծված բոլոր պլանները:

Շենքից բացի՝ նախագահը նաև կարիք ուներ լիազորությունների, և այս մասին ևս ամենաշատը խոսել էր հենց ինքը` Նիկոլ Փաշինյանը: «Մասնավորապես ես կարծում եմ, որ այն պարագան, երբ նախագահի ինստիտուտից ըստ էության վերցվել են բոլոր հնարավոր գործառույթները և նրան վերապահել օֆիսային աշխատողի կարգավիճակ, դա ուղղակի խփում է Հայաստանի Հանրապետության պետության հեղինակությանը: Եվ այո, ես հանձնառու եմ, էլ ի՞նչ իմաստ կունենան փոփոխությունները, եթե մենք քննադատելով ինչ-որ երևույթներ՝ հասնենք իշխանության և ինքներս մեր հերթին սկսենք կիրառել այդ լծակները»,- Մայիսի 1-ին ԱԺ-ում հայտարարել էր վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը: Նա նաև ասել էր, որ պետք է ստեղծել համապատասխան մեխանիզմներ, որ նույնիսկ ցանկության դեպքում հնարավոր չլինի չափից ավելի լիազորություններ կենտրոնացնել վարչապետի ձեռքում, կամ թույլ տալ այլ պետական ինստիտուտներին ամոթի աստիճանի նվաստացնել` վերցնելով լիազորություններ:

Այիսինքն` Նիկոլ Փաշինյանը քաղաքական և բարոյական պարտավորություն ուներ վերադարձնել Բաղրամյան 26-ը և նախագահի որոշ լիազորություններ: Սա ընդամենը քաղաքական և պետական գիտակցության դրսևորում է, որից Փաշինյանը միայն շահում է:

 

Հայկ Դավթյան

 

Գլխավոր Թողարկում, Լուրեր, Վերլուծություն
Մեկնաբանությունները փակ են: