Թրամփի պաշտոնազրկման ուրվականն ու ռուսների հետ ստվերային գործարքները

Nov 09, 2018 Comments Off on Թրամփի պաշտոնազրկման ուրվականն ու ռուսների հետ ստվերային գործարքները

Հանրապետականները այլևս չեն վերահսկի ամերիկյան Կոնգրեսի զույգ պալատները: Երեքշաբթի օրը կայացած միջանկյալ ընտրությունների արդյունքում նախագահ Դոնալդ Թրամփի կուսակիցները պահպանեցին մեծամասնությունը Սենատում, սակայն առաջին անգամ 2010 թվականից ի վեր կորցրեցին այն Ներկայացուցիչների տանը:

Ամերիկացի վերլուծաբանների համոզմամբ՝ այդ հանգամանքը զգալիորեն կբարդացնի Թրամփի նախագահության առաջին ժամկետի ավարտը: The New York Times-ի տվյալներով` դեմոկրատները Ներկայացուցիչների տանը առնվազն 219 անդամ կունենան, հանրապետականները`193:

«Միացյալ Նահանգների համար նոր օր է բացվում», – դիմելով Վաշինգտոնում հավաքված իր կողմնակիցներին` հայտարարում էր Ներկայացուցիչների տան դեմոկրատական խմբակցության ղեկավար Նենսի Փելոսին:

«Խնդիրն այսօր ոչ թե դեմոկրատներն ու հանրապետականներն են, այլ Սահմանադրությամբ ամրագրված հակակշիռների և զսպումների համակարգի վերականգնումը», – հայտարարում էր Փելոսին, որն ըստ ամենայնի արդեն առաջիկա հունվարին Ներկայացուցիչների տան խոսնակ կընտրվի:

Դեմոկրատները Ներկայացուցիչների տանը ձեռք բերած մեծամասնության պայմաններում ի վիճակի կլինեն արգելափակել Թրամփի օրենսդրական նախաձեռնությունները, ինչպես նաև նոր լիցք հաղորդել Սպիտակ տան ղեկավարի վիճահարույց գործողությունների հետաքննություններին: Դեմոկրատները մասնավորաբար կարող են Թրամփին պատկանող ընկերությունների կողմից հարկերի չվճարման մասին շրջանառվող լուրերի հետաքննություն նախաձեռնել:

Ավելին, դեմոկրատական մեծամասնություն ունեցող Ներկայացուցիչների տան առկայության պարագայում տեսականորեն բավական իրական է Դոնալդ Թրամփի պաշտոնազրկման գործընթացի սկիզբը: Դա կարող է տեղի ունենալ այն դեպքում, եթե առաջիկա ամիսներին անհերքելի ապացույցներ ի հայտ գան, որոնք կվկայեն 2016թ. նախագահական ընտրություններից առաջ Թրամփի թիմակիցների և Ռուսաստանի իշխանությունների ազդեցիկ ներկայացուցիչների միջև ձեռք բերված ստվերային պայմանավորվածությունների մասին:

«Կարծում եմ, որ դեմոկրատների շրջանում բավարար քանակի ցասում է առկա: Նրանք համոզված են, որ Թրամփը կործանում է մեր ժողովրդավարությունը: Դա է պատճառը, որ նրանք կարող են կարգապահական հետաքննություններ սկսել», – նշում է պրոֆեսոր Ալան Լիխտմանը, որն այն եզակի ամերիկացի վերլուծաբաններից է, որ 2016 թվականին կարողացավ կանխատեսել Թրամփի հաղթանակը նախագահական ընտրություններում:

«Ազատության» Վաշինգտոնի թղթակից Մայք Էքելի համոզմամբ՝ Թրամփի շրջապատի և ռուսաստանյան իշխանությունների կապի բացահայտմանն ուղղված հետաքննության հարցում կրկին առանցքային դերակատարություն կարող է ստանձնել Կալիֆորնիայի 28-րդ ընտրատարածքում ավելի քան 70 տոկոս ստացած կոնգրեսական Ադամ Շիֆը:

Կոնգրեսում Լոս Անջելեսի հայաշատ շրջանները` նախևառաջ Գլենդեյլը ներկայացնող Շիֆը, որը գրեթե 50 հազար քվեի տարբերությամբ երեկ առավելության հասավ հայազգի հանրապետական Ջոնի Նալբանդյանի նկատմամբ, ըստ ամենայնի, կրկին ստանձնելու է Ներկայացուցիչների տան հետախուզության հարցերի հանձնաժողովի ղեկավարի պաշտոնը:

«Շիֆը շարունակելու է ճնշում գործադրել, որպեսզի [Թրամփի ռուսական կապերի վերաբերյալ] հետաքննությունը ակտիվանա, որպեսզի վկաների հարցաքննության և փաստաթղթերի գաղտնազերծման պաշտոնական հայտեր ներկայացվեն», – գրում է Էքելը:

Հարկ է նկատել, սակայն, որ Թրամփի իմփիչմենթի գործընթացի հաջող ավարտը, եթե անգամ այն մեկնարկի, քիչ հավանական է, քանի որ ԱՄՆ նախագահին վերջնականապես պաշտոնից հեռացնելու համար անհրաժեշտ է Սենատի անդամների առնվազն երկու երրորդի հավանությունը, ինչը առկա հանրապետական մեծամասնության պայմաններում գրեթե անհնարին է թվում, հաղորդում է «Ազատությունը»:

Ինքը նախագահ Թրամփը ընտրությունների արդյունքներից ակնհայտորեն գոհ է: «Երախտապարտ եմ բոլորին, սա հիանալի, հաջողված գիշեր էր», – Twitter-ի իր էջում գրել էր Սպիտակ տան ղեկավարը: Անցնող ողջ գիշերվա ընթացքում Թրամփը նաև պահպանողական հայացքներ ունեցող վերլուծաբանների հոդվածներից էր մեջբերումներ տեղադրում Twitter-ի իր էջում, որոնցում հիմնականում գովեստի խոսքեր էին ուղղվում հենց իրեն` ԱՄՆ նախագահին հաջող քարոզարշավ անցկացնելու համար: Իր հասցեին ուղղված գովասանքները Թրամփը ուղեկցում էր հավելմամբ` «Համամիտ եմ»:

Մետաքսյա Շալունց

Գլխավոր Թողարկում, Վերլուծություն
Մեկնաբանությունները փակ են: